2015-09-27 11:46:00

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կատարուեց Էկումենիկ աղօթք


Սեպտեմբերի 26-ին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցաւ Էկումենիկ աղօթքի արարողութիւն, որին մասնակցում էին Միւռոնօրհնէքի առիթով Մայր Աթոռ ժամանած Քրիստոնէական Եկեղեցիների եւ կազմակերպութիւնների 39 հոգեւոր պետեր ու ներկայացուցիչներ: Հանդիպումին ներկայ էր նաեւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ Տէր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս պատրիարքը։

Նորին Սրբութիւն Գարեգին Բ Հայրապետը եւ Նորին Ամենապատուութիւն Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Պապ եւ Պատրիարք Թէոդորոս Բ-ը «Հրաշափառ» շարականի երգեցողութեան ներքոյ հոգեւորականաց թափօրով մուտք գործեցին Մայր Տաճար, որտեղ` Աւագ Ս. Խորանի առջեւ, Քրիստոսի Ս. Եկեղեցու պայծառութեան եւ անսասանութեան համար տեղի ունեցաւ միասնական աղօթասացութիւն:

Մինչ Էկումենիկ աղօթքի սկիզբը, խօսք ասաց ԱՄՆ Արեւելեան հայոց թեմի միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից միջեկեղեցական հիւրերին ողջունելով համայն հայութեան հոգեւոր կենտրոնում` Վիգէն Սրբազանն ի մասնաւորի նշեց. «Մենք շրջապատուած ենք մեծ թուով պատուարժան հոգեւոր առաջնորդներով, ինչի արդիւնքում մեզ միայնակ չենք զգում: Դուք այստեղ էք մեր ուրախ եւ տխուր օրերին: Ինչպէս գիտէք, մենք հինգ ամիս առաջ ոգեկոչում էինք Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Հայ ժողովրդի համար այդ տխուր օրերին դուք այստեղ` մեզ հետ էիք, կիսում էիք մեր ցաւը, մեր տխրութիւնը, մեր պատմութեան եւ ժողովրդի դժուարին պահերը: Ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել ամէնքիդ, որ վերստին եկել էք կիսելու մեր ուրախութիւնը եւ այս շատ կարեւոր իրադարձութեան մասնակիցը դառնալու»:

Տէրունական աղօթքից յետոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընթերցուեց «Առ դրանն Սրբոյ Եկեղեցւոյ» աղօթքը: Ապա քարոզներ եւ աղօթքներ ասացին Հնդիկ Մալաբար Եկեղեցու ներկայացուցիչ Մումբայի Միտրոպոլիտ Նորին Ամենապատուութիւն Գեւարգհես Մար Կուրիլոսը եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելեան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լէոնարդոյ Սանդրին:

Հնդիկ Մալաբար Եկեղեցու ներկայացուցիչ Նորին Ամենապատուութիւն Միտրոպոլիտ Աբրահամ Մար Սերաֆիմի կողմից ընթերցուեց առաքելական թուղթը, որից յետոյ Ասորի Ուղղափառ եկեղեցու Բէյրութի Միտրոպոլիտ Նորին Սրբազնութիւն Մօր Կը լեմես Դանիէլ Խուռին ընթերցեց Մատթէոսի Աւետարանից քաղուած մի հատուած:

Աղօթքներ մատուցեցին նաեւ Մելքիթ Կաթոլիկ Եկեղեցու պետ, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Ամենապատուութիւն Գրեգորիոս Գ Լահհամը, Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Վերապատուելի Կարի Մակինենը (Ֆինլանդիայի Լիւթերական Եկեղեցի) եւ Նորին Ամենապատուութիւն Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Պապ եւ Պատրիարք Թէոդորոս Բ-ը:

Էկումենիկ աղօթքի արարողութիւնն ամփոփուեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ «Պահպանիչ» աղօթքով:  








All the contents on this site are copyrighted ©.