2015-06-01 11:33:00

Փանիկի մանուկներն առաջին Սբ. Հաղորդութիւնն ընդունեցին թեմի առաջնորդի ձեռամբ


«Յիսու՛ս, սիրու՛մ ենք Քեզ ամբողջ սրտով, բովանդակ հոգով և ամբողջ էութեամբ…»

Փանիկ համայնքի երեխաների տօնը սկսուեց մայիսի 31-ին, երբ 17 երեխայ առաջին անգամ ընդունեց Սբ. Հաղորդութիւնը՝ ձեռամբ Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի, Սբ. Պատարագի ընթացքում, գեղեցիկ ու անմոռանալի արարողութեամբ: Եւ խորհրդանշական է, որ այս արարողութիւնը, Փանիկի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանի նախաձեռնութեամբ, կատարուեց Սբ. Երրորդութեան տօնին:

 Առաջին Սբ. Հաղորդութիւնը քրիստոնեայի կեանքում երկրորդ մեծագոյն տօնն ու իրադարձութիւնն է, Սբ. Մկրտութիւնից յետոյ: Մկրտութեամբ երեխան մտնում է Քրիստոսի Եկեղեցին, որդեգրւում Տիրոջը, դառնում Աստծոյ ընտանիքի անդամը՝ Քրիստոսի հետ մէկ լինելու նպատակով, որը փրկութեան միակ գրաւականն է: Իսկ Սբ. Հաղորդութիւնը այլ բան չէ, քան միութիւն՝ Յիսուսի հետ՝ Նրա Մարմնի և Արեան հետ ճշմարիտ միութեամբ, Նրան մեր մէջ ընդունելով և Նրա հետ միասին Հայր Աստծուն զոհաբերուելով: Յիսուս Ինքը հաստատեց Սբ. Հաղորդութեան խորհուրդը վերնատան մէջ, պատուիրեց միշտ կատարել և ասաց.

 

«…եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի…իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ». Յվհ. 6:54-58:

Տիրոջ հետ առաջին հանդիպմանը երեխաները խորանի առջև կանգնել էին սպիտակ գեղեցիկ հագուստներով ու վարդարաններով: Սրբազան Հայրն իր քարոզը վերածեց երեխաների հետ մի յիշարժան երկխօսութեան և բացատրեց նրանց տօնի խորհուրդը: Ահա՛ մի հատուած.

 

-Մէկ ամիս է՝ պատրաստւում էիք, որպէսզի իմանայիք, թէ Յիսուսն ինչպէս է գալու ձեր սիրտը: Շատ գեղեցիկ է այս պահը…Պահն է եկել՝ հանդիպելու սիրելի Անձի հետ…պատրաստ ե՞ք,-հարցրեց Սրբազան Հայրը երեխաներին:

-Այո, պատրա՛ստ ենք,-եղաւ պատասխանը:

Սրբազանը պատմեց, որ երբ ինքն էր մանուկ հասակում պատրաստւում ընդունելու իր առաջին Սբ. Հաղորդութիւնը, Յիսուսին ուղղուած խնդրանքների մի երկար ցուցակ էր պատրաստել՝ խնդրանքներ ծնողների համար, իր դասերի հաջողութիւնների համար և նման բաներ: Սրբազանը խորհուրդ տուեց երեխաներին, որ իրենք էլ նման խնդրանքներով այսօր դիմեն Տիրոջը, որովհետև այսօր Յիսուս կկատարի նրանց բոլոր խնդրանքները:

Բայց ո՞րն է ամենակարևորը:

-Ամենից առաջ, երբ Քրիստոս մտնի ձեր սրտերից ներս, պէտք է ունենայ լաւ պատրաստուած, սիրուն մի ապաստան, տուն, որ ձեր սիրտը դառնայ Քրիստոսի բնակարանը, և որքան որ Ինքն է ձեզ սիրում և գալիս է, նոյնքան և դուք պատրաստ պէտք է լինէք՝ Իրեն սիրելու,-ասաց Սրբազանը,-սիրում ե՞ք Քրիստոսին:

-Այո, շա՛տ:

– Ի՞նչն է փաստը, որ մենք սիրում ենք Քրիստոսին: Ինչպէ՞ս կարելի է բացատրել մեր սերը:

-Աղօթքո՛վ:

-Վկայութեա՛մբ, պէտք է վկայե՛լ Յիսուսի մասին մեր կենցաղով, մեր առօրեայ կեանքում, մեր եղբայրասիրութեամբ, նրանով, որ իրար չենք ատում, որովհետև ամէնքս էլ Քրիստոսի Մարմնին և Արեանն ենք հաղորդւում… Եթէ սիրում ենք Յիսուսին, ուրեմն, իր մարմինը պէտք է ընդունենք և Իր սիրոյն յիշատակի համար պէտք է Յիսուսին պահենք մեր մաքուր սրտում:

Միմեանց սիրելու պարտականութիւնը վերաբերում է իւրաքանչիւր քրիստոնեայի.

-Որքա՛ն ենք մենք մեր մէջ իրար հալածում, եղբայրներ, քոյրեր, ընտանիքներում՝ փոխանակ հաշտ ապրելու, սիրոյ մէջ ապրելու, Քրիստոսի վկայութիւնը տալու:

Ինչքան շատ արժեւորէք ջերմ կապը ձեր ծնողների հետ, այնքան կարժևորուի ձեր կապն Աստծոյ հետ, շեշտեց Սրբազանը և պատուիրեց մշտապէս մօտ մնալ Յիսուսին.

 

– Ուր էլ, որ լինէք, յիշէ՛ք, որ ձեր սրտում մի անկիւն կա, որ պատկանում է Աստծուն: Մի անկիւն պէտք է միշտ մնա մաքուր և կապի մէջ՝ Քրիստոսի հետ: Այդ ժամանակ մի՛ վախեցէք կեանքի դժուարութիւններից, ձեր թշնամիներից, որովհետև Քրիստոս, Սբ. Երրորդութիւնը ձեր մէջ է:

Սբ. Պատարագի ընթացքում երեխաներն, ըստ կարգի, երդուեցին հեռու մնալ սատանայից, խոստովանեցին իրենց հաւատքը՝ Սբ. Երրորդութեան հանդէպ, ընծաներ՝ ծաղիկներ, մոմեր, խունկ, ցորեն, խաղող, նուիրաբերեցին Տիրոջը՝ ի դէմս Ռաֆայէլ Սրբազանի, ապա բերեցին Աւետարանը:

Աղօթելիս միասին ասում էին.

«Յիսուսի խորանի առջև ներենք միմեանց յանցանքները, ինչպէս Երկնաւոր Հայրն է մեզ ներում…

Սիրելի՛ ծնողներ…մեր արած չարութիւնների, անհնազանդութիւնների…համար ներողութիւն ենք խնդրում ձեզնից և խոստանում այսուհետ լինել բարի և հնազանդ:

Ո՛վ սիրելի Յիսուս, խոնարհւում ենք Քո առաջ և երկրպագում ենք քեզ, որ ներկայ ես այստեղ՝ Սբ. Հաղորդութեան խորհրդի մէջ և դու Ինքս գալիս ես մեր սրտերի մեջ: Վստա՛հ ենք, որ Քեզ ընդունելով՝ միանում ենք մեր Փրկչին, դառնում տաճար և բնակարան Սուրբ Հոգու…Ո՛վ Յիսուս, սիրում ենք Քեզ ամբողջ սրտով, բովանդակ հոգով և ամբողջ էութեամբ…»:








All the contents on this site are copyrighted ©.