2013-08-10 09:05:16

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՕՐ
ՌԻՈՅ ԴԷ ԺԱՆԵԻՐՈՅ, ԲՐԱԶԻԼԻԱ
Յուլիս 23-28, 2013թ


''Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին (Մատթ 28։19)

Աւելի քան երեք ամիս նախապատրաստական աշխատանքներից եւ մեծ դժուարութեամբ ճանապարհորդութեան համար անհրաժեշտ գումարը հայթայթելուց յետոյ 2013թ-ի յուլիսի 21-ին վեց հայ երիտասարդներ՝ Հայր Սեդրակ վրդ Խիթարեանի գլխաւորութեամբ եւ Սրբազան Ռաֆայէլ արքեպս Մինասեանի հայրական օրհնութեամբ մեկնեցին Բրազիլիա՝ մասնակցելու Համաշխարհային երիտասարդաց օրուան։
Երիտասարդութեանն ու հաւատքին նուիրուած համաշխարհային կաթողիկէ միջոցառումը համախմբել էր աւելի քան երեք միլիոն կաթողիկէ երիտասարդների՝ հանդիպելու Սրբազան Քահանայապետին եւ մասնակցելու Նրա կողմից մատուցուած բոլոր արարողութիւններին։
Միջոցառման ծրագիրը շատ յագեցած էր։ Առաջին օրը երիտասարդները մասնակցեցին միջոցառման բացման Սուրբ պատարագի արարողութեանը, որը մատուցուեց Ռիոյ դէ Ժանեյրոյի արքեպիսկոպոսի՝ Օրանի Ջոաոյ Տեմպեստայի կողմից։ Այնուհետեւ հնչեցին ողջոյնի խօսքեր եւ բարի գալուստ մաղթեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երիտասարդներին։
Առաւօտներն երիտասարդները մասնակցում էին քրիստոնէական վարդապետութեան դասերին եւ ամենօրեայ պատարագներին, որոնք մատուցւում էին եպիսկոպոսի կողմից ռուսերէն լեզուով։
Երէկոները երիտասարդները Հայր Սեդրակի ուղեկցութեամբ մեկնում էին Կոպակաբանայ, որտեղ էլ տեղի էին ունենում հիմնական հանդիպումները։ Յուլիս 26-ին, ժամը՝ 18։00-ին երիտասարդները մասնակցեցին Ճանապարհ Խաչի արարողութեանը, որտեղ ներկայ էր նաեւ Սրբազան քահանայապետը։ Դրան հաջորդող օրը երիտասարդները ներկայ գտնուեցին Սուրբ Ժամին՝ մատուցուած Սրբազան Քահանայապետի կողմից։ Չնայած որ արարողութիւնը կատարւում էր պորտուկալերն լեզուով եւ շատ խօսքեր անհասկանալի էին հայ երիտասարդների համար, բայց նրանից իւրաքանչիւրը խորհում ու աղօթում էր իրենց իսկ մայրենի լեզուով։ Վերջին օրը Սրբազան Քահանայապետը մատուցեց Սուրբ Պատարագ եւ օրհնելով երիտասարդներին՝ կոչ արեց լինել այս երկրի տէրերը, կառուցողներն ու շէնացնողները՝ յօգուտ մարդկութեան եւ Քրիստոսի եկեղեցու։
Համաշխարհային երիտասարդաց հաւաքը եօթ օր տեւեց, բայց այն շատ բան փոխեց մասնակիցների հոգիներում եւ սրտերում։ Գտնուելով աւելի քան երեք միլիոն բազմազգ քրիստոնեաների կողքին՝ երիտասարդներն աւելի ուժեղ զգացին Քրիստոնէութեան ուժն ու հզօրութիւնը։ Լինելով հսկայական կաթողիկէ քրիստոնեայ ընտանիքի մի փոքրիկ մասնիկը, հայ երիտասարդները ներկայ գտնուեցին իրենց կեանքում ամենամեծ քրիստոնէական միջոցառմանը։
Մասնակիցներն իսկապէս շատ տպաւորուած եւ յիշողութիւններով լի վերադարձան Հայաստան։ Այնտեղ՝ Ռիոյ դէ Ժանեիրոյում, նրանք տեսան ու զացին, թէ ինչպէս է Քրիստոնութիւնը համախմբում հաւատացեալներին՝ անկախ նրանց ազգութիւնից, մաշկի գոյնից եւ մշակութային պատկանելութիւնից։ Ձեռք ձեռքի տրուած՝ նրանք իրենց միասնական աղօթքը բարձրացրին առ Աստուած։ Միեւնոյն ժամանակ նրանից իւրաքանչիւրը ներում էր խնդրում Աստծուց իրենց մեղքերի համար եւ շնորհակալութիւն յայտնում այն ամէնի համար, ինչ ունեն եւ այն մեծ հնարաւորութեան համար, որ կարող էին հէնց այդ պահին ներկայ գտնուել բազմազգ հաւատացեալների շարքում։ Երիտասադներից ոմանք նոյնիսկ խոստովանեցին, որ նրանք երբեք այդքան քրիստոնեայ չէին զգացել, ինչպէս այդ եօթ օրերին եւ այդ զգացողութիւնը նրանք իրենց հետ կը տանեն այդ եօթ օրերին յաջորդող իրենց կեանքի մնացած բոլոր օրերում՝ քարոզելով Քրիստոնէութիւնը եւ աշակերտ դարձնելով բոլոր ազգերին։








All the contents on this site are copyrighted ©.