2011-07-20 13:05:35

Գարեգին Բ. Ընդունեց Լիոնի Քաղաքապետը։


Յուլիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին։ Քաղաքապետն ուրախութեամբ անդրադարձաւ երկու ժողովուրդների բարեկամութեանը միջպետական, մշակութային եւ հոգեւոր ոլորտներում։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակութիւն յայտնեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ յարաբերութիւններն ամենաբարձր մակարդակի վրայ են զարգանում, իսկ տարբեր քաղաքների միջեւ կապերը սերտանում են եւ ձեւաւորւում են համագործակցութեան նոր հեռանկարներ։ Նորին Սրբութիւնը նաեւ ուրախութեամբ վերյիշեց Ֆրանսիայ կատարած հովուապետական այցի ընթացքում իր ունեցած հանդիպումը Լիոնի քաղաքապետի հետ։
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդրի մասին։ Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնը երախտագիտութիւն յայտնեց Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանութիւններին՝` ցեղասպանութիւնից յետոյ հայ ժողովրդի զաւակներին ընդունելու եւ նրանց՝` կեանքի վերակազմակերպման ու երկրի կեանքին լիարժէք մասնակցութեան հնարաւորութիւններ ընձեռելու համար։ Մեր ժողովուրդը երախտապարտ է ֆրանսիայի իշխանութիւններին նաեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման համար, - նշեց Վեհափառ Հայրապետը՝` յաւելելով, որ հայ ժողովուրդը շարունակելու է հետամուտ լինել ցեղասպանութեան ճանաչմանը, որպէսզի արդարութիւնը յաղթանակի, եւ երբեք նման ոճիր այլեւս տեղ չգտնի մարդկութեան կեանքում։
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ երկու երկրների ու ժողովուրդների յարաբերութիւններն ամուր ու անխախտ մնան եւ ծառայեն մարդկութեան խաղաղութեանն ու բարօրութեանը։










All the contents on this site are copyrighted ©.