2010-09-21 13:13:39

2010-ը ՀԱՅ ԿՆՈՋ ՏԱՐԻՆ .


ՀԱՅ ԿՆՈՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀՈԼՈՎՈՅԹԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ.

Հայ կնոջ մասին աւանդական հասկացողութիւնը հետեւեալն է

Հայ կինը ընտանեկան յարկի տակ գոյութիւն ունեցող բոլոր բարոյական եւ ազգային ն արժէքների եւ յարաբերութիւնների առանցքն է։ Նա պարկեշտ է, համեստ, չարքաշ աշխատող եւ իր ամուսնու եւ զաւակների բարոյախօսական պատուանդանը։ Նա առաջին հերթին հանդէս է գալիս որպէս զոհաբերող եւ հաւատաւոր անձ իր զաւակների հանդէպ, եւ յետոյ՝ բնորոշւում է որպէս ընտանեկան տնտեսականի կարգաւորող եւ կառավարող։ Առաջին դէպքում, եթէ նրա խառնուածքի մէջ գերիշխող է փոքր ի շատէ զգացական տարրը, ապա երկրորդի մէջ նրան գտնում ենք սահմանափակ նիւթական գործարք ունեցողի իրապաշտական դերում։

Նահապետական ընտանիքում խիստ կայուն են բարքերը, սովորութիւնները եւ մեծի ու փոքրի փոխադարձ հանդուրժողականութիւնը։

Կնոջ սիրոյ մասին ունեցած այն ժամանակուայ պատկերացումը մեզ համար հիմա միանգամայն վերացական է թւում եւ ունի վիպապաշտական բնոյթ։



Սէրը հայ իրականութեան մէջ ունի պղատոնական վերացականութիւն, եւ ինչպէս բանահիւսութեան տարբեր հատուածներում է նշւում, սիրող անձերը բազմաթիւ արգելքներ վերացնելով են արգասաւորում այն։ Գիւղական շրջաններում կենցաղային յարաբերութիւնների անմիջականութեան բերումով սիրոյ պատմութիւնը միանգամայն զերծ է քաղքենի արդ ու զարդից եւ աւելի հովուերգական բնոյթ ունի, սակայն այստեղ էլ իրենց վճռական դրոշմն են դնում կրօնական հասկացողութիւնները, դասակարգային դրոյթները, սնոտիապաշտութիւնը, առտնին կենցաղային եւ ժառանգական վիճակները, ազգային ըմբռնումները եւ ի վերջոյ տնտեսականը՝ որպէս զօրացուցիչ շեշտ։



Այս բոլորը բանահիւսութեան քնարական մակերեսի վրայ, ինչպէս նաեւ ստեղծագործութեան ընդհանուր հիւսուածքում, ժողովրդի բնատուր բանականութեան եւ տրամաբանութեան միջոցով հանդէս են գալիս իրական ներդաշնակութեամբ, եւ սիրային որեւէ ժողովրդական ստեղծագործութիւն ուսումնասիրելիս՝ գտնում ենք, որ յիշեալ ազդակները թէ՛ թեմայի եւ թէ՛ արտայայտութեան ձեւերի մէջ հանդէս են գալիս պատճառական կամ տրամադրողական էութէամբ։

Ժողովրդական վէպի առաջին եւ հիմնական կին տիպարը եղել է Ծովինարը։ Նա ծագումով ազնուական է եւ պատկանում է արքայական տոհմի, սակայն ժողովուրդը նրան տուել է ոչ դասակարգային բնոյթ։ Այս իշխանուհին իր ազային ուրոյն նկարագրով եւ մարդկային ըմբռնումներով միանգամայն բնորոշւում է որպէս հայ կին։ Եթէ դէն նետելու լինենք առասպելի քղանցքը, ապա նրա յղացման մէջ կը տեսնենք հայրենