2014-10-04 09:07:33

ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը տօնեց իր 6-րդ ամեակը.Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի շնորհաւորական խօսքը:


2014թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը տօնեց իր 6-րդ ամեակը որին մասնակցում էին նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքերս. Մինասեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Գերշն. Տ. Անուշաւան Եպս. Ժամկոչեանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսեանը, «Սիրիա հայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» կազմակերպութեան նախագահ Լենայ Հալաջեանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցութեան գործադիր տնօրէն Վերապատուելի Մկրտիչ Մելքոնեանը, իրաքահայ հասարակական գործիչ Վարանդ Պետրոսեանը և սփիւռքից ժամանած բազմաթիւ ներկայացուցիչներ: Ըստ ՀՀ սփիւռքի նախարարութեան պաշտօնական կայքի տուեալների, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը հանդիսութեան ժամանակ ներկայացրեց նախարարութեան 6-ամյա գործունէութեան ձեռքբերումները՝ անդրադառնալով յատկապէս «Սփիւռք» ամարային դպրոց», «Արի տուն», «Մեր մեծերը», «Համայնքային օրեր Հայաստանում» և այլ ծրագրերին, «Իմ Հայաստան» համահայկական փառատօնին, կարևորեց 6 տարիների ընթացքում ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած տասնեակ համաժողովները՝ ի նպաստ ազգային ներուժի համախմբման: Անդրադառնալով սիրիահայերի հետ տարուող աշխատանքին՝ ՀՀ սփիւռքի նախարարը նշեց, որ Հանրապետութեան նախագահի յանձնարարութեամբ նրանց խնդիրները լուծւում են: Գործի են դրւում բոլոր հնարաւոր միջոցները սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալէպ» թաղամասի կառուցման համար: Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն իր շնորհաւորական խօսքում ասաց, որ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը մի հրաշք կամուրջ է, որի մասին պէտք է միայն շնորհակալական խօսքեր ասել տկն. Հրանուշ Յակոբեանին: Այս կամուրջով սփիւռքի հայերը ձգտում են հայրենիք վերադառնալ, վստահեցրել է Սրբազան Հայրը և, ապա, իր երախտիքի խօսքն ուղղելով ՀՀ վարչապետին, յույս է յայտնել, որ սփիւռքահայը, Հայաստան մտնելով, կսիրահարուի այդ երկրի հարուստ միջավայրին՝ դիւրամատչելի գործունէութեան կարելիութիւններով, հարուստ և ամուր կարգուկանոնով: Սրբազան Հայրը երախտագիտութիւն է յայտնել տկն. Հրանուշ Յակոբեանին, որ նա կարողացաւ կառուցել ոչ միայն սփիւռքահայի տուն, այլեւ՝ մի կոթող, սիրոյ մի աղբիւր, որով ամէն հայ դրսից գտնում է այստեղ յենարան՝ իր երազանքների և ապագայի համար: Հայի միակ ապագան իր հայրենիքն է, իսկ հայրենիքում պէտք է իրականացուեն ապագայի հնարաւորութիւնները: Դրանց իրականացումներն իրենց բոյնը գտան հոյժ սիրելի սփիւռքի նախարարութեան հաստատութեան մէջ, շեշտեց Սրբազանը: «Տկն. Յակոբեանը զոհաբերում է իր անձը, նուիրուած է իր իտէալին՝ միացնելու սփիւռքը և հայրենիքը: Աստուած պահապա՛ն Ձեր բոլոր ծրագրերին և բարի տարեդարձ». աւարտեց իր խօսքը Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը:







All the contents on this site are copyrighted ©.