2013-03-13 10:34:19

Դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի կառուցեմ իմ եկեղեցին:


Քաղուած` Արհի. հայր Ռափայէլ արք. Մինասեանի
''Հաւատք եւ Աւետարանացում'' Շրջաբերական Թուղթէն

Անտարակոյս, Քրիստոսի հիմնած Եկեղեցին այն ընտրեալ ժողովուրդն է, որ Աստուած հրաւիրեց, պատրաստեց ու փրկեց իր Միածին Որդու Ս. Արիւնով: Եկեղեցին հիմնուած է այս խօսքի վրայ. «եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի կառուցեմ իմ եկեղեցին» (Մատթ.16, 18): Պետրոսը եւ տասնմէկ առաքեալները, ինչպէս նաեւ նրանց յաջորդները եղան ոչ միայն այս շինուածքի հիմքերը, այլեւ պարտականութիւն ունեցան շարունակելու Նոր Ուխտի աւետարանացումը՝ յուշելով հաւատացեալներին հաւատքի կարեւորութիւնը, խնամելով եւ ծառայելով նրանց հոգիների փրկութեան գործին: Առաքեալների շուրջ կազմուած հասարակութիւնը, որը սկիզբ առաւ Երուսաղէմում, ապա տարածուեց ամբողջ աշխարհում, եղաւ թթխմորը Ընդհանրական եկեղեցու:

Կորնթացիներին ուղղած առաջին թուղթի մէջ Պօղոս առաքեալն ասում է. «Գալով ինձ, ես առի Տիրոջից ինչ որ իմ հերթին աւանդեցի ձեզ»: (Կորնթ.Ա.11, 23-26): Պօղոսը, որ հալածում էր Յիսուսին հաւատացողներին, գալիս է ապացուցելու նրանց հաւատքի արժէքն ու կարեւորութիւնը իրենց փրկութեան համար, խրախուսելով նրանց հաւատալ, այնպէս, ինչպէս ինքը՝ Պօղոսը, հաւատաց Քրիստոսի խօսքին: Ճշմարիտ է, որ Եկեղեցին հիմնուեց Պետրոս առաքեալի անուանումով՝ որպէս իր եղբայրների մէջ առաջին պատասխանատուն, սակայն Եկեղեցին հաստատուեց վերջին ընթրիքի պահին, երբ Յիսուսը հացը կտրեց ու բաժանեց իր աշակերտներին, ասելով. «Առէ՛ք կերէ՛ք…», ապա բաժակը բարձրացրեց ու ասաց. «Այս բաժակը Նոր Ուխտն է իմ արիւնով, արէ՛ք այս իմ յիշատակի համար» (Կորնթ.Ա 11, 25): Իսկ «Լոյս Աշխարհի» (Lumen Gentium) կոնդակի մէջ կարդում ենք. «Քրիստոսը հաստատեց այս նոր դաշինքը, այսինքն՝ Նոր Ուխտի կանչելով հրեայ եւ բոլոր ազգերի ժողովուրդներին, որ հիմնուեն ոչ մարմնեղէն միութեան մէջ, այլ հոգւով կազմեն Աստծու ժողովուրդը («Լոյս Աշխարհի», Բ 9): Ուստի, եթէ մենք հաւատանք, կը դառնանք Աստծու ժողովուրդ: Քրիստոսին հաւատացողներ «Վերածնուէ՛ք ոչ թէ ապականութեան ենթակայ սերմից, այլ՝ անապականից՝ Աստծու կենդանի եւ մշտնջենական խօսքով» (Պետ.1, 23): Ահա մի քանի տողերի մէջ համառօտուած Նոր Կտակարանի Նոր Ուխտի՝ Միածին Որդու արիւնով հաստատուած Ուխտի բացայայտ ճշմարտութիւնը:








All the contents on this site are copyrighted ©.