2015-04-24 10:52:00

Վէրքը կ՛արիւնահոսի, որովհետեւ աշխարհի մէջ շատ է լռութիւնը, ՀՀ նախագահի ելոյթը


ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանութեան 100-­րդ տարելիցին նուիրուած ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսեան այսօր` Հայոց ցեղասպանութեան 100-­րդ տարելիցին օրը, Հայաստան ժամանած բազմաթիւ բարձրաստիճան պատուիրակութիւններու եւ պետութիւններու ղեկավարներուն հետ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, մասնակցեցաւ Ցեղասպանութեան 100-­րդ տարելիցի յիշատակի արարողութեան:

Նախագահ Սերժ Սարգսեան հանդէս եկաւ ելոյթով: Ինչպէս կը տեղեկացնեն ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութենէն, նախագահը իր ուղերձեին մէջ նշած է.

Մեծարգո՛յ Նախագահներ,

Պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների յարգարժա՛ն ներկայացուցիչներ,

Վեհափա՛ռ Տէր,

Գերաշնորհ սրբազան հայրեր,

Յարգարժա՛ն հիւրեր,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Հարիւր տարի առաջ այս օրը` Ապրիլի 24-­ին Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք Կոստանդնուպոլսում եւ կայսրութեան այլ քաղաքներում հայ մտաւորականների զանգուածային ձերբակալութիւններով սկսուեց լայնօրէն իրականացուել 20­-րդ դարի մեծագոյն յանցագործութիւններից մէկը: Դրան նախորդել էին հայ զինուորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարուեց 1915 թուականին եւ շարունակուեց յաջորդ տարիներին, աննախադէպ էր իր ծաւալներով եւ հետեւանքներով:

Հայ ժողովրդի արեւմտեան հատուածը, որ հազարամեակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանուեց եւ բնաջնջուեց համաձայն պետականօրէն մշակուած ծրագրի` բանակի, ոստիկանութեան, այլ պետական կառոյցների եւ յատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակուած յանցագործներից կազմուած հրոսակախմբերի անմիջական մասնակցութեամբ:

Մարդկային լեզուն անզօր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մէկուկէս միլիոն մարդ սպանուեց` յաւէրժական լռութեան մէջ թաքցնելով մարդկային ցեղի աներեւակայելի վայրագութիւնները: Մի մասն էլ վերապրեց` սեփական կեանքի օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմութեան պատգամը:

Երէկ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանութեան նահատակներին. նրանք այլեւս զոհեր չեն, այլ իրենց հեղուած արեամբ մահուան եւ չարիքի հանդէպ յաղթանակ տարած սրբէր եւ արդարութեան կոչ անող երկնային զինուորներ:

Յարգելի՛ ներկաներ,

Ցաւօք, Ապրիլ ամիսն իր սեւ հետքը թողեց ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկութեան պատմութեան մէջ: Այդ ամիսն է համարւում նաեւ Հոլոքոստի, Ռուանդայում եւ Կամբոջայում իրագործուած ցեղասպանութիւնների սկիզբը: Եւ այսօր, նոյն ապրիլ ամսին, մենք Ծիծեռնակաբերդում ենք` Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրում` բարձրաձայնելու. «թո՛ղ այսուհետ աշխարհի որեւէ ծայրում յուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի` յիշատակելու պատմութեան նոր ամօթալի էջեր, թո՛ղ նոր «ծիծեռնակաբերդերէ, «յադ վաշեմներէ, «մահուան հովիտներէ եւ «գիզոզիներ» չլինեն»:

Եւ այս պահի ուղերձը, բարձրանալով երկինք եւ միախառնուելով օրերս Սուրբ Աթոռում մատուցուած խորախորհուրդ պատարագի ելեւէջներին, աշխարհի բոլոր կողմերում սփռուած քոյր եկեղեցիների միասնական ղօղանջներին, թո՛ղ ցրի հարիւրամեայ ժխտողականութեան խաւարն ու վերջ դնի նոյնիսկ մեր օրերում` 21­րդ դարում, ցեղասպանութեան սարսափներն ապրող մարդկանց տանջանքներին: Սա՛ է մեզ հասած պատգամը, որ մենք պարտաւոր ենք փոխանցել յաջորդ սերունդներին:

Յիշողութեան եւ պատասխանատուութեան վրայ խարսխուած մեր քաղաքականութեան նպատակը մարդկութեան դէմ յետագայ յանցագործութիւնների կանխարգելման արդիւնաւէտ մեխանիզմների ձեւաւորումն է: Եւ ինչպէս իրաւացիօրէն նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. «չարիքի քօղարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ թոյլ տանք վէրքն առանց վիրակապելու շարունակի արիւնահոսելէ: Վէրքն արիւնահոսում է, որովհետեւ աշխարհում շատ են չէզոքութիւնը, լռութիւնը, ժխտողականութիւնը եւ պակաս` մարդկայնութիւնը:

Բայց չէ՞ որ դարեր շարունակ հէնց մարդասիրութիւնն ու մարդկայնութիւնն են եղել մարդու իրաւունքների միջազգային կառուցակարգերի ձեւաւորման շարժիչ ուժը: Հէնց բարոյական մղումներով եւ համամարդկային արժէքներով տոգորուած Անրի Դիւնանը հիմք դրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ստեղծմանը: Հէնց բարոյական արժէքներով եւ Հայոց ցեղասպանութեան սարսափազդու իրողութիւնից դրդուած Ռաֆայէլ Լեմկինը ստեղծեց «ցեղասպանութիւնէ եզրոյթը, որը, ցաւօք, յետագայում բազմիցս պիտի կիրառուէր: Ուշագրաւ է, որ երբ Լեմկինին հարցնում էին, թէ ինչ է ցեղասպանութիւնը, նա պատասխանում էր` դա այն է, ինչ պատահեց հայերի հետ:

Այո՛, այսօր էլ քիչ չեն համամարդկային արժէքների ժխտման եւ պատմութեան խեղաթիւրման դէպքերը, որոնք նպաստում են նմանատիպ յանցագործութիւնների կրկնութեանը. Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին բոլորս ենք ականատես:

Մենք պարտաւոր ենք լուծումներ գտնել նախքան մարդկութիւնը մէկ անգամ եւս կը դաւաճանի իր տուած «այլեւս երբեքէ խոստմանը: Հայոց ցեղասպանութեան 100­րդ տարելիցը կարծես թէ դարձաւ նման յանցագործութիւնների դէմ միջազգային պայքարի մի նոր հանգրուան. միայն վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներ եւ միջազգային կ’առոյցնէր ճանաչեցին 20-­րդ դարի առաջին ցեղասպանութիւնը, որոշները վերահաստատեցին այն, որոշ երկրներ էլ` քրէականացրին այն մերժելու, ժխտելու փորձերը մէկ համոզմունքով` դա է համաշխարհային պատմութեան մութ էջերը լուսաւորելու եւ նման էջեր այլեւս չգրելու միակ ուղին:

Յարգարժա՛ն հիւրեր,

Տեղահանութեան եւ աքսորի տառապանքներից յետոյ Սիրիայի Դեր Զօրի անապատում վախճանուեցին հարիւր հազարաւոր հայեր: Դեր Զօրում յուշարձան ու եկեղեցի էր կառուցուած, որտեղ ամփոփուած էին մեր նահատակների մասունքները: Մի քանի տարի առաջ այդ եկեղեցու բակում ես արտասանել եմ հետեւեալ խօսքերը. «մենք ծրագրում ենք ապրել ու շատանալ: Մեզ այլեւս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետեւ մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու եւ արարելու ենք կրկնապատիկ ուժով` եւ՛ մեր, եւ՛ մեր անմեղ զոհերի փոխարէն: Մենք նայում ենք առաջ, որովհետեւ դեռ շատ բան ունենք ասելու եւ տալու միմեանց, շատ բան ունենք ասելու եւ տալու աշխարհին»: Տէր Զօրի եկեղեցու բակում, երբ հնչում էին այս բառերը, ես այսօրուայ պէս նայում էի առաջ: Անցեալ տարի այդ նոյն եկեղեցին յուշարձանի հետ միասին ուղղակի պայթեցուեց: Մեր զոհերի մասունքներն ու ոսկորներն անգամ մինչեւ այսօր ոմանց հանգիստ չեն տալիս:

Սա՛ է այսօրուայ իրականութիւնը: Նաեւ այստե՛ղ է խնդրի արդիականութիւնը:

Մարդկութեան յիշողութիւնը պատմութեան իւրայատուկ մաղն է, ուստի համամարդկային պատմութիւնն առանձնայատուկ երախտագիտութեամբ է մշտապէս յիշում եւ յիշատակում այն բոլոր մարդկանց, երկրներին եւ միջազգային կազմակերպութիւններին, որոնք, օգնութեան հասնելով ամենածանր պահին, փրկեցին ոչ թէ միլիոնաւոր մարդկանց ֆիզիկական գոյութիւնը միայն, այլեւ մարդկութեան հանդէպ մարդու սպանուած հաւատը:

Այսօր էլ Հայոց ցեղասպանութիւնը մերժող դաժան, բայց նահանջող մեքենային ողջ աշխարհում դիմակայում են խիղճն ու ազնուութիւնը: Հէնց խիղճն ու ազնուութիւնն են մերժողականութեան հականիշը: Ցեղասպանութեան ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին ու նրա զոհերին: Ցեղասպանութեան ճանաչումը մարդկային խղճի եւ արդարութեան յաղթանակն է անհանդուրժողականութեան ու ատելութեան հանդէպ:

Ուստի համայն հայութեան անունից շնորհակալ եմ Ձեզ, նախագա՛հ Անասթասիատես, նախագա՛հ Նիքոլիչ, նախագա՛ Օլանտ, նախագա՛հ Փութին, շնորհակալ եմ միջազգային ողջ հանրութեանը` ի դէմս այստեղ ներկայացուած պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, բոլոր նրանց, ովքեր կ’ուզենային մեր կողքին լինել: Մենք շնորհակալ ենք աշխարհի երկրների քաղաքացիական հասարակութիւններին եւ միջազգային մամուլի ներկայացուցիչներին, որոնք բարձրաձայնել ու բարձրաձայնում են Հայոց ցեղասպանութեան ճանաչման կարեւորութիւնը: Շնորհակալ ենք այս տարի աշխարհով մէկ անցնող միջոցառումների ընթացքում հայ ժողովրդի կողքին կանգնած` բարի կամքի տէր բոլոր մարդկանց: Շնորհակալ ենք այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հաւաքուածներին. նրանք ուժեղ մարդիկ են եւ ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար:

Հայ ժողովուրդը այսուհետ եւս մշտապէս կանգնելու է նրանց կողքին, ովքեր տառապել են մարդկութեան դէմ գործած յանցագործութիւններից: Ցեղասպանութիւնների դէմ միջազգային անզիջում պայքարը մեր արտաքին քաղաքականութեան անբաժանելի մասն է լինելու:

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այստեղ էք` վերահաստատելու ձեր յանձնառութիւնը համամարդկային արժէքներին, ասելու, որ ոչինչ չի մոռացուել, ասելու, որ հարիւր տարի յետոյ էլ յիշում ենք եւ պահանջում:

 








All the contents on this site are copyrighted ©.