2014-10-13 09:37:46

Խաղաղութեան աղօթք մերձաւոր արեւելքի համար


Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռի Միածնաէջ Սուրբ Տաճարում Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Նորին Սրբութիւն Մօր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքը մասնակցեցին Սուրբ եւ Անմահ Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Վարդան վարդապետ Նաւասարդեանը:
Ս. Պատարագի ընթացքում հանդիսապետութեամբ Քոյր Եկեղեցիների գահակալների կատարուեց աղօթք Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան հաստատման համար:
Մինչ խաղաղութեան աղօթքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը Մայր Տաճարում աղօթակից ժողովրդին ներկայացրեց Վեհափառ Հայրապետի հրաւէրով եղբայրական այցով Հայաստան ժամանած Նորին Սրբութիւն Մօր Իգնատիուս Եփրեմ Երկրորդին, այնուհետեւ բարձրանալով Ս. Խորան` Հայաստանեայց Առաքելական եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովուապետերը ողջունեցին միմեանց եւ իրենց հայրական պատգամն ու օրհնութիւնը փոխանցեցին հաւատացեալներին:
Իր ողջոյնի խօսքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը մասնաւորապէս ասաց. «Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս, հոգեւոր անհուն ուրախութիւն է Մեզ համար Ձերդ Սրբութեան, հաւատացեալ մեր ժողովրդի եւ Հայաստանում հաւատարմագրուած դիւանագէտների ու սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ այս սրբազան արարողութեան ընթացքում աղօթք վերառաքել առ Բարձրեալն Աստուած` յանուն աշխարհում եւ մասնաւորաբար Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան, ժողովուրդների բարօր համակեցութեան ու համերաշխութեան:
Այս օրերին մեր Սուրբ Եկեղեցին եւ մեր ժողովուրդը վայելում են Ձեր օրհնաբեր ներկայութիւնը, աղօթքն ու զօրակցութիւնը՝ փոխադարձաբար մատուցելով մեր եւ մեր ժողովրդի սէրն ու ջերմ զգացումները Ձեզ եւ Ձեր անձի միջոցով` Ասորի մեր Քոյր Եկեղեցու եւ ասորի ժողովրդի հանդէպ:
Ջերմութեան, եղբայրական սիրոյ այս դրսեւորումներն, արդարեւ, ունեն պատմական արմատներ, արտայայտութիւնն են մեր երկու Եկեղեցիների դարաւոր յարաբերութիւնների, որոնք էլ աւելի են ամրապնդում մեր վկայութիւնն ու բարեկամութիւնը: Մենք արժեւորում ենք սերտ կապերը Ասորի Ուղղափառ Քոյր Եկեղեցու հետ, որի պատմութեան դարաւոր էջերը լեցուն են յանուն Քրիստոսի նահատակութեան պսակն ընդունած սրբերի յիշատակութիւններով: Մեր երկու ժողովուրդների համար պաշտելի են Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետը եւ Սուրբ Յակոբ Մծբնայ Հայրապետը, որոնց բարեխօսութիւնն անդադար հայցում են հաւատացեալ մեր զաւակները: Բազում են այսպիսի վկայութիւնները, որոնք առնչւում են ոչ միայն մեր Եկեղեցիների պատմութեանը, այլ նաեւ աստուածաբանութեանը, հայրախօսական եւ սրբախօսական գրականութեանը:
Հաւատակից մեր Եկեղեցիների ու ժողովուրդների յարաբերութիւնները սկիզբ են առել Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանում: Նրանք ոչ թէ փոքրամասնութիւն են այս տարածաշրջանում, այլ Մերձաւոր Արեւելքի հասարակութիւնների անբաժան եւ անքակտելի մասն են կազմում: Ցաւով ենք անդրադառնում ներկայիս Սիրիայում, Իրաքում եւ առհասարակ Մերձաւոր Արեւելքում տիրող տագնապալից իրավիճակին:
