2015-06-04 09:27:00

Գիւմրիի համայնքը սկսեց Տիրոջ Սուրբ Սրտի մէկամսեայ ջերմեռանդութիւնը


«Սիրել Աստծուն՝ նշանակում է փոխհատուցել թէ սեփական և թէ ուրիշների մեղքերի համար»:

Յունիս ամիսը Կաթողիկէ Եկեղեցում նուիրած է Յիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքին: Սա մի գեղեցիկ ջերմեռանդութիւն է, որը յիշեցնում է մարդկութեան հանդէպ Տիրոջ անհատնում սիրոյ և այդ սիրոյն փոխադարձ սիրով պատասխանելու անհրաժեշտութեան մասին:

Յունիսի 1-ին Գիւմրիի ժողովրդապետութիւնը սկսեց Յիսուս Սուրբ Սրտի ջերմեռանդութիւնը: Ամբողջ յունիս ամսին, ամեն օր, առաւօտեան Սբ. Պատարագից յետոյ կը կատարուի Սուրբ Սրտի ջերմեռանդութիւնը՝ Լիթանիայի, այլ գեղեցիկ երգերի ու աղօթքների ուղեկցութեամբ և, ամենակարևորը, Սբ. Հաղորդութեան առջև: Իսկ հինգշաբթի օրերը, ինչպէս ամեն ամիս, կատարւում է Սբ. Հաղորդութեան երկրպագութիւն՝ մօտ մէկ ժամ լուռ աղօթքով և շարականներով:

Գիւմրիի և Աշոցքի ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը, ով մշտապէս անխախտ կատարել է Սուրբ Սրտին նուիրուած ջերմեռանդական աղօթքներն ու Սբ. Հաղորդութեան երկրպագութիւնը, իր քարոզում ասաց.

«Յիսուսի սիրտը վառւում է մեր հանդէպ սիրով: Այս ամսուայ ընթացքում Տիրոջ սրտին ջերմեռանդ լինելով՝ ջանա՛նք մեր անտարբերութիւնն ու մեղքերը փոխհատուցել մեր սիրով: Տիրոջը պէտք է միայն սէ՛ր և ոչ մի ուրիշ բան: Սէ՛րն է փոխհատուցում բոլոր մեղքերի համար, որովհետև Աստուած Ինքը սէ՛ր է:

Ուրեմն, սիրել Աստծուն՝ նշանակում է փոխհատուցել թէ սեփական և թէ ուրիշների մեղքերի համար: Եթէ քիչ ենք սիրել Տիրոջը, փորձե՛նք աւելի շատ սիրել: Ամենակարևոր բանը քրիստոնէական կեանքում սէրն է»:

Հայր Պետրոսը պատմեց այս գեղեցիկ ջերմեռանդութեան մասին, որը միշտ շատ սիրուած է եղել Հայ Կաթողիկէ Եկեղեցում, հաւատացեալները մեծ սիրով կատարել են Արևմուտքում սկիզբ առած այս գեղեցիկ ջերմեռանդութիւնը, որը մէկն է այն անփոխարինելի հոգևոր գանձերից, որով ներքնապէս հարստանում է իւրաքանչիւր քրիստոնեայ՝ անկախ ազգութիւնից և մշակութային միջավայրից:

Սուրբ Սրտի ջերմեռանդութիւնը ձևաւորել է Արևմուտքում՝ 11-12-րդ դարերում հիմնականում, բենեդիկտյան և ֆրանցիսկյան միաբանների ջանքերով, Յիսուսի վէրքերի հանդէպ ջերմեռանդական պաշտամունքից: Յիսուսի Սուրբ Սիրտը վիրաւոր է՝ մարդկանց անտարբերութեան և ապերախտութեան պատճառով:

Յիսուսը բազմիցս երևացել է սրբակեաց միանձնուհիների և պատուիրելէ  նրանց իր Սուրբ Սրտին, իր անսահման սիրոյն նուիրուած լինել և տարածել այդ ջերմեռանդութիւնը: Ամենամեծ ազդեցութիւնը Եկեղեցու կեանքում թողել է 17-րդ դարում ապրած ֆրանսիացի միանձնուհի Սբ. Մարգարետ Մարի Ալաքոքը (Margaret Mary Alacoque (1647–1690)), ում Յիսուս երևացել է 1673-74թթ. (ինչը ընդունուել է Եկեղեցու կողմից, որպէս ճշմարտութիւն) և ասել, որ Իր սիրտը այնքա՛ն սիրում է մարդկութեանը, բայց փոխադարձ ստանում է  միայն անարգանք, անտարբերություն, մեղքեր: Յիսուսը պատուիրել է Մարգարետին և ամբողջ Եկեղեցուն իւրաքանչիւր ամսուայ առաջին ուրբաթ օրերին խոստովանել, հաղորդուել Իր Սուրբ Մարմնին ու Արեանը, ապաշխարութիւն անել իրենց և ուրիշների մեղքերի համար: Եթէ այդպէս անեն Յիսուսը վերջին վայրկեանին պիտի գայ և նրանց Երկինք պիտի տանի: Քահանաները, որոնք նուիրուած են Յիսուսի Սրտին, պէտք է կարողանան հոգիներ փրկել:

Յիսուսի բազում երևումների մասին փաստերը, աստուածաբանական քննութիւնները և ժողովրդի մեծ նուիրումը Սուրբ Սրտի ջերմեռանդութեանը հանգեցրեցին նրան, որ 1856թ. Պիոս 9-րդ Պապը քաջալերեց Յիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդութիւնը՝ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցում, իսկ Լևոն 13-րդ Պապը 1899թ. յունիսի 11-ին ամբողջ աշխարհը նուիրաբերեց Յիսուսի Սուրբ Սրտին, ինչպէս նաև հաստատեց յունիսը՝ որպէս Սուրբ Սրտի ջերմեռանդութեան ամիս:

Յունիսի 1-ը նաև մանուկների տօնն է.ջերմեռանդական աղօթքներից յետոյ Հ. Պետրոսը կատարեց նաև մանուկների օրհնութիւն և բոլոր ծնողներին պատուիրեց իրենց զաւակներին միշտ Եկեղեցի բերել, սովորեցնել նրանց սիրել Տիրոջը ամեն ինչից առաւել:








All the contents on this site are copyrighted ©.