2011-08-30 13:19:31

2011-ը Հայ Մանուկի Տարի։ Հռչակուած Արամ Ա.ին Վեհափառի կողմէ։
Աշխարհը Մանուկներու Աչքերով....
( Արմինէ Մելիք-Իսրայէլեան)


Ամենամեայ աւանդական տօնակատարութիւնների շարքում է 1925-ին Ժընեւեան քոնկրէսում երեխաների պաշտպանութեան համար հրաւիրուած համաշխարհային քոնֆերանսի ընթացքում վաւերականութիւն ստացած ՝՝Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը՝՝ որը տօնւում է 1950 թուականից իր մէջ ներառելով մատաղ սերնդի հանդէպ դրսեւորուող ուշադրութեան ու պաշտպանութեան յատուկ վերաբերմուքի կատարելագործման խնդիրների ուղղուած հոգածութիւն եւ առաջնահերթ վերաբերմունքի դրսեւորումներ, որոնք առաւել տօնական տեսք ու շուք են ստանում Յունիսին Երեւանում կազմակերպուած զանազան միջոցառումների, հրապարակային տօնակատարութիւնների, մանկական համերգների ու ցուցահանդէսների շնորհիւ։
Այսպէս Յունիսի մէկին, նման առիթ էր ընձեռնուել նաեւ Երեւանի Յովհաննէս Շարամբէեանի անւան Ժողովրդական ստեղծագործութեան կենտրոնի կողմից ՀՀ հանրակրթական դպրոցների երեխաներին՝՝ ԱՇԽԱՐՀԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ՝՝ նկարչական տասնօրեայ ցուցահանդէսի կազմակերպման շնորհիւ, ուր իրենց ստեղծագործութիւններով ներկայացել էին Երեւանի Եղիշէ Չարենցի անուան, Մուշեղ Իշխանի անուան եւ Վանաձորի թիւ 121 դպրոցների սաները։ Երեխաների աչքերով պատկերուած իւրաքանչիւր ստեղծագործութեան մէջ խօսում էին հայրենիքը, աշխարհը, իրենց շրջապատող միջավայրը խաղաղութեան մէջ տեսնելու գունեղ ցանկութիւնները, որոնք իրենց պարզ ու մաքուր արտայայտչա-ձեւերի մէջ նոյնքան իմաստալից էին։
Ներկայացուած աշխատանքներում երակշռում էր հայրենի խորհրդանիշներով արտայայտուելու մօտեցումը, որը գալիս է փաստելու, որ 5-ից 13 -տարեկան երեխաների մէջ արդէն ձեւաւորուած է հայրենիքի ու նրա հանդէպ սիրոյ, պաշտամունքի գաղափարը, նրանց իմացութիւնը իրենց պատմութեան մասին ։ Այս շարքին էին պատկանում Մ. Իշխանի անուան դպրոցի սանուհի 9 ամեայ Դիաննա Ասատրեանի, 11 ամեայ Գոռ Պապիկեանի, Վանաձորի թիւ 121 դպրոցի աշակերտուհի 7 ամեայ Ռուզան Սարուխանեանի, Չարենցի անուան դպրոցի աշակերտուհի 13 ամեայ Մարիա Արամեանի աշխատանքները, որոնք խօսում էին երեխաների մէջ ձեւաւորուող անհատական վերաբերմունքի մասին, հանդէպ իրենց շրջապատող իրականութիւնն ու նրանից ներս ու դուրս տեղի ունեցող իրադարձութիւնները՝ ինֆորմացիոն հեղեղի մէջ։ Խաղաղութեան, բարութեան ու սիրոյ գաղափարը իշխում էր ոչ միայն Հայաստանը խորհրդանշող նկարներում, այլ՝ նատիւր-մորտներում, բնանկարներում, ուր երեխաները իրենց գունամտածողութեամբ ստեղծել էին հայկական, ազգային երանգապնակին հարազատ գունապատկերներ, ուր վառ արտայայտուած էր իր ինքնութիւնը գիտակցող մանուկի ազգային պատկանելութեան գիտակցումը։
Մանկական այս ցուցահանդէսին համերգային կատարումներով իրենց մասնակցութիւնն էին բերել Թալինի երաշտական դպրոցի սաներն ու սանուհիները։









All the contents on this site are copyrighted ©.