2014-09-02 10:27:17

Ազատանի հայ կաթողիկէ համայնքն արդէն ունի իր հոգևոր երգչախումբը։


Գիւղական համայնքների եկեղեցիներում հոգևոր երգչախումբ ունենալը բաւական բարդ է Հայաստանի պայմաններում, հաշուի առնելով եկեղեցական համայնքների ոչ վաղ անցեալում վերաձևաւորուած լինելը, հոգևոր կեանքի վերազարթօնքի կարճ ժամանակահատուածը, հոգևորականների թուի պակասը, հոգևոր երգարուեստում որոշ հմտութիւններ ունեցող անձանց թուի պակասը՝ էլ չխօսելով գիւղական համայնքներում կայացած մասնագետների գրեթէ բացակայութեան կամ Եկեղեցու ֆինանսական հնարաւորութիւնների սղութեան մասին:
Գոյութիւն ունեցող կաթողիկէ գիւղական երգչախմբերից շատերը, պատանի կամ երիտասարդ աղջիկներից են բաղկացած, ովքեր առանց ֆինանսական ակնկալիքների, իրենց լաւագոյնն են տալիս երգարուեստի հմտութիւններ ձեռք բերելու և հոգևոր երգեր կատարել կարողանալու համար:
Նման երգչախմբերի ձևաւորումը բավական երկար ժամանակ ու մեծ ջանքեր է պահանջում:
Ազատանի հայ կաթողիկէ համայնքի Սբ. Աստուածածին եկեղեցին իր երգչախումբն ունեցաւ միայն 2014թ. սկզբներին՝ համայնքի ժողովրդապետ Տ. Նարէկ քահանայ Թադևոսյանի և համայնքի նուիրեալների ջանքերով: Երգչախումբը դեռատի աղջիկների մի փոքրիկ խումբ է, ովքեր արդէն մի քանի ամիս է՝ եկեղեցում պարապում են՝ հոգևոր երգեր սովորելու և Սբ. Պատարագների ժամանակ երգել կարողանալու համար և նրանց ջանքերը պսակւում են յաջողութեամբ, ինչին ականատէս էլ լինում համայնականներն ու հպարտանում իրենց աղջիկներով:
Խմբավար Աննա Դարբինյանը Գյումրիի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան երգչախմբի անդամ է, մասնագիտութեամբ երաժիշտ, ինքն էլ գործնական հմտութիւններ զարգացրել է Գյումրիի երգչախմբում երգելիս և հիմայ իր գիտելիքները ջանում է փոխանցել իրենից կրտսերներին, ովքեր նույն ճանապարհն են անցնելու և, գուցէ, հետոյ իրենք էլ իրենց հերթին օգնեն այլ համայնքներում երգչախմբեր ստեղծելու հոգևորականների նախաձեռնութիւններին:
Երգչախմբի աղջիկները սովորում են թէ ինչ բան է հոգևոր երգարուեստը և սկսում են գնահատել հայ հոգևոր երաժշտութեան գանձերը. մեկը որոշել է երգչուհի դառնալ, միւսն ասում է, որ հոգևոր երգ երգելով կարող ես Աստծուն մօտենալ, մի երրորդն էլ թուարկում է Սբ. Պատարագի իր ամենասիրելի երաժշտական հատուածները:
Ազատանի երգչախումբն առայժմ միաձայն է, բայց ծրագրում են յառաջիկայում, Աստծոյ օգնութեամբ, տղաներ էլ ընդգրկել ու երգչախումբը երկձայն դարձնել:
Երգչախմբի մասին առանձին տեսանիւթ կարող եք դիտել Ձայն խաղաղութեան 17-րդ թողարկման մեջ՝ :








All the contents on this site are copyrighted ©.