2015-08-28 08:36:00

Սբ. Խորանի սպասաւորների համար «Աղաճանեան» ճամբարում եռօրեայ դասընթաց։


«…Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան: Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը…այլ մասնակից եղի՛ր Աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու…», Բ Տիմ., 1:6-9:

2015թ. օգոստոսի 24-26-ը Սբ. Խորանի սպասաւորների համար  «Աղաճանեան» ճամբարում կազմակերպուեց եռօրեայ հոգևոր դասընթաց և հանգիստ: Դասընթացին մասնակցեց 33 սպասաւոր Շիրակի մարզի և Ջաւախքի կաթողիկէ համայնքներից (Գիւմրի, Ազատան, Փանիկ, Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Ջաւախքի Բավրա):

Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը, Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկը, Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչեանը, Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսեանը երեք օրերի ընթացքում ոչ միայն դասեր էին անցկացնում էին սպասաւորների հետ, այլև նրանց համար հետաքրքիր ժամանց ու հանգիստ կազմակերպում, մատուցում Սբ. Պատարագ և խոստովանութիւն ընդունում:

Դասընթացի նպատակը պատանի սպասաւորների գիտելիքների զարգացումն էր՝ Սբ. Պատարագի խորհրդի և ծիսակատարութեան մասին, նրանց հոգևոր ներքին աճմանը նպաստելը, նրանց սրտերում հոգևոր ծառայութեան նկատմամբ խանդավառութիւն արթնացնելը, որպէսզի, Աստծոյ օգնութեամբ, ոմանք մի օր սկսեն մտածել նաև քահանայական ծառայութեան մասին: Քահանաները նրանց սովորեցնում էին ճշգրիտ և գեղեցիկ կատարել Սբ. Խորանի սպասաւորութիւնը, խնկարկել, կատարել աղօթքները, երգել շարականները, ճիշտ կեցուածք ունենալ ծիսակատարութեան ժամանակ՝ հասկանալով իւրաքանչիւր շարժման, աղօթքի և քայլի իմաստն ու կարևորութիւնը:

Հոգևորականները սպասաւորների հետ զրուցում էին Աստծուն ծառայելու մասին՝ բացատրելով սպասաւորութեան կարևորութիւնն ու պատիւը, զրուցում էին Քրիստոսի զինուոր լինելու առաքելութեան մասին, ընկերասիրութեան մասին, անձնազոհութեան մասին՝ յանուն Քրիստոսի և ընկերոջ, լաւ զաւակներ ու բարեպաշտ հաւատացեալներ, պարտաճանաչ քաղաքացիներ լինելու կարևորութեան մասին: Սպասաւորները մի ֆիլմ դիտեցին Մեքսիկայում 1920-ականներին «Քրիստոսի զինուորների» մղած պատերազմի ժամանակ Սբ. Խորանի մի նուիրեալ սպասաւորի ինքնազոհութեան մասին:

Դասընթացի երկրորդ օրը եղանակը բարեհաճ գտնուեց և կազմակերպիչներին հնարաւորութիւնն ընձեռեց սպասաւորների համար հանգիստ կազմակերպելու Սևանա լճի ափին՝ մի գեղեցիկ վայրում, որտեղ իրենց միշաբաթեայ հանգիստն էին անցկացնում «Հաւատ և լոյս» համայնքի սահմանափակ կարողութիւններով երեխաները: Սպասաւորները, լճում լողալուց բացի, նաև այդ երեխաների հետ շփուելու գեղեցիկ առիթ ունեցան: Հանգիստն ուղեկցւում էր Վարդարանի աղօթքով, հայրենասիրական երգերով, ուրախ խաղերով:

Դասընթացի վերջին օրը սպասաւորների համար մի փոքրիկ համերգային ծրագիր կազմակերպեցին Աղաճանեան ճամբարում հանգստացող «Վերածնունդ» միջազգային երաժշտական փառատօնի մասնակից երիտասարդները՝ երգերով, գործիքային կատարումներով և պարային համարներով:

 Հոգևորականները կարևորում են նման դասընթացների և հանգիստի կազմակերպումը սպասաւորների համար և յուսով են, միջոցների առկայութեան դէպքում, աւելի յաճախակի և երկար տևողութեամբ կազմակերպել դրանք: Այս դասընթացն այս տարի արդեն երկրորդն էր: Առաջինը կազմակերպուեց այս տարուայ յունիսին, դարձեալ «Աղաճանեան» ճամբարում:

Աղբիւր. http://armenianchurchco.com/ 








All the contents on this site are copyrighted ©.