2014-12-05 09:16:23

«Հաշմանդամութիւնը ողբերգութիւն չէ, եթէ հաշմանդամը զարգանալու հնարաւորութիւններ ունի»


Դեկտեմբերի 3-ը սահմանափակ կարողութիւններով անձանց միջազգային օրն է՝ հաստատուած ՄԱԿ-ի կողմից՝ 1992թ.: Ամեն տարի այդ օրը առիթ է խօսելու հաշմանդամների բազմատեսակ խնդիրների, ձեռքբերումների մասին, կազմակերպելու մշակութային միջոցառումներ՝ հաշմանդամների մասնակցութեամբ: Այս տարի Գիւմրիում գործող հաշմանդամների խնդիրներով զբաղուող հասարակական կազմակերպութիւնները հաշմանդամների միջազգային օրը յիշարժան դարձրեցին միասնական նոր նախաձեռնութեամբ՝ ստորագրելով մի յուշագիր՝ հաշմանդամների խնդիրներով զբաղուող կազմակերպութիւններու ցանց ստեղծելու մասին: Ի՞նչ է դա ենթադրում: Ըստ նախաձեռնողների, այդ ցանցի առաքելութիւնը Գիւմրիում բնակուող հաշմանդամների խնդիրների լուծմանը նպաստելն է միասնական ջանքերով, միմեանց հետ համագործակցելով, հաշմանդամների խնդիրների մասին մատչելի տեղեկատուութիւն ապահովելով, տարաբնոյթ միջոցառումներ կազմակերպելով, հաշմանդամների շահերի պաշտպանութեամբ, նրանց խնդիրների մասին բարձրաձայնելով և դրանց կոնկրետ լուծումներ տալով, ակտիվօրեն մասնակցելով հաշմանդամների խնդիրների լուծմանն առնչուող քաղաքականութեանը, իրականացմանն ու վերահսկմանը: Ցանցի հիմնադիրներն են Հայկական Կարիտաս ԲՀԿ, «Փյունիկ» ՀԿ, «Վորլդ Վիժն» Գյումրի ՏԶԾ, «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ, «Ագաթ» յատուկ կարիքներով կանանց կենտրոն» ՀԿ, «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»-ը, Գյումրու հաշմանդամների միութիւնը:
Այս կազմակերպութիւնների ներկայացուցիչները խօսեցին Գյումրիում ապրող հաշմանդամների խնդիրների մասին, որոնք ընդհանուր են բոլոր այն քաղաքներում և հասարակութիւններում, որտեղ հաշմանդամները լիարժէք ուշադրութեան կենտրոնում չեն և նրանց իրաւունքները հիմնականում ոտնահարուած են: Աշխատանքի բացակայութիւն՝ յաճախ գործատուների խտրական մօտեցման հետևանքով, լիարժէք կրթութիւն ստանալու սահմանափակ հնարաւորութիւններ՝ ուսումնական հաստատութիւններում յարմարութիւնների և յատուկ մասնագէտների բացակայութեան պատճառով, տեղափոխման դժուարութիւններ և այլ բազում խնդիրներ, որոնք բարդացնում են հաշմանդամների առանց այդ էլ ծանրաբեռնուած ու խնդիրներով լի հոգեկան աշխարհը, նրանց ինտեգրումը հասարակական կյանգում և զարգացումն ու կայացումը՝ որպէս լիարժէք անհատներ: Այդ խնդիրները աշխատում են լուծել հասարակական կազմակերպութիւնները, ամեն մեկն իր կարողութեամբ ու ծրագրերի շրջանակներում: Այդ աշխատանքների արդիւնքն էր՝ յուշագրի ստորագրման արարողութիւնից յետոյ տարբեր կազմակերպութիւնների շահառու երեխաների ելոյթները երաժշտական համարներով, բանաստեղծութիւններով, որոնք շատ յուզիչ էին ու տպաւորիչ: Իսկ վերջում տարբեր տարիքի հաշմանդամների մասնակցութեամբ բեմականացուլեց մի թատերական ներկայացում՝ Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Նառա Սանթոյանի բեմադրութեամբ: Հաշմանդամների այդ թատերական խումբը ձևաւորել է Նառա Սանթոյանի նախաձեռնութեամբ և ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ: Ներկայացման ընթացքում հաշմանդամները խօսում էին իրենց խնդիրների մասին՝ գեղեցիկ թատերական նիւթով և արտիստիկ մատուցմամբ:
Հայկական Կարիտասը ներկայացնում էին «Արեգակ» բազմակի հաշմանդամութեամբ երեխաների ցերեկային հոգածութեան կենտրոնի սաները: Ստորև կարող էք դիտել մասնակիցների ելոյթները.







All the contents on this site are copyrighted ©.