2015-09-05 10:02:00

Հայկական Քարիթասը նոր ծրագիր է սկսում Արտաշատ քաղաքում։


Հայ Կաթողիկէ Եկեղեցին ընդլայնում է իր սոցիալական առաքելութեան ծրագրերի աշխարհագրութիւնը։

Հայկական Քարիթասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի օրհնութեամբ և աջակցութեամբ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում մեկնարկելու է Հայկական Քարիթասի նոր ծրագիր՝ ուղղուած սոցիալապէս անապահով երեխաների սոցիալ-հոգեբանական աջակցութեանը: Ծրագրի իրականացման համար բացուել է գրասենեակ և կահաւորուել:

Մշակուել է ծրագիր, որն իր բնոյթով ու ռազմավարութեամբ նման է լինելու Գիւմրիում և այլ քաղաքներում իրականացուող «Փոքրիկ իշխան» ծրագրին: Ուսումնասիրուել է տեղի բնակչութեան սոցիալապէս առաւել խոցելի խումբը, ընտրուել են թիրախային մօտ 50 ընտանիքների երեխաներ, ովքեր 2015թ. օգոստոսի 26-ին հրաւիրուել են Քարիթասի նոր գրասենեակ, որտեղ նրանց համար կազմակերպուել է հիւրասիրութիւն: Երեխաները նաև նուեր են ստացել գրենական պիտոյքներ՝ նոր ուսումնական տարուայ մեկնարկի առիթով:

Ծրագիրը կսկսի լիարժէք գործել մօտ օրերս՝ ֆինանսաւորման խնդիրները լուծելուց յետոյ: Նախատեսւում է, միջոցների առկայութեան դէպքում, հետագայում ընդլայնել ծրագիրը և մեծացնել թիրախային ընտանիքների թիւը:








All the contents on this site are copyrighted ©.