2012-01-04 13:02:39

՜՜2012-ը Աշխատանքի Տարի Պիտի Ըլլայ ՝՝ Կ՝ըսէ Նախագահ Սարգսեան Ամանորի Եւ Ս. Ծննդեան Առթիւ իր Ուղղած Շնորհաւորական Ուղերձին Մէջ։


Հայրենի Նախագահը կ՝ըսէ .
Ահա եւ պատմութիւն է դառնում 2011 թուականը:
Նոր տարին ընտանեկան տօն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը եւ բաժակ բարձրացնում` նայելով իրար աչքերի մէջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմաւորենք Նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կայ իւրաքանչիւրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակէտ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում Նոր տարուայ սահմանագիծը:
Որքան էլ տարբեր կողմերից նայենք, մէկ է` մեր նպատակները նոյնանում են, (կ՝ըսէ հայրենի նախագահը) երբ ասում ենք հայրենիք, Հայաստան, Արցախ, սփիւռք, խաղաղութիւն, ծնող, զաւակ։ Եկէ՛ք մեր մտքում ամբարենք անցած տարուայ մեր յաջող գործերն ու յաղթանակները` հպարտ ու փայլող շարասիւները. անցած տարում թողնենք անտարբերութիւնը, թշնամանքը… նոր` 2012 թուական տանենք իրար նեցուկ լինելու խոստումը եւ նոր յաղթանակների վճռականութիւնը` ի բարօրութիւն մեր հայրենիքի` Հայաստանի, Արցախի, սփիւռքի, յանուն խաղաղութեան ու արարման, յանուն մեր ընտանիքների, ծնողների, երեխաների, յանուն սահմանին կանգնած մեր որդիների:
Ներկայ Հայաստանում շատ բան անկատար է։ Անկասկած, մենք պիտի դառնանք այն երկիրը, որտեղ ամէն քայլափոխի զգացուի, թէ ովքեր ենք մենք, ինչ մեծ ու հարուստ աւանդոյթների ու քաղաքակրթութեան հետնորդներ ենք: Այս առումով 2012 թուականը նոյնպէս պէտք է լինի յամառ աշխատանքի տարի. միայն աշխատանքով է հնարաւոր բժշկել, խնամել, հոգ տանել ու յարմարաւէտ դարձնել կեանքը: 2012-ը աշխատանքի՛ տարի է լինելու:
Ինչպէս գիտէք, գալիք տարի նաեւ անցկացուելու են Ազգային ժողովի ընտրութիւններ:
Մենք մտնում ենք ոչ միայն Նոր տարի, այլեւ մեր երկրի ու հասարակութեան զարգացման նոր փուլ: Հաւատում եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետութեան ու հանրութեան գործունէութեան բոլոր ասպարէզներում:
Շնորհաւորում եմ ձեզ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ: Մաղթում եմ, որ այս օրերին տօնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրութիւնն ու լաւատեսութեան ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղութիւն եւ բարօրութիւն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին: Շնորհաւո՛ր Նոր տարի:








All the contents on this site are copyrighted ©.