2015-05-25 10:46:00

«Դուք չէ՛, որ ընտրեցիք Քրիստոսին, այլ Քրիստո՛ս ընտրեց ձեզ». Մինասեան Սրբազանի քարոզը։


2015թ. մայիսի 24-ին Մխիթարեան մայրավանքի` Վենետիկի Սբ. Ղազար կղզիին մէջ, Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի ձեռնադրութեամբ քահանայական օծում ստացան այժմ արդեն վարդապետներ` Հայր Անտոն Գրիգորեանը և Հայր Գէորգ Սարգսեանը, Մխիթարեան միաբանութեան վանական եղբայրներ և ծնունդով ջավախահայեր։

Ձեռնադրութեան արարողութիւնը կատարուեցաւ Մխիթարեաններու յատուկ գեղեցիկ երգեցողութեամբ և ծիսական բաղկացուցիչներով, որոնց շարքին էր ծիրանափողի հնչիւնները՝ Սբ. Հաղորդութեան բաշխման ժամանակ: Ներկայ էին բարձրաստիճան հոգևորականներ եւ մեծաթիւ հիւրեր:

Ռաֆայէլ Սրբազանը նորօծ վարդապետներուն ուղղած խօսքին մէջ ըսաւ.

«Վստահ եմ, որ այս պահին ձեր սրտում խոր յուզմունք էք ապրում, որովհետև ի վերջոյ հասաք ձեր ընտրութեանը, բայց ուզում եմ յիշեցնել, որ դուք չէ՛, որ ընտրեցիք Քրիստոսին, այլ Քրիստո՛ս ընտրեց ձեզ, որովհետև ձեր մէջ տեսաւ այն ընտրեալներին, ում միջոցով կկարողանայ քարոզել և տարածել իր սուրբ Անունը…

Խնդրում ենք Աստուածամօր ներկայութիւնը ձեր ամեն մէկի կեանքում: Այս հնադարեան Եկեղեցու մէջ դուք ևս շարունակեցիք այն սուրբ հայրերին, ովքեր այս սուրբ յարկի տակ, այս սուրբ խորանի դիմաց աղօթեցին և տարածեցին անունը Սբ. Քրիստոսի: Այսօր ձե՛ր հերթն է՝ շարունակելու այս շառաւիղը ոչ միայն քարոզութեամբ, այլև՝ վկայութեամբ, կեանքով ու ապրումով: Ինչպէս ընտանիքում երեխաները տեսնում են, թէ ինչպէս են հայրը և մայրն իրար սիրում, և այդ սերը սկսում է աճել իրենց սրտում, դուք էլ ձեր առաքելութեան մէջ այնպիսի օրինակ պէտք է դառնաք, ինչպիսին Յիսուսն է…, որ ասաց իր աշակերտներին՝ այնպէս իրար սիրեցէք, ինչպէս ես ձեզ սիրեցի: Ի՞նչպէս սիրեց, եթէ ոչ իր կեանքը տալով… յուսախաբութիւններ շատ կունենաք, բայց երանի՛ նրան, որ իր յոյսն ամրապնդում է Քրիստոսի մէջ, վստահ եղէ՛ք, որ Քրիստոսով յաղթելու էք մի՛շտ»:








All the contents on this site are copyrighted ©.