2015-03-05 13:56:00

Սբ. Գրիգոր Նարեկացին «Եկեղեցու վարդապետ». Հայ Կաթողիկէ Եկեղեցու ջանքերի պտուղը։


Ինչպէս յայտնում է Radio Vatican-ը, Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը անցեալ փետրուարի 21-ին, Սրբերի գործերով հաստատութեան ղեկավար` կարդինալ Անճելօ Ամաթոյի հետ հանդիպման ժամանակ վաւերացրել է հաստատութեան համագումարի որոշումը՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն հռչակել Կաթողիկէ կամ, որ նոյնն է, Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ (Doctor Ecclesiae): Առ այժմ յայտնի չէ, թէ երբ կլինի պաշտօնական եւ հանդիսաւոր հռչակումը, բայց անկասկած դա լինելու է պատմական մեծ իրադարձութիւն՝ ի յարգանս Հայ Եկեղեցու եւ ի գնահատումն հայազգի մեծ խորհրդաբան աստուածաբան սրբի վիթխարի հոգեւոր ժառանգութեան եւ ազդեցութեան ոչ միայն Հայ Եկեղեցու, այլեւ Ընդհանրական Եկեղեցու կեանքում: Չի բացառւում, որ պաշտօնական հռչակումը կապուած լինի 2015թ.ապրիլի 12-ին Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանութեան զոհերի համար Սբ. Պատարագի մատուցման պատմական իրադարձութեան հետ:

10-րդ դարում ապրած այս հայ սրբի ստեղծագործութիւնները ծանօթ են ամբողջ աշխարհում.«Մատեան ողբերգութեան» ստեղծագործութիւնը թարգմանուել է 30 լեզուներով: Ինքը՝ Նարեկացին, իր այդ գիրքը համարել է աղօթագիրք բոլոր ազգերի համար: Նրա լայնախոհ, Քրիստոսի ճշմարիտ աշակերտին պատշաճ մտածողութիւնը եւ հաւատքի ապրումը յիրաւի կաթողիկէ էր՝ միշտ հաւատարիմ Ընդհանրական Եկեղեցու ուղղադաւան վարդապետութեանը, առանց հատուածականութեան կամ անջատողականութեան հակումների, ինչպէս իր հայրը՝ նշանաւոր Խոսրով Անձևացին եւ շատ այլ հայ սուրբ վարդապետներ եւ անուանի հայրապետներ: Նարեկացու ընդհանրական վաստակի մասին Սրբազան Քահանայապետը կխօսի նրան պաշտօնապէս «Եկեղեցու վարդապետ» տիտղոսը շնորհելու ժամանակ:

Պէտք է ընդգծել, որ Սբ. Գրիգոր Նարեկացուն այդ կարեւոր տիտղոսը շնորհելու գործում մեծ ներդրում ունի Հայ Կաթողիկէ Եկեղեցու նուիրապետութիւնը՝ ի դէմս Հոգեւոր Տիրոջ՝ Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Պատրիարքի եւ հայ կաթողիկէ եպիսկոպոսների Սիւնհոդոսի, ովքեր այս ուղղութեամբ աշխատել են բաւական երկար ժամանակ՝ 10 տարուց աւելի, թէեւ այս մասին ամենեւին չի թմբկահարուել:

Հայ Կաթողիկէ Եկեղեցու ջանքերով Հռոմում եւ Լիբանանում գումարուել են գիտաժողովներ, որտեղ ներկայացուել է Նարեկացու հոգեւոր մեծ աւանդը եւ դերը Կաթողիկէ Եկեղեցում, իսկ անցեալ տարի Ամենապատիւ Հոգեւոր Տէրը յատուկ նամակով դիմել է Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն այդ տիտղոսը շնորհելու խնդրանքով, քանի որ իր իսկ նախաձեռնութեամբ սրբի գործը արդեն տարիներ շարունակ ուսումնասիրւում է Սրբերի գործերի հաստատութեան եպիսկոպոսների կողմից: Ի դէպ, 2015թ. ապրիլի 12-ին Հռոմում Սբ. Պատարագի մատուցումը եւս Ամենապատիւ Հոգեւոր Տիրոջ նախաձեռնութեան ու աշխատանքի պտուղն է եւ, իհարկէ, Սրբազան Քահանայապետի բարի կամքին համապատասխան:

«Եկեղեցու վարդապետ» տիտղոս շնորհելը Կաթողիկէ Եկեղեցում բաւական բարդ եւ ժամանակատար գործընթաց է, որը չի կարող լինել մէկ-երկու ամսուայ որոշում: Հարկ է հետեւողական աշխատանքով եւ համոզիչ փաստարկներով Սրբերի գործերի հաստատութեան անդամ եպիսկոպոսների համար անվիճելի դարձնել որևէ անձի մեծ հոգևոր վաստակը ամբողջ Կաթողիկէ Եկեղեցու կեանքում՝ հիմնաւորելով պատմական փաստերով, հոգեւոր ժառանգութեան պատշաճ մատուցմամբ, քարոզութեամբ, ջատագովութեամբ: Այս ամէնն, իհարկէ, առանց Սուրբ Հոգու օժանդակութեան եւ տքնաջան աշխատանքի անել հնարաւոր չէ:

«Doctor Ecclesiae» տիտղոսը շնորհելու համար Կաթողիկէ Եկեղեցին պահանջում է երեք հիմնական նախադրեալ՝ eminens doctrina՝ գերազանց ուսմունք, insignis vitae sanctitas՝ արտասովոր սրբակեցութիւն, Ecclesiae declaratio՝ հռչակում Եկեղեցու կողմից:

Սրբերի գործերի հաստատութիւնը նախ մանրակրկիտ ուսումնասիրում է իրեն առաջարկուած անձի հոգեւոր վաստակը, գնահատում նրա հոգեւոր ժառանգութեան արժէքը Եկեղեցու աստուածաբանութեան, խորհրդաբանութեան զարգացման համատեքստում եւ ապա, որոշում կայացնում այդ տիտղոսին համապատասխան լինելու մասին ու իր որոշումը ներկայացնում Սրբազան Քահանայապետի վաւերացմանը: Քահանայապետը իր հերթին ուսումնասիրում է հաստատութեան որոշման հիմքերը եւ վաւերացնում կամ մերժում այն:

Կաթողիկէ Եկեղեցու կողմից այդ տիտղոսին արժանացած անձինք շատ տարբեր են իրենց կեանքով, դիրքով եւ մտածողութեամբ, բայց բոլորն էլ հաւատարիմ են կաթողիկէ ուղղադաւանութեանը: Ի տարբերութիւն Կաթողիկէ Եկեղեցում պաշտօնապէս հռչակուած սրբերի մեծ թուի (800-ից աւելի), «Եկեղեցու վարդապետ» տիտղոսը շնորհուել է ընդամէնը 36-ին:

Նրանցից են Սբ. Օգոստինոսը, Սբ. Հիերոնիմոսը, Սբ. Ամբրոսիոս Միլանացին, Սբ. Յովհան Ոսկեբերանը, Սբ. Բարսեղ Կեսարացին, Սբ. Աթանաս Աղեքսանդրացին, Սբ. Թովմաս Աքուինացին, Սբ. Պոնաւենտուրան եւ այլ աստուածաբաններ, խորհրդաբաներ (միստիկներ): 31-ը այդ տիտղոսին են արժանացել մինչեւ 20-րդ դարը եւ բոլորը արական սեռի ներկայացուցիչներ: 20-րդ դարում Եկեղեցու վարդապետների շարքը դասուեցին իգական սեռի 4 երեւելի աստուածաբան միանձնուհիներ՝ Սբ. Թէրեզա Աւիլացին (1515-1582թթ.), Սբ. Քաթրին Սիենացին (1347-1380թթ.), Սբ. Թէրեզան Լիզիոյից (1873-1897թթ.) եւ Սբ. Հիլդեգարդ Բինգենցին (1098-1179թթ.) որ հռչակուել է 2012թ.:

Քաղուած` Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ առաջնորդարանի կայքէն http://armenianchurchco.com/








All the contents on this site are copyrighted ©.