2014-06-10 11:20:03

Իրանում Հայկական երեք Եկեղեցի կը վերանորոգուի


Իրանը պատրաստ է ձեռնամուխ լինելու Տղմուտ գետի ափին գտնուող միջնադարեան հայկական երեք եկեղեցու վերանորոգմանը: Հայ եկեղեցաշինութեան նորմերը պահպանելու խնդրանքով Իրանի «Արազ» Ազատ տնտեսական գօտու ներկայացուցիչներին է դիմել ՀԱԷ Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր եպս. Չիֆթչեանը, յայտնում է «Բլագովեստ-ինֆօն»:
Իրանում եօթ ազատ տնտեսական գօտի է գործում, որտեղ Իրանի կառավարութիւնը մտադիր է զարգացնել տնտեսութիւնն ու զբօսաշրջութիւնը: «Արազ» ազատ տնտեսական գօտում Իրանի իշխանութիւնները մտադիր են վերանորոգելու հայկական յուշարձանները: Այդ գօտում են գտնւում նաեւ Հայոց թեմին պատկանող մեծ հողատարածքներ: Այստեղ են գտնւում նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Սարգիս եւ Ս. Գէորգ եկեղեցիները:
Հայերը վաղուց հեռացել են այս վայրերից, եկեղեցիներն էլ, զրկուելով հաւատացեալներից, սկսել են քանդուել: Թեմի առաջնորդները ցանկութիւն են յայտնել, որ վերականգնողական աշխատանքերին մասնակցեն նաեւ հայ մասնագէտները, ինչն, ըստ «Արազ» գօտու Յուշարձանների պահպանութեան վարչութեան ղեկավարի, անպայման հաշուի կ՛առնուի:
Հայկական կողմը համաձայնութիւն է տուել, որ նորոգումից յետոյ այդ եկեղեցիներն ընդգրկուեն «Արազ» զբօսաշրջային երթուղիներում:
Այժմ Իրանում 25 հայկական եկեղեցի կայ, որից 11ը գործող, այդ թւում Թեհրանում, Թաւրիզում ու Իսֆահանում: Ամենայայտնին Ս. Թադէոսի վանքն է, որը չի գործում, այն գտնւում է Իրանի Արեւմտեան Ատրպատական գաւառում, Մակու քաղաքի մօտ: Անուանումը կապուած է Թադէոս առաքեալի հետ, ենթադրւում է, որ նրա շիրիմը գտնւում է վանքի տարածքում: Ըստ աւանդապատումի, առաջին եկեղեցին նրա գերեզմանի վրայ կառուցուել է մ.թ.ա. 68 թուականին: Առաջին վկայութիւնները վանքի մասին գալիս են 7րդ դարից:
Մայր տաճարի այժմեան շէնքը կառուցուել է 1329 թուականին, նախկինի տեղում, որն աւերուել է երկրաշարժից: Վանքի շինութիւնների մեծ մասը դասւում է 19րդ դարի սկզբին, երբ այն վերակառուցուեց Իրանի արքայազն Աբբաս Միրզայի օրօք: 2008թ. «Եունեսկօ»ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկուեցին «Իրանի հայկական եկեղեցիները»՝ Ս. Թադէոսի վանքից բացի նաեւ Ստեփանոսի ու Ձորձոր վանքերը:
Տարին մէկ անգամ, Յուլիսի սկզբին, Թադէոսի ծննդեան օրը, եկեղեցում պատարագ է մատուցւում, որին հազարաւոր հայ ուխտաւորներ են մասնակցում Իրանից:
Ս. Ամենափրկիչ եկեղեցին նաեւ յայտնի է որպէս Վանք՝ Իրանի գլխաւոր հայկական եկեղեցին: Այն գտնւում է Իսֆահանում, Նոր æուղա հայկական թաղամասում:
Ս. Ամենափրկիչ վանքը Նոր æուղայի ամենահին եւ ամենայայտնի կառոյցներից է: Կառուցուել է 1655թ., Շահ Աբբաս Բ.ի ժամանակ: Վանքի նոր շէնքը կառուցուել է ինը տարում՝ Փիլիպոս կաթողիկոս Աղբակեցու եւ ժողովրդի օժանդակութեամբ: Վանքի պատերի յախճասալերը տեղադրւել են 1710-1716թթ.: Վանքի արեւմտեան դռնից քիչ հեռու, 1702թ.ին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով: Եկեղեցու մուտքի դրան մօտ, խորանարդաձեւ բարձր շինութեան վրայ, չորս կողմից տեղադրուած Է ժամացոյց: 1971թ. Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով, կառուցուել Է Նոր Ջուղայի թանգարանը: Իսկ գրադարանը, որը ծառայել է նաեւ իբրեւ թանգարան, հիմնուել Է 1905թ.:
Ազգային առաջնորդարանը որոշեց Վանքի բակում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանի երկյարկանի շէնք: Այնտեղ են պահպանւում եւ ցուցադրւում ձեռագիր գրքեր, կտաւներ, կրօնական արարողութիւնների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագաւորների հրովարտակներ, 18րդ դարում գրուած հայերէն ձեռագիր Ղուրան, նաեւ անուանի եւրոպացի նկարիչների գործեր ու Հայաստանի թագաւորների պատկերներով ոսկեդրամներ: Առանձնայատուկ տեղ է գրաւում Վահրամ Յակոբեանի՝ 7մմ. երկարութեամբ մազի վրայ գրուած հետեւեալ նախադասութիւնը՝ «Ճանաչե՛լ զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Այն գրուել է մազի հաստութիւնից 20 անգամ աւելի բարակ ալմաստէ գրչով: Ս. Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն էր Իրանում եւ ողջ Միջին Արեւելքում, հիմնադրուել է 1636թ., Խաչատուր Կեսարացու ջանքերով: Վանքի գրադարանը հարուստ է հայերէն, պարսկերէն եւ եւրոպական լեզուներով գրուած գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին եւ ընթերցողին: Տպարանի շէնքի մօտ է գտնւում 1915թ. Մեծ Եղեռնի յուշարձանը, որը կառուցուել է 1975թ.:
Յաւելենք, որ ժամանակակից Ջուղան ամենամեծ ու հին հայկական համայնքային կենտրոնն է Իրանում: Նոր Ջուղան դեռեւս հայաշատ թաղամաս է իր դպրոցով եւ 12 եկեղեցիներով: Նոր Ջուղայի հայերը պահպանում են Իսլամական հանրապետութեան կանոնները, սակայն պահպանում են նաեւ լեզուն ու մշակոյթը: Հետաքրքիր է, որ Նոր Ջուղայում բացայայտ, թէեւ սահմանափակ քանակով, ալկոհոլ է վաճառւում, ինչն ամբողջութեամբ արգելուած է Իրանի ամբողջ տարածքում: Սա իրանահայերի վաղեմի արտօնութիւնն է, որոնք ժամանակին համոզել են շահին, որ ալկոհոլն իրենց հարկաւոր է «ծիսակարգի» համար:








All the contents on this site are copyrighted ©.