2011-04-22 11:39:22

Աւագ Հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ապրիլի 21-ին, վաղ առաւօտից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուեցին Աւագ Հինշաբթի օրուայ արարողութիւնները։ Միածնաէջ Սուրբ Տաճարում առաւօտեան ժամերգութեան աւարտին կատարուեց Ապաշխարողաց կարգը, ապա մատուցուեց Սբ Պատարագ՝ ի յիշատակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի ժամանակ Սուրբ Հաղորդութեան խորհրդի հաստատման։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Շահ աբեղայ Անանեանը։ Կէսօրից յետոյ Մայր Տաճարում կատարուեց Ոտնլուայի արարողութիւնը։ Միաբանների թափօրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդիսապետութեամբ աղօթքների ընթերցումից յետոյ Ս Խաչով եւ Աւետարանով օրհնուեցին իւղն ու ջուրը։ Հայրապետական Պահպանիչ աղօթքից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Յիսուս Քրիստոսի օրինակով ծնրադիր լուաց եւ օրհնուած իւղով օծեց առաքեալներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը։ Ոտնլուայի համար ընտրուել էին երկու եպիսկոպոսներ, երկու աբեղաներ, երկու ճեմարանականներ, համալսարանական երկու երիտասարդներ, երկու զինուորներ եւ երկու մանուկներ։ Արարողութիւնից յետոյ օրհնուած իւղը սարկաւագները բաժանեցին ներկայ հաւատաւոր ժողովրդին։








All the contents on this site are copyrighted ©.