2010-11-24 12:59:20

Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ Յովիկ Աբրահամեան Սուրիա Կատարած իր Պաշտօնական Այցելութեան Ծիրին Մէջ Ելոյթ Ունեցաւ Սուրիոյ Խորհրդարանին Մէջ։


Շատ ուրախ եմ հիւրընկալուելու մի երկրի խորհրդարանում, որը՝ Սուրիայի երջանկայիշատակ նախագահ Հաֆէզ Ասատի խօսքերով, հայերի երկրորդ հայրենիքն է։ Այսինքն, ես գտնւում եմ ոչ միայն բարեկամ, այլեւ հարազատ երկրում (ըսաւ Յովիկ Աբրահամեան)։

Մենք երախտագիտութեամբ ենք յիշում մեր պատմութեան ծանրագոյն պահերին սուրիացի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցութիւնը։ Երբ օսմանեան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպուած ոճրագործութեան հետեւանքով ցեղասպանուեց եւ հայրենազրկուեց իր հողի վրայ ապրող եւ արարող հայ ժողովրդի ստուար հատուածը, Սուրիայում փրկութիւն եւ ապաստան գտան հայութեան մազապուրծ բեկորները։ Այս հիւրընկալ երկրի շնորհիւ նրանք ամրացան, ոտքի կանգնեցին, եւ այսօր՝ պահպանելով իրենց ազգային նկարագիրն ու կրօնը, հանդիսանում են Սուրիայի հաւատարիմ ու օրինապաշտ քաղաքացիներ եւ բարեկամութեան յուսալի կամուրջ մեր երկու երկրների միջեւ։
1991 թուականին Հայաստանի անկախացումից յետոյ Սուրիան առաջիններից էր, որ ճանաչեց եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատեց Հայաստանի հետ։ Հայ- Սուրիական յարաբերութիւնները ջերմ են եղել նաեւ խորհրդային ժամանակներում։ Հայրենադարձութեան առաջին ալիքներից մէկը 1948 թուականին սկսուեց հէնց այս երկրից։
Հայաստանում մինչ այսօր էլ ջերմութեամբ են յիշում ուղիղ 30 տարի առաջ Սուրիայի լուսահոգի նախագահ Հաֆէզ Ասատի այցը Խորհրդային Հայաստան, իր այցելութիւնը Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիր եւ յարգանքի տուրքի մատուցումը անմեղ զոհերի յիշատակին։







All the contents on this site are copyrighted ©.