2010-11-28 13:45:14

Բարի գալուստ Հայաստան կին դիւանագետների եւ դիւանագետների կանանց ընկերակցութեան անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։


Նոյեմբերի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բարի գալուստ Հայաստան կին դիւանագետների եւ դիւանագետների կանանց ընկերակցութեան անդամներին՝ գլխաւորութեամբ ընկերակցութեան նախագահ տիկ Նատալիա Նալբանդեանի։

Ողջունելով հիւրերին՝ Նորին Սրբութիւնը գնահատանքով անդրադարձաւ այն կարեւոր ծառայութեանը, որ ընկերակցութեան անդամներն իրականացնում են ժողովուրդների միջեւ յարաբերութիւնների սերտացման, բարեկամական կապերի ամրապնդման գործում, բարեգործական տարբեր ձեռնարկներում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիւանագետների կանանց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը հայ ժողովրդի կեանքում, տեղեկացրեց Մայր Աթոռի կողմից իրականացուող գործունեութեան մասին, անդրադարձաւ խոնարհուած եկեղեցիների վերականգնմանը եւ նոր եկեղեցիների կառուցմանը, ժողովրդի քրիստոնէական դաստիարակութեան ծրագրերին, նոր հոգեւորականների պատրաստութեանը, ինչպէս նաեւ Հայ Եկեղեցու հովանու ներքոյ գործող տարբեր ընկերային ծառայութիւններին։

Ներկաներին հնարաւորութիւն ընձեռուեց հարցեր ուղղել Նորին Սրբութեանը, որոնք վերաբերում էին հիմնականում Հայ Եկեղեցու միջեկեղեցական եւ միջկրօնական յարաբերութիւններին, տարբեր երկրներում գտնուող հայ համայնքներին։

Հանդիպման վերջում տիկին Նալբանդեանը ընկերակցութեան անդամների անունից Նորին Սրբութեանը երախտագիտութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար։ Ապա խումբն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ծանօթացաւ Հայ Եկեղեցու նուիրական սրբութիւններին եւ հոգեւոր արժէքներին։

Մայր Տաճար այցելութիւնից յետոյ ընկերակցութեան անդամներն այցելեցին Էջմիածնի հայորդեաց տուն, որտեղ նրանց ողջունեց Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքոյ գործող հայորդեաց տների հոգեւոր տեսուչ Տ Կոմիտաս վարդապետ Յովնանեանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ խմբի անդամները ծանօթացան Հայորդեաց տան սաների աշխատանքներին, ապա ներկայ գտնուեցին երեխաների ներկայացրած համերգին։ Վերջում սաներն իրենց աշխատանքներից ընծայեցին դիւանագետների կանանց։








All the contents on this site are copyrighted ©.