2013-09-03 11:54:26

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խօսքը
«Կրօնի Ազատութիւնը Արդի Աշխարհում. Մարտահրաւերներ ու Երաշխիքներ» Խորագրով Համաժողովի Մասնակիցներին


Գոհունակութեամբ ողջունում եւ ձեզ ենք յղում Հայրապետական Մեր օրհնութիւնը Հայաստանի Հանրապետութեան քաղաքամայր Երեւանում: Մեծապես գնահատելի է Մեզ համար կրօնական ազատութեանն ու դրա մարտահրաւերներին նուիրուած այս համաժողովի անցկացումը քրիստոնեական հինաւուրց մի երկրում, որի ամեն անկիւն ու քար պատուած է մարդկային արժեքների եւ ազատութեան համար մղուած պայքարի վկայութեամբ:
Այսօր այստեղ հաւաքուած հոգեւոր այրերի, քաղաքագետների, դիւանագետների եւ լրագրողների պատկառելի ներկայութիւնը խօսում է արծարծուող թեմայի կարեւորութեան ու արդիականութեան մասին: Մեզ համար ողջունելի է նաեւ Եւրոպայի խորհրդի նախարարների խորհրդի կոմիտեում Հայաստանի նախագահութեան շրջանակներում համաժողովի` Հայաստանում անցկացման նախաձեռնութիւնը: Այն մեծապես պիտի նպաստի Հայաստանի եւ հայ մշակութային ինքնութեան ներգրաւուածութեանը` Եւրախորհրդի կողմից 2008 թուականին ընդունուած «Միջմշակութային երկխօսութեան Սպիտակ գրքի» մշակմանն ու զարգացմանը, որի արդիականութիւնն այսօր էլ զգալի է աշխարհում:
«Ապրել միասին, արժանապատուորեն` իբրեւ հաւասար մարդիկե. այսպես է բացւում Եւրախորհրդի կողմից մշակուած ու ներկայացուած «Սպիտակ գիրքը», որը նոր հորիզոններ է բացում միջմշակութային եւ միջկրօնական երկխօսութեան ասպարեզում: Ժամանակակից աշխարհում յաճախ են աղաւաղւում հաւասարութեան ու ազատութեան չափանիշները` դրանով իսկ վտանգելով միջմշակութային երկխօսութեան իրական արժեքն ու կրօնական ազատութեան ճիշտ ընկալումը, որի հիմնական նպատակն է նպաստել հանդուրժողականութեանը, աշխարհում խաղաղութեանը, կայունութեանն ու բարօրութեանը: Անկեղծ հոգով ու մօտեցումով ծնուող երկխօսութեան մեջ է, որ մշակութային եւ կրօնական ինքնութեան հաւասար դրսեւորումն ուղիղ համեմատական է մերձաւորին սիրոյ ու հանդուրժողականութեան մեջ տեսնելու ցանկութեանը. «Եղբարք, միայն զի ազատութիւնն ձեր ոչ լինիցի ի պատճառս մարմնոյ, այլ սիրով ծառայեցէք միմեանց», -բացատրում է Սուրբ Պօղոս առաքեալը (Գաղ. Է 13):
Զարգացման նոր փուլ թեւակոխած Եւրոպական քաղաքակրթութիւնն պետք է շարունակի յարգել հնագոյն քրիստոնեական արմատներ ունեցօղ ժողովուրդների մշակութային իւրայատկութիւնները` բազմազանութիւնը դիտելով որպես համաեվրոպական հարստութիւն:
Հայ ժողովուրդն ու Հայաստանեայց Եկեղեցին դարեր շարունակ մաքառել են՝ պահպանելու իրենց ուրոյն հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը, ունեն կրօնական բազմազանութիւնն ու հանդուրժողականութիւնը յարգելու հարուստ եւ պատմական փորձառութիւն: Ցեղասպանութիւն վերապրած Հայ ժողովուրդը իր բազմադարեան պատմութեան ընթացքում միշտ առաջնորդվել է քրիստոնեական մատենագրութեան մեջ հրաշալիորեն ձեւակերպուած «միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս» բանաձեւով: Մեզանում նաեւ կարեւորվել է հոգեւոր արժեքների պահպանութեան եւ մարդկային կեանքում դրանց ամրապնդման համար քոյր Եկեղեցիների եւ այլ կրօնների ներկայացուցիչների հետ միասնաբար հանդես գալու հրամայականը, յարգվել են հարեւան ժողովուրդների մշակութային-հոգեւոր իւրայատկութիւններն ու ազատութիւնները: Հայոց Եկեղեցու համար հասարակաց է եղել մարդկութեան ընդհանուր թշնամու` մեղքի դեմ պայքարը, երբ հասարակութեան մեջ գերիշխել է կրօնական անհանդուրժողականութիւնը, մշակութային-կրօնական թշնամանքը, մարդ անհատի իրաւունքների ոտնահարումն ու բռնացումը, հանրային կեանքի բարօր ու աստուածահաճոյ ընթացքի խաթարումը: Աւելորդ չենք համարում այստեղ մեջբերելու մեր Եկեղեցու կարկառուն մտածողներից մեկի` Ս. Ներսես Լամբրոնացու միտքն այս մասին` ձեւակերպուած դեռեւս ԺԲ դարի Կիլիկեան Հայաստանի բազմամշակութային-բազմազգ հասարակութեան պայմաններում. «Մարտ մեր հասարակաց` լիցի առ հասարակաց մեր թշնամին սատանայ, իսկ առ եղբարս` հանդարտ ուսաք լինել հանապազ» (Ատենաբանութիւն, էջ 122):
Հայոց Եկեղեցին այսօր էլ շարունակում է ընթանալ այս ոսկե կանոնի գծած ճանապարհով` մշտապես իր առաքելութիւնն իրականացնելով ի խնդիր հասարակաց բարօրութեան ու մարդկային աստուածատուր կերպարի պահպանման: Հայ ժողովրդի կեանքում խաղացած իր բացառիկ դերով Հայոց Եկեղեցին այսօր էլ պետք է մնայ «կենդանի Աստծոյ եկեղեցին, ճշմարտութեան հաստատութիւնն ու սիւնը» (Ա Տիմ. Գ 14): Հասարակական կեանքում Հայ Եկեղեցին իբր նուիրապետութիւն ու կառոյց երբեք միայնակ չի գործել: Հայ հասարակութիւնն իր դարերի պատմութեան ընթացքին շնորհներ ու աստուածատուր պարգեւներ է կուտակել Հայոց եկեղեցում` մարդկային հոգեւոր կատարելութեան ու խիզախութեան հիացմունքի արժանի գործեր, հայ ժողովրդին անմնացորդ ծառայած սրբերի ու հայրապետների լուսաւոր կերպարներ, որոնք այսօր եկեղեցին Աստծոյ խօսքի քարոզչութեամբ ու իր առաքելութեան իրականացմամբ պարզապես վերադարձնում է հայ ժողովրդին: Հասարակութիւնն այսօր Հայաստանում պիտի կարողանայ ի պետս վեհագոյն նպատակների օգտագործել ազգային-եկեղեցական աւանդութիւնից մեզ բաշխուող այս շնորհները, ճիշտ գնահատել ու հասկանալ քրիստոնեական անանց արժեքների վրայ կառուցուած Հայոց հոգեւոր հայրենիքի տարածական ու բովանդակային կարեւորութիւնը մերօրեայ կրօնական ազատութեան փորձառութեան կերտման գործում:
Արդի կրօնական ազատութիւնը խարսխաւած է նաեւ միջկրօնական եւ միջեկեղեցական համագործակցութեան վրայ, որին Հայ Եկեղեցին մեծապես ընդգրկուած է ամենաբարձր մակարդակով: Մենք սերտ յարաբերութիւններ ունենք այլ յարանուանութիւնների հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Էկումենիկ յարաբերութիւնների զարգացումն Ուղղափառ, Կաթոլիկ, մի շարք բողոքական եկեղեցիների հետ դրա վառ ապացոյցն են:
Մեր ցանկութիւնն է, որ կրօնական ազատութեան, միջմշակութային երկխօսութեան եւ հանդուրժողականութեան վեհ գաղափարներով մեկնարկող այս համաժողովը դառնայ եւս մեկ պատեհ առիթ` հասարակաց մեր ջանքերը հանուր մարդկութեան բարօրութեանն ու խաղաղութեանն ուղղելու համար: Հայրապետական մեր պատգամն ու մաղթանքն է ձեզ` համաժողովի յարգելի մասնակիցներ, ջանաք ու եռանդ չխնայել` նպաստելու եւ միասնական ուժերով ստեղծելու այն լուսաւոր հասարակութիւնը, որտեղ ամենքս կարող ենք ապրել արժանապատուորեն` իբրեւ «հաւասար մարդկային էակներ»:
Բարի ընթացք Ձեր աշխատանքներին:








All the contents on this site are copyrighted ©.