2015-09-08 11:58:00

Հայաստանի հոգևորականները մասնակցել են Ռենովապիսի 19-րդ միջազգային խորհրդաժողովին։


2015թ. սեպտեմբերի 2-4-ը Գերմանիայի Ֆրեյզինգ քաղաքում տեղի է ունեցել Կաթողիկէ Եկեղեցու Ռենովապիս բարեսիրական կազմակերպութեան 19-րդ միջազգային խորհրդաժողովը՝ «Արևելեան Եւրոպայի երիտասարդութիւնը. ապագայի հեռանկարները, երիտասարդութեան աշխարհահայեացքը՝ կեանքի և հաւատքի մասին» թեմայով:

Խորհրդաժողովին մասնակցել են Արևելեան Եւրոպայի  տարբեր երկրների եկեղեցական համայնքների ու հասարակական կառոյցների ներկայացուցիչներ, Հայաստանից՝ Գիւմրիի և Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը և Բանիկի հոգևոր վարիչ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը, «Հաւատ և լոյս» աղօթական համայնքի ղեկավար Անահիտ Մխոյանը: Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացրել է Գերշն. Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Ելոյթներ են ունեցել Դրեզդենի արքեպիսկոպոս դոկտոր Heiner Koch-ը, Կրակովի արքեպիսկոպոս կարդինալ Stanislaw Dziwisz-ը, Ֆրեյզինգի օժանդակ եպիսկոպոս Bernard Hablberger-ը, Կաունասի արքեպիսկոպոս Lionginas Virbalas-ը, ոլորտի աշխարհական մասնագէտներ, Ռենովաբիսի ներկայացուցիչներ:

Ելոյթներից զատ եղել են նաև խմբային քննարկումներ հետևեալ թեմաներով.

1.կրթութեան հասանելիութիւն բոլորի համար,

2.ինչպէ՞ս կարելի է հասնել այս նպատակին,

3.մասնագիտութիւն և ընտանիք,

4.ինչպէ՞ս կարելի է ակտիվացնել երիտասարդութեան ներգրաւուածությունը քաղաքացիական հասարակութեան մեջ,

5.ի՞նչ կարող են անել երիտասարդները աշխարհում համաձայնութիւն և հաշտութիւն տարածելու ուղղութեամբ, ինչպէ՞ս կարելի է հաւատքը և Եկեղեցին գրաւիչ դարձնել երիտասարդների համար և այլն:

Մասնակիցները հնարաւորութիւնն են ունեցել նաև միասին աղօթելու և մասնակցելու Սբ. Պատարագների, որոնք մատուցուել են Ֆրեյզինգի տաճարներում:

Ռենովապիսը Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքոյ գործող կազմակերպութիւն է՝ հիմնուած 1993թ., մայր գրասենեակը Գերմանիայում է: Ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում Արևելեան Եւրոպայի տարբեր կաթողիկէ համայնքների՝ եկեղեցաշինութեան, հոգևոր դաստիարակութեան, պատանեկան ճամբարների կազմակերպման և այլ ոլորտներում, որտեղ եկեղեցիները նիւթական խնդիրներ ունեն: Ռենովապիսը մեծ օգնութիւն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել նաև Հայաստանի կաթողիկէ համայնքներին: Ռենովապիսի տուեալներով, մինչ օրս 28 երկրներում աջակցել է 14.000-ից աւելի ծրագրերի իրականացմանը՝ կատարելով մօտ 400.000.000 դոլարի նուիրատուութիւն:

Աղբիւր` http://armenianchurchco.com/ 








All the contents on this site are copyrighted ©.