2014-04-14 10:20:57

Ծաղկազարդի տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ապրիլի 13-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսաւորութեամբ տօնախմբեց Ծաղկազարդը, որը Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակուել է որպէս մանուկների օրհնութեան օր:
Առաւօտեան ժամերգութեան աւարտին, հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար «Որ Վերօրհնիս» շարականի երգեցողութիւնից եւ օրուայ խորհրդին հարազատ աւետարանական հատուածների ընթերցումից յետոյ կատարուեց Անդաստանի արարողութիւն ու մանուկների օրհնութեան կարգ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնութիւնը բերելով ներկայ մանուկներին, բացատրեց Ծաղկազարդի խորհուրդն ու մաղթեց, որ Ամենակալ Աստուած Իր հովանու ներքոյ պահի ու պահպանի բոլոր հայ մանուկներին` պարգեւելով խաղաղ ու անվրդով կեանք: «Թո՛ղ որ Աստծոյ օրհնութեամբ հասակ առնէք, արժանաւոր զաւակները լինէք ձեր ընտանիքների, մեր հաւատաւոր ժողովրդի, շէնացնէք մեր Մայր Հայրենիքը` փառք ու պատիւ յաւելելով նախնեաց աւանդութեանը եւ գովարժան վարքով ծառայէք ազգիս հայոց», - ասաց Նորին Սրբութիւնը: «Պահպանիչ» աղօթքից յետոյ Վեհափառ Հայրապետը փոքրիկներին տօնի առիթով խաչեր նուիրեց, ապա օրհնուած ճիւղերը բաժանուեցին ներկայ գտնուող հաւատացեալներին:
Այնուհետեւ Մայր Տաճարում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տօնի հոգեւոր պատգամը: Մայր Տաճարում հաւաքուած մանուկներին համեմատելով Երուսաղէմում Յիսուսին փառաբանողների հետ` Սրբազանը նշեց` այսօր Երուսաղէմի օրինակով Սուրբ Էջմիածինը նոյնպէս դղրդաց այս մանուկների ուրախութիւնից:
Իսկ հաւարտ Ս. Պատարագին, դարձեալ կատարուեց մանուկների օրհնութեան արարողութիւն, որի ժամանակ բոլոր երեխաներին հրաւիրեցին Մայր Տաճարի ատեան, ուր անձամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնը բաշխեց նրանց:







All the contents on this site are copyrighted ©.