Դժբախտաբար ականատես ենք պատերազմական վայրագութիւնների, որոնց զոհ են դառնում անմեղ մարդիկ` տարէց ու մանուկ, կանայք եւ ծերեր: Ոչնչացւում են սրբատեղիներ եւ իրենց հարազատ օջախներից տեղահանւում ու բռնի դաւանափոխ են արւում քրիստոնեաները: Շէն ու բարգաւաճ քաղաքները վերածուել են աւերակների: Պատմութեան մէջ առաջին անգամ լռել է քրիստոնէական աղօթքը Իրաքի Մուսուլ քաղաքում: Օրեր առաջ աւերուեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերի յիշատակը յաւէրժացնող Դեր Զօրի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Ոչնչացւում է եզդի ազգաբնակչութիւնը, եւ գերեվարւում են հոգեւորականներ, որոնց շարքում մեր քոյր Եկեղեցիների սպասաւորներ Եօհաննայ Գրիգորիոս Իբրահիմ եւ Բուլոս Եազիչ մետրօպոլիտները:
Խստօրէն դատապարտում ենք իւրաքանչիւր գործողութիւն, որն իրականացւում է կրօնի շահարկմամբ՝ մահ ու աւեր սփռելով: Ինչպէս ասում է Պօղոս առաքեալը. «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան» (Ա Կորնթ. 14:33): Խաղաղութիւն, որի համար հանապազ աղօթում է եւ կարելի ջանքեր բերում Քրիստոսի Սուրբ Եկեղեցին:
Քիչ յետոյ մենք միասնաբար աղօթք պէտք է առաքենք առ Բարձրեալն Աստուած Մերձաւոր Արեւելքում պատերազմական գործողութիւնների դադարեցման համար, որպէսզի խաղաղութիւնը վերահաստատուի տարածաշրջանում եւ կեանքի ապահով ընթացքները բարօրութիւն եւ խնդութիւն բերեն այնտեղ ապրող ժողովուրդներին:
Յաջորդ տարի մենք յիշատակելու ենք Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Աղօթքով յիշելու ենք նաեւ ասորի մեր քոյրերին ու եղբայրներին, ովքեր նոյնպէս զոհուեցին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութեան տարածքում թուրքական եաթաղանից: Բազում փորձութիւններ յաղթահարած խաղաղասէր մեր ժողովուրդների աղօթքն է, որպէսզի յաղթանակող մնան ազգերի ու մարդկանց մէջ սէրն ու եղբայրութիւնը, իրաւունքն ու արդարութիւնը` ընդդէմ ատելութեան ու թշնամութեան, ահաբեկչութեան ու պատերազմի չարիքների:
Աղօթում ենք, որ Տէրը օրհնի մեր երկրներն ու ժողովուրդներին, աշխարհը համայն, որպէսզի մարդկութիւնը Տիրոջ օրհնութեամբ ընթանայ «ի տեղի դալարւոջ եւ առ ջուրս յանգստէան» (հմմտ. Սղմ. 22.3)»:
Նորին Սրբութիւնը, հայցելով Բարձրեալ Աստծուց Իր առատ շնորհները հեղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու կեանքի վրայ, Մօր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին մաղթեց արդիւնաշատ գահակալութիւն:
Այնուհետեւ Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր դասի եւ հաւատացեալների ողջոյններն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքը` շնորհակալութիւն յայտնելով Հայոց Հայրապետին հրաւէրի եւ ջերմ ընդունելութեան, ինչպէս նաեւ Սիրիայի համար դժուարին այս ժամանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերուող զօրակցութեան համար:
«…Մեր երկու Քոյր Եկեղեցիները կիսում են մէկ առաքելական հաւատքը մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ, «այն հաւատքը, որ մէկ անգամ ընդմիշտ աւանդուեց Աստծու սուրբ ժողովրդին» (Հուդ. Ա 1): Աւելին, մենք կիսում ենք մեր մեծ նախահայրերի ուսուցումները, որոնք ներշնչուել են Սուրբ Հոգուց: Մենք կրողն ենք սրբերի կողմից պահպանուած աւանդութիւնների, որոնք ընդհանուր են մեր երկու Քոյր Եկեղեցիների համար: Մենք միասին ենք ձեւաւորել այս տարածաշրջանի պատմութիւնը՝ վկայութիւն տալով Աւետարանին եւ քրիստոնէութեան տարածմանը:
…Ընդհանուր պատմութիւնը միակ բանը չէ, որ մենք կիսում ենք: Մեր երկու ժողովուրդներն իրենց անմեղ արիւնն են հեղել նահատակութեան ընդհանուր խորանի վրայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատի համար: Մարտիրոսութիւնը խորհրդանիշ է եղել մեր երկու հալածուած Եկեղեցիների համար: Տարբեր ժամանակներում մեր ժողովուրդները նահատակներ են տուել, որոնց կեանքը զոհաբերութիւն եւ նուիրատուութիւն էր յանուն մեր Եկեղեցիների շարունակականութեան եւ աճի:
