2013-01-02 13:45:57

Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը Ամանորի Առիթով։


Գոհութիւն եւ փառք Աստծուն, ապրեցինք խաղաղութեան մէջ, ջանքեր գործադրեցինք հոգեւոր եւ ազգային մեր կեանքի զօրացման, մեր ժողովրդի բարօրութեան եւ առաջընթացի համար, ջանացինք յաղթահարել մեր առջեւ ծառացող խնդիրները։ Ունեցանք եւ՛ յաջողութիւններ, եւ՛ դժուարութիւններ։ Տագնապեցինք Մերձաւոր Արեւելքում ապրող մեր ժողովրդի զաւակների համար, որ շարունակում են կրել պատերազմական իրավիճակի նեղութիւնները։
Եկող նոր տարին մեր կեանքում առանձնանում է նախագահական ընտրութիւններով, որը մեր բարօր, արդար ու ծաղկուն կեանքի հաւատով պիտի դարձնենք բարի հանգրուան մեր երկրի կայուն առաջընթացի ու զարգացման, մեր հզօր Հայրենիքի կերտման ճանապարհին։
Բարի սպասումներով լի տարեմուտի այս պահին մեր աղօթքներում յիշենք Սիրիայում ապրող մեր ժողովրդի զաւակներին, բոլոր նեղեալներին ու կարօտեալներին, աղօթենք հեռւում գտնուող մեր մերձաւորների, 2012 թուականին ի Տէրը ննջածների համար։ Աղօթք բարձրացնենք Հայրենիքի սահմանները հսկող մեր բանակի եւ բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայական դիրքերում են դիմաւորում նոր տարին։
Թող Աստուած Իր օրհնութեան ներքոյ պահպանի ամէնքիս, սիրելիներ՝` պարգեւելով խաղաղ ու բարի օրեր, հայրենաշեն ու ազգանուէր ջանքերի արդիւնաւորում, առաջընթաց ու բարգաւաճում։ Թող 2013 թուականը լինի հոգեւոր արգասաւորութեան, բարիքով առատ, ձեռքբերումներով եւ ուրախութեամբ լեցուն տարի։ Շնորհաւոր նոր տարի։








All the contents on this site are copyrighted ©.