Աղքատութեան յաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 69.4 Մլրդ. դրամ
ԼԻԱՆԱ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ ՍՈՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ Աշխարհում խորացող անհաւասարութիւնը սպառնում է
նաեւ Հայաստանին: Նման գնահատական է պարունակում «Օքսֆամ» բրիտանական միջազգային բարեգործական
կազմակերպութեան 2014 թուականի զեկոյցը: Դրա հեղինակները նաեւ գնահատել ու հաշուարկել
են, թէ որքան գումար է անհրաժեշտ Հայաստանին աղքատութեան յաղթահարման համար եւ ինչպէս
պէտք է այն ծախսուի: Այսօր ներկայացուել է միջազգային հեղինակաւոր կազմակերպութեան զեկոյցը: Աշխարհի
100 ամենահարուստ մարդկանց եկամուտների միայն մէկ քառորդը բաւական կը լինէր, որպէսզի
ողջ մոլորակի ամենաաղքատ շերտերի բնակչութեան շրջանում արմատախիլ արուէր աղքատութիւնը:
«Օքսֆամ» բարեգործական կազմակերպութիւնն է յայտարարում այս մասին՝ վկայակոչելով ողջ աշխարհով
մէկ իր դիտարկումները: «Օքսֆամ»ի զեկոյցն արձանագրում է՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց
100եակի մաքուր եկամուտը հասել է 240 միլիարդ դոլարի, մինչդեռ բնակչութեան ամենաաղքատ
շերտերն օրական վաստակում են մէկ մարդու հաշուով 1.25 դոլարից էլ պակաս: Ֆինանսական ճգնաժամից
յետոյ միլիարդատէրերի քանակն աշխարհում կրկնապատկուել է, ընդ որում՝ նրանք իրենց ունեցուածքը
չեն կարող ծախսել իրենց ողջ կեանքի ընթացքում անգամ ցանկութեան դէպքում: «Օքսֆամ»ի
զեկոյցը հաստատում է այս դիտարկումը եւ փաստում՝ աշխարհում խորացող անհաւասարութիւնը
սպառնում է նաեւ Հայաստանին: Մեր երկրում աղքատութեան մակարդակը միջազգային կազմակերպութիւնը
գնահատում է 32.4 տոկոս: 980 հազար մարդ Հայաստանում աղքատ է, ընդ որում՝ 408 հազարը՝
շատ աղքատ, շուրջ 85 հազարը՝ ծայրայեղ աղքատ: Նշենք, որ «Օքսֆամ»ի այս տարուայ հաշուետութիւնը
հէնց այդպէս էլ կոչւում է՝ «Պայքար հաւասարութեան համար. Ժամանակն է վերջ տալ անհաւասարութեան
ծայրայեղ դրսեւորումներին»: «Օքսֆամ»ը նոր քարոզարշաւ է սկսում՝ չխուսափելով օգտագործել
ճնշում բառը: Միջազգային այս կազմակերպութիւնն ամենաուղիղ ձեւով ասում է՝ պէտք է ճնշում
գործադրել աշխարհի առաջնորդների վրայ, որպէսզի վերջիններս հռետորութիւնից անցնեն կոնկրետ
գործողութիւնների եւ ամենաաղքատների համար առաւել արդար պայմաններ ապահովեն: Թէ՛ այս
կոչերը, թէ՛ ճնշում գործադրելը դեռ տեսական դաշտում են. ինչ միջոցներով, ինչ լծակներով,
երբ ու ինչպէս պէտք է արուի, յստակ չէ պարզապէս: «Օքսֆամ» միջազգային կազմակերպութիւնը,
որը 1994 թուականից Հայաստանում իրականացնում է մարդասիրական եւ համայնքների զարգացման
տարաբնոյթ ծրագրեր շուրջ 165 հեռաւոր գիւղական համայնքներում, նաեւ գնահատել ու հաշուարկել
է՝ աղքատութեան յաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 69.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱի 1.7
տոկոս կազմող գումար: Բայց դա կ՛օգնի միայն այն դէպքում, երբ սոցիալական աջակցութիւնը
ճիշդ հասցէականութեամբ տրամադրուի: «Ռադիօլուր»