Այսօրուայ աւետարանում կարդացինք, որ մի այրի կին տուեց իր ունեցածը, քանզի հաւատ ունէր առ Աստուած` վստահ լինելով, որ նա իր բոլոր կարիքները կը հոգայ (հմմտ. Մարկ. ԺԲ 41-44): Բայց նրա տուածից առաւել է, երբ մէկն ինքն իրեն է տալիս: Տալու ո՞ր ձեւն է առաւել մեծ, քան ինքնազոհաբերութիւնը: Առաւել ի՞նչ կարող է ինչ-որ մէկն առաջարկել, քան իր սեփական կեանքը յանուն նրա, ում սիրում է: Սա է իւրաքանչիւր նահատակի օրինակն ամէն դարում. նրանք զոհաբերում էին իրենք իրենց յանուն այն մարդկանց, ում սիրում էին:
…Իսկապէս, բոլոր նահատակները մահն ընդունել են եւ դրան մօտեցել հոգեւոր ուրախութեամբ ի շնորհիւ Քրիստոսի հանդէպ իրենց սիրոյ: Նրանք մահացան յանուն Նրա եւ յարգանքի արժանացան եկեղեցում: Նրանց մասունքները հրաշքի աղբիւր դարձան մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուամբ: Եւ ասորի, եւ հայ հաւատացեալները նոյնպէս կիսել են նահատակութեան տառապանքը: Սա ցոյց է տալիս, որ Յիսուս Քրիստոսի հանդէպ մեր ունեցած սէրը նոյնն է, եւ մենք պատրաստ ենք առաջարկել մեր կեանքերը եւ ապաւինել Նրան: Սա հնչող պատասխանն է Ս. Պողոսի խօսքերի, որ ասում է. «Թէկուզեւ ձեր հաւատին իբրեւ պատարագ եւ զոհ ընծայուեմ, ուրախ եմ եւ հրճւում եմ ձեր բոլորի հետ» (Փիլ. Բ 17) եւ պնդում է, որ իր համար «կեանքը Քրիստոս է, իսկ մեռնելը` շահ» (Փիլ. Ա 23), որը բաղձալի ցանկութիւն է նահատակութեան համար յանուն Քրիստոսի սիրոյ:
Այս ոգով են մեր հայրերը հանդուրժել հալածանքը եւ մեծ թուով նահատակներ են զոհուել յանուն Քրիստոսի: Այս հալածանքներին են շարունակաբար ենթարկուել մեր Եկեղեցիներում այնպէս, որ ամէն մի սերունդ Եկեղեցին ապահովել է նահատակներով, որը հարստացրել է սրբերի պատմութիւնը հաւատքի առաւել հերոսներով: Ահա թէ ինչպէս են մեր Եկեղեցիները պահել ուղղափառ հաւատքը եւ պայքարել ընդդէմ դաժան հալածանքների: Մենք միասին ենք քայլում Գողգոթայի ճանապարհով, որն առաջնորդում է մեզ դէպի Քրիստոսի խաչը: Մենք սա անում ենք կեանքի եւ փրկութեան յոյսով, որ տրուեց մեր Տիրոջ հարութեամբ: Կողք կողքի մեր Հայ եւ Ասորի Եկեղեցիները հաստատուն կանգնեցին չարի ուժի դէմ, որը ցանկանում էր հաւատացեալներին տանել դատապարտման եւ յաւէրժական կործանման: Միասին մենք մեր հաւատքի առաքելութիւնը վկայեցինք, որ Քրիստոսն է Տէրը եւ որ մենք ճշմարտապէս Նրա խաղաղ եւ խաղաղասէր աշակերտներն ենք», - ասաց Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքն իր խօսքում: Նորին Սրբութիւն Մօր Իգնատիուս Եփրեմ Բ-ը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին աղօթքի այս արարողութեան համար` յաւելելով, որ պէտք է աղօթի այն սուրբ նահատակների համար, ովքեր իրենց կեանքը տուեցին յանուն հաւատի, պէտք է հայցի Տիրոջը, որ Իր խաղաղութիւնը շնորհի Սիրիային, Իրաքին, Լիբանանին եւ թեթեւացնի մեր ժողովուրդների տառապանքը Մերձաւոր Արեւելքում:
Այնուհետեւ երկու հովուապետերի նախագահութեամբ կատարուեց մասնաւոր աղօթք Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան հաստատման համար:
Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ էին թեմակալ առաջնորդները, Հայաստանում հաւատարմագրուած օտարերկրեայ առաքելութիւնների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարեանը, Հայաստանում ապաստան գտած սիրիահայեր, Հայ կանանց միջազգային ընկերակցութեան 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցները:







All the contents on this site are copyrighted ©.