2013-07-20 11:02:37

Ես Առաջին Անգամ Զգում Եմ, Որ Իմ Հայրենիքում Եմ». Աւարտուել Է «Արի Տուն» Ծրագրի Երրորդ Փուլը


Արմենուհի եւ Սիրվարդ Եահանեջեանները ծնուել են Ալպանիայում, բայց ապրում են Յունաստանում: Նրանց հայրը հայ է, մայրն` ալպանացի: Արմենուհին դերասանուհի է, Սիրվարդը` բանաստեղծուհի, գրում է նաեւ երգեր: Ընդ որում` նա երգեր է գրում նաեւ Հայաստանի մասին: Նրանք առաջին անգամ Հայաստան են եկել Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան կողմից կազմակերպուած ամառային դպրոցի մասնակցելու համար: Քոյրերը հայերէն չգիտեն, բացառապէս խօսում են յունարէնով: Նրանք հօր վերջին ցանկութիւնն էր, որ աղջիկները տեսնէին Հայաստանը: Այս մասին խօսելիս նրանք երկուսն էլ սկսեցին յուզուել: Սիրվարդի աչքերում արցունքները շողում էին, որոնք արագ մաքրելով` նայում էր շուրջը, ժպտում` աւելացնելով. «Ես առաջին անգամ զգում եմ, որ իմ հայրենիքում եմ»: Նրանք սովորում են հայերէն, վեց ամիս յետոյ կը ստանան նաեւ Հայաստանի քաղաքացիութեան փաստաթուղթը: Նրանցից քիչ հեռու, կարծես, ալեկոծւում էր «Արի տուն» ծրագրի մասնակիցների յուզմունքը: Այս տարի ծրագրի երրորդ փուլին մասնակցել են 170 աշակերտներ` աշխարհի տարբեր մասերից: Երուսաղէմից Սարինէն առաջին անգամ էր մասնակցում «Արի տուն» ծրագրին: «Մենք ուրիշ կերպ կը պատկերացնէինք Հայաստանը, բայց երբ եկանք, տեսանք, զարմացանք եւ շատ հպարտ ենք», ասաց Սարինէն, ում հետ զրոյցին միացաւ Իսրայէլից եկած Սեւանան: «Ամէն տեղ հրաշալի է: Մենք եղանք այն տեղերում, որտեղ քայլել էին հին-հին մարդիկ, ինչպէս օրինակ, Գրիգոր Լուսաւորիչը, եւ մենք էլ այն նոյն տեղից գալիս ենք: Շատ աղուոր զգացում է, երբ գալիս ես եւ աչքերով ես տեսնում», նշեց Սեւանան: Աղջիկների ասելով` Հայաստան եկան, ընկերներ ձեռք բերեցին եւ հիմա յուզւում են, որ պէտք է մեկնեն Հայաստանից: «Ես աղուոր տպաւորութիւն ունեմ, ամէն ինչ աղուոր է…», նկատեց Երուսաղէմից «Արի տուն» ծրագրին մասնակցող Նայիրուհին: Հարցին, թէ եթէ մէկ բառով նկարագրեն երկու շաբաթ Հայաստանում անցկացնելը, ի՞նչ կ՛ասեն` նրանք այսպէս պատասխանեցին. «Հոյակապ», «Հոյակապ», «Անմոռանալի»:
«Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման արարողութեան ներկայ էին գտնւում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը, սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանը, Երուսաղէմի միաբանութիւնից հայր Տիրանը, «Փիւնիկ» մարդակային պաշարների հիմնադրամի նախագահ Գաբրիէլ Չեմպերճեանն իր տիկնոջ հետ եւ այլոք: Վարչապետ Տիգրան Սարգսեանը դիմելով մասնակիցներին` ասաց. «Դուք հնարաւորութիւն ունէք շփուելու հայերէնով Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ, հնարաւորութիւն ունէք կատարելագործելու ձեր լեզուն, ամենակարեւորը` դուք այսուհետեւ զգում էք, թէ ինչպիսին է ձեր հայրենիքը: Եւ ուզում եմ ձեզ հաւաստիացնել, որ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը սա համարում է առաջնային խնդիր իր համար: Պատահական չէ, որ հանրապետութեան նախագահի առաջին քաղաքական նախաձեռնութիւններից մէկն էր սփիւռքի նախարարութեան ստեղծումը, որը պէտք է զբաղուի ամբողջ հայութեան միախմբման խնդիրներով, հայապահպան խնդիրներով: Եւ այսօր մենք ձեզ հետ միասին տեսնում ենք, թէ ի՛նչ հզօր ուժ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը, երբ մենք միասնական ենք լինում, եւ այս ճամբարը այդ միասնականութեան վկայութիւններից մէկն է»: «Արի տուն» ծրագրի մասնակիցները վարչապետին նուիրեցին «Արի տուն» գրութեամբ շապիկ եւ գլխարկ, իսկ ամառային դպրոցի մասնակիցները` հայկական խորհրդանիշներով քոլաժ-նկար:
Չորս օրուայ ընթացքում «Արի տուն» ծրագրի մասնակիցները հասցրել էին սովորել անգամ Բերդ եւ Քոչարի պարել, իսկ բացի աշակերտներից ոմանք, ովքեր չգիտէին հայերէն, միջոցառմանը արտասանում էին հայերէն բանաստեղծութիւններ: Ելոյթների հարթակից քիչ հեռու խարոյկի փայտերն էին հաւաքուած, որոնց ճարճատիւնը ուշ երեկոյեան կապոյտի մէջ, լսելի կը լինէր Կոտայքի մարզի Աղաւնաձորի սարերում… Երկու շաբաթուայ ընթացքում աշակերտներն այնքան էին ընկերացել իրար հետ, որ բաժանումը թւում էր պատրանքային…







All the contents on this site are copyrighted ©.