2014-10-27 09:47:10

Վիժումի ընդդէմ արշաւ՝ Գիւմրիի կաթողիկէ համայնքի նախաձեռնութեամբ։


Հոգևորականութիւնը պայքարում է ընդդէմ յղիութեան արհեստական ընդհատումների: Գիւմրիի Հայ կաթողիկէ եկեղեցու հոգևորականների նախաձեռնութեամբ արդեն երրորդ անգամ կազմակերպւում է քայլերդ՝ ընդդէմ յղիութեան արհեստական ընդհատումների:
Ինչպես -ի հետ զրուցում նշեց Գիւմրիի և Աշոցքի շրջանի Հայ կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ` Հայր Պետրոս վարդապետ Եսայեանը, հոգևորականների կողմից նման նախաձեռնութիւններ լինում են տարբեր երկրներում:
ԱՄՆ-ում իրականացւում է «40 օր կեանքի համար» ծրագիրը, երբ 40 օր՝ գիշեր և ցերեկ աղօթք է ասւում և հերթական անգամ բարձրաձայնւում է յղիութեան արհեստական ընդհատումների խնդիրը: «Տարիներ առաջ ԱՄՆ-ում փակուեցին շուրջ 30 բժշկական կենտրոններ, որոնք նախատեսուած են յղիութեան արհեստական ընդհատումների համար: Կարծում ենք, որ եկեղեցու աղօթքը և մարդկանց նախաձեռնութիւնն է նաև բերել այդ արդիւնքին: Այսօր խօսում ենք ցեղասպանութեան, թուրքի ձեռքով զոհուած 1.5 մլն հայի մասին, բայց միևնոյն ժամանակ չենք կարող մոռանալ այն, որ մենք այսօր վիժումի միջոցով մեր ձեռքով սպանում ենք մեր որդիներին»,-ասաց վարդապետ Եսայեանը:
Ահա հոգևորականութիւնը դուրս է գալիս փողոց այդ մասին բարձրաձայնելու և սպաննուած երեխաների համար աղօթելու, ինչպէս նաև այդ մարդկանց մէջ խիղճն արթնացնելու նպատակով: «Ես որպէս քահանայ խոստովանանքներից շատ լաւ գիտեմ, թէ վիժումի տարբերակն ընտրած մարդիկ որքան են տանջւում: Նրանք տուեալ պահին թոյլ են գտնւում, յետոյ զղջում են ամբողջ կեանքում: Շատ անգամ իրենք իրենց չեն կարող ներել, մղձաւանջային երազներ են տեսնում: Պէտք է դա դադարեցնել»,-ասաց Հայր Պետրոսը:
Հոգևորականութիւնն արդեն երրորդ անգամն է նման նախաձեռնութեամբ հանդէս գալիս և պատրաստւում է առաջիկայում էլ շարունակել: Ի վերջոյ, իւրաքանչիւր յղիութեան արհեստական ընդհատումից յետոյ չեն ծնւում ապագայ մայրեր ու զինուորներ: Այդ քայլին գնալու պատճառները տարբեր են, բայց վերջին շրջանում շատ է շրջանառում սեռով պայմանաւորած վիժումների հարցը: Հայր Պետրոսը դա անընդունելի է համարում: «Ընդհանրապէս վիժումը անընդունելի է: Ո՞վ է այդպիսի իրաւունք տուել մարդուն, որ ինքը որոշի աղջիկ երեխայ լոյս աշխարհ գայ, թէ տղայ: Ով պէտք է ապրի, ով՝ ոչ: Երեխան ծնուելուց յետոյ կարո՞ղ ենք նրան սպանել, իհարկէ, չենք կարող, բայց նոյն մարդը դեռ չծնուած՝ սպանում ենք: Աստծոյ օրէնքն արգելում է նման բան, մարդը կեանքի տէրը չէ, Աստուած է կեանքի տէրը»,-ասաց հոգևորականն՝ ընդգծելով, որ բարձրացնում են իրենց ձայնը, որպէսզի քայլեր ձեռնարկուեն:
