“Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների յիշատակի
առջեւ: Նահատակներ, որոնց մեծ մասը նոյնիսկ շիրիմ չունեցաւ: Տարածաշրջանի բնիկ եւ
հնագոյն ժողովուրդներից մէկը բնաջնջուեց իր տանը եւ բռնագաղթի ճանապարհին: Տարածաշրջանի
բնիկ եւ հնագոյն ժողովուրդներից մէկը 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան հետեւանքով կորցրեց
հազարամեակների ընթացքում կուտակած հոգեւոր-մշակութային արժէքներ, որոնք, լինելով ազգային`
հայկական, որպէս արուեստի ստեղծագործութիւններ եւ քաղաքակրթական նուաճումներ` ունէին
նաեւ համաշխարհային նշանակութիւն: Տարածաշրջանի բնիկ եւ հնագոյն ժողովուրդներից մէկը
ցեղասպանութեան հետեւանքով կորցրեց հազարամեակների ընթացքում կուտակած նիւթական արժէքներ,
որոնք իւրացուեցին թուրքական պետութեան եւ նրա բնակչութեան կողմից: Տարածաշրջանի բնիկ
եւ հնագոյն ժողովուրդներից մէկը ցեղասպանութեան հետեւանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու
հնարաւորութիւնը եւ իրաւունքը: Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր պարտքն է գիտակցել,
ինչպէս նաեւ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել այն փաստի վրայ, որ ցեղասպանութեան
ժխտումը նոյն յանցագործութեան ուղղակի շարունակութիւնն է, եւ այդ յանցագործութիւնը ժամանակակից
Թուրքիայում շարունակւում է: Ոմանք մեզ առաջարկում են “100 տարի առաջուայ հին վէրքերը
չփորփրել, այլ նայել առաջ”: Մեր պատասխանը նման յորդորներին հետեւեալն է` Օրհան Փամուկին
եւ Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թէ՛ թուրքական, թէ՛
հայ հասարակութիւնների համար այս խնդիրն արդիական է եւ հրատապ: Սիրելի՛ հայրենակիցներ, Իւրաքանչիւր
ապրիլի 24 առիթ է նորոգելու մեր ուխտը` հաւատարիմ լինել հայոց պետականութեանը, որի գոյութիւնն
արդէն բացառում է եւ բացառելու է հայերի ցեղասպանութեան կրկնութիւնը: Եւ մենք` որպէս
պետութիւն ու որպէս ժողովուրդ, պայքարել եւ պայքարելու ենք աշխարհի որեւէ անկիւնում մարդկութեան
դէմ ուղղուած ամենադաժան յանցագործութեան` ցեղասպանութեան բոլոր դրսեւորումների դէմ`
ազգատեացութեան սերմանումից մինչեւ բնաջնջում, անտարբեր լռութիւնից մինչեւ ժխտում: Պայքարելու
ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կ’արգավիճակը”։