2014-11-19 12:36:19

Աշխարհում տեղահանուածների ու փախստականների թիւը հասել է 50 մլն-ի


Կաթողիկէ Եկեղեցու Aid to the Church in Need, որը թարգմանւում է «Օգնություն՝ կարիքի մեջ գտնուող Եկեղեցուն», բարեգործական կազմակերպութիւնը հրապարակել է 2014թ. իր տարեկան զեկոյցը աշխարհում կրօնական ազատութեան վիճակի մասին: Ըստ այդ վերլուծութեան, որը կատարվել է հիմնուելով լրագրողների և գիտաշխատողների ուսումնասիրութիւնների վրայ, փաստուել է, որ ուսումնասիրուած 196 երկրների մեծամասնութեան դէպքում կրօնական ազատութիւնները 2014թ. ընթացքում աւելի են սահմանափակուել: 20 երկրներում յատկապէս խիստ հալածանքներ են կիրառուել ծայրայեղական մահմեդականների կողմից քրիստոնեաների և այլ կրօնների հետևորդների նկատմամբ՝ օրինակ՝ Իրանում, Իրաքում, Լիբիայում, Նիգերիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում: Ի դէպ, օրեր առաջ Պակիստանում մոլեռանդ ծայրայեղական ամբոխը կենդանի այրել է քրիստոնեայ մի ցոյցի՝ մեղադրելով նրանց Ղուրանը այրելու մէջ.մեղադրանքն, ըստ եկեղեցական աղբիւրների, կեղծ է եղել: Ընդ որում սպաննուած կինը, որը չորս երեխաների մայր էր, յղի է եղել հինգերորդ երեխայով: Քրիստոնեաները, ըստ զեկոյցի, ամենաշատ հալածուող կրօնական զանգուածն է աշխարհում, թէև մահմեդականները ևս յաճախ զոհ են դառնում ծայրայեղականութեանն ու ավտորիտար ռեժիմի քաղաքականութեանը: Հնուց հաստատուած կրօնական համայնքների նկատմամբ հալածանքներն ու նորաստեղծ միաձոյլ դաւանանքով ինքնահռչակ պետութիւնների կոշտ քաղաքականութիւնը հանգեցրել են բնակչութեան լայն զանգուածների տեղաշարժի և գաղթականութեան մեծ ճգնաժամի: Որպէս հետևանք, Եվրոպայի երկրներում աւելի բազմազան է դառնում կրօնական պատկանելութեան պատկերը, որը ծնում է նոր լարուածութիւններ, ինչպէս Մերձաւոր Արևելքում: Միայն Սիրայում 2011-2014թթ. Հակամարտութեան հետևանքով քրիստոնեաների թիւը պակասել է աւելի քան 500.000-ով: Այս տարվա հունիսին ՄԱԿ-ը հայտարարեց, որ առաջին անգամ 2-րդ համաշխարհային պատերազմից յետոյ աշխարհում տեղահանուածների ու փախստականների թիւը հասել է 50 մլն-ի: Աշխարհում, յատկապէս համացանցի միջոցով, լայն տարածում է ստանում կրօնական ծայրայեղականութիւնը, ատելութիւնը, աճում է այսպէս կոչուած «ջիհադի սերունդը»: Կաթողիկէ Եկեղեցին մշա տպես իր դիրքորոշումն է արտայայտում այս երևոյթների նկատմամբ միջազգային ատեաններում, կոչ անում պետութիւններին ոչ թէ լարել իրավիճակը զէնք վաճառելով ու կողմնապահ քաղաքականութեամբ, կամ ռմբակոծութիւններով, այլ՝ երկխօսութիւն սկսել՝ իրական խաղաղութիւն հաստատելու համար: Զեկոյցին կարող էք ծանօթանալ :
Աղօթէ՛նք հաւատքի համար նահատակուած մեր բոլոր եղբայրների և քոյրերի հոգիների հանգստութեան համար, բոլոր նրանց համար, ովքեր ամեն օր վտանգում են իրենց կեանքն ու ապագան, բոլոր նրանց համար, ովքեր դեգերում են իրենց հայրենիքներից դուրս՝ ապահով ու խաղաղ ապագայ գտնելու յոյսով:







All the contents on this site are copyrighted ©.