Հայր Պետրոսի կարծիքով, անհրաժեշտ է և մարդկանց մտածողութեան վրայ ազդել, և պետութեան կողմից քայլեր ձեռնարկել: Այսինքն՝ այստեղ պետութիւնը ևս խնդիր ունի: Անհրաժեշտ է նախ նպաստաւոր պայմաններ չստեղծել յղիութեան արհեստական ընդհատումների համար, ինչպէս նաև օգնել, նպաստել, որ ընտանիքներն ապահովուած լինեն աշխատանքով, խրախուսուի երեխաների ծնունդը:
23 հոկտեմբերի, 2014թ.կեանքի սրբութեան համար պայքարող ոչ մեծաթիւ խումբը երրորդ քայլերթն է կազմակերպում՝ այս անգամ դէպի Ախուրեանի «Մօր և մանկան կենտրոն», որը սպասարկում է Ախուրեանի տարածաշրջանի տասնեակ գիւղերի բնակչութեանը.այդտեղ է՛լ աւելի շատ կանայք են շտապում ընդհատել այսպէս կոչուած «անցանկալի յղիութիւն»ը: Թէև այս անգամ մասնակիցների թիւը առաջին երթը յիշեցրեց և սկզբում փոքր-ինչ յուսահատեցրեց նախաձեռնողներին, բայց Աստուածամայրն ամեն ինչ հարկ եղածի պէս կարգաւորեց: Անհրաժեշտ էր միայն Սբ. Վարդարան աղոտել ու վստահել: Երթին միացան նաև Մայր Թերեզայի երկու քոյրեր՝ իրենց խոնարհ աղօթական կեցուածքով ոգևորելով ակտիվիստներին և մարմնաւորելով Մայր Թերեզայի անզիջում կեցուածքն վիժումի դէմ: Ճանապարհն աւելի երկար էր, մասնակիցները յոգնում էին, բայց կար ընդհանուր մի գիտակցութիւն՝ այն, որ անդադար աղօթքով այդ երթը նաև ուխտագնացութիւն էր, ապաշխարութեան զգացումով, իրենց չմիացած ընկերների փոխարէն կրկնակին աղօթելու պարտականութեամբ: Ախուրեանի «Մօր և մանկան կենտրոնի» տնօրէն Վ. Միրզոյանը, ով ներկայ էր մարտի 30-ի սեմինարին, սիրով ու պատրաստակամութեամբ ամբողջ բուժ անձնակազմի հետ միասին ողջունեց ակտիվիստներին: Բուժ անձնակազմը մասնակցեց Հայր Պետրոսի առաջնորդութեամբ կատարուած հոգեհանգստեան արարողութեանը՝ վիժումի զոհ դարձած մանուկների հոգիների հանգստութեան համար, նաև՝ վիժումի դիմած ծնողների և իրենց իսկ մեղքերի թողութեան համար առ Աստուած բարձրացուած աղօթքներին: Վարդապետը խստութեամբ դատապարտեց վիժումը, բժիշկներին ևս յորդորեց հրաժարուել վիժում անելուց, ինչքան էլ նրանց պարտադրուած լինի առողջապահութեան ներկայ համակարգի չգրուած կանոններով և բժշկի սոցիալական պայմաններով: Հարկ է ասել, որ այդ կենտրոնի բժիշկները, չնայած իրենց գերզբաղուածութեանը, ջանք չեն խնայում մայրերին ետ պահելու վիժումի քայլից, իսկ ոմանք նոյնիսկ հրաժարւում են վիժում կատարել: Յուսանք, որ նրանք մենակ չեն լինի իրենց այդ դիրքորոշմամբ:
Ակտիվիստները Նարեկի Աստուածամօր պատկերով մի սրբապատկեր նուիրեցին «Մօր և մանկան կենտրոնին», որի վրայ գրուած է՝ «Յղիութիւնը Աստուծոյ պարգևն է քեզ, մի՛ մերժիր այն, վստահի՛ր Աստծուն»: Բժիշկները սիրով խոստացան այն տեսանելի մի վայրում կախել՝ ի տես բոլորին:









All the contents on this site are copyrighted ©.