2011-07-30 12:38:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Լեհաստանի Հանրապետութեան Նախագահին


Յուլիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի նախաահ Բրոնիսլաւ Կոմորովսկուն՝` ուղեկցութեամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Լեհաստանի նախագահի այցը ամենայն հայոց հոգեւոր կենտրոն, անդրադարձաւ Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարութեանը հայ ժողովրդի կեանքում։ Իր խօսքում Նորին Սրբութիւնը նշեց, որ քրիստոնէական հաւատը եւ արժէքներն են հիմքը կազմում հայ եւ լեհ ժողովուրդների դարաւոր բարեկամութեան, որից դրդուած դարերի ընթացքում հայորդիները տարբեր պատմական հանգամանքներում ապաստան են գտել հաւատակից եղբայր լեհ ժողովրդի հիւրընկալ երկրում։
Իր հերթին Լեհաստանի նախագահ Բրոնիսլաւ Կոմորովսկին ուրախութիւն յայտնեց Հայոց Եկեղեցու նուիրական կենտրոնում գտնուելու առիթով։ Իր խօսքում տիար Կոմորովսկին ընդծեց, որ Լեհաստանը պէտք է ոչ միայն շարունակի պահպանել բարեկամութիւնը, այլեւ նպաստի համագործակցութեան զարգացմանը եւ նաեւ իբրեւ Եւրամիութեան նախագահող երկիր՝` զօրակից լինի Հայաստանին Եւրամիութեան Արեւելեան գործընկերութեան ծրագրի շրջանակներում։
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Հայ Առաքելական եւ Կաթողիկէ Եկեղեցիների ջերմ փոխյարաբերութիւնների մասին։ Վերջում Նորին Սրբութիւնը առաջընթաց եւ բարօրութիւն մաղթեց Լեհաստանի ժողովրդին՝` յորդորելով շարունակել պահպանել հաւատի խորը զգացումը։










All the contents on this site are copyrighted ©.