2013-05-14 13:47:39

ՀՀ Սփիւռքի Նախարարին Կոչը Համայն Հայութեան։


Սիրելի՛ Հայրենակիցներ
«Մայիսի 14-18-ը Շուէտի Մալմէօ քաղաքում տեղի կ’ունենայ «Եւրատեսիլ-2013» երգի մրցոյթը, որին Հայաստանից մասնակցելու է երգիչ Գոռ Սուճեան:
«Ուստի դիմելով ձեզ` խնդրում եմ համախմբուել, հետեւել կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մրցոյթներին եւ քուէարկել մեր երգչի, ձեր Հայաստանի օգտին:
«Ես դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին լի է հայկականութեամբ, ով պատրաստ է իր ներդրումն ունենալու` Հայաստան անունը միջազգային մրցոյթում բարձր պահելու գործում: Եթէ Եւրոպայում ապրող մեր հայրենակիցները փորձեն մասնակցել մեր շարժմանը, եթէ մի փոքր ժամանակ գտնեն մեր երիտասարդ երգչին աջակցելու համար, ապա յաղթանակը անխուսափելի կը լինի:
«Իւրաքանչիւր յաղթանակով պայմանաւորւում է ազգի հաւաքականութիւնը, հաւատն ու միասնականութիւնը: Վստահ եմ, որ Հայրենիքի եւ Սփիւռքի մեր հայրենակիցների տիեզերական էներգետիկան, աղօթքը փոխանցւում է մեր մասնակցին, ուժ, դրական լիցքեր հաղորդում նրան:
«Ակնյայտ է, որ ձեր բարոյական կորովի, սիրոյ եւ ջերմութեան կարիքն ունի Հայաստանը ներկայացնող Գոռ Սուճեանը` մեր տաղանդաւոր հայորդին, ում պէտք է գօտեպնդենք, ուժ տանք, հաւատանք նրա ձիրքին ու տաղանդին, եւ յաղթանակը մերը կը լինի:
«Մաղթանքս է, որ Գոռի ելոյթը յաղթական հրավառութիւն առաջացնի Հայաստանի եւ Սփիւռքի մեր հայրենակիցների սրտերում: Եւ հայի ճակատագրի համար յաղթանակների Մայիսը յաղթական լինի նաեւ «Եւրատեսիլ-2013»-ով, փայլուն նուաճում արձանագրի, որպէսզի Եւրոպայի երկնակամարում ծածանուի մեր յաղթական ԵՌԱԳՈՅՆը, եւ հայ ժողովուրդը, ինչպէս շախմատիստների յաղթանակների դէպքում, ըմբոշխնի հպարտութեան բերկրանքը:
«Իսկ յաղթանակի կարող ենք հասնել ոչ միայն Գոռի կատարումով, այլեւ մեր միասնականութեամբ, մեր քուէարկութեամբ: «Ակնկալում ենք Ձեր ակտիւ աջակցութիւնը»:








All the contents on this site are copyrighted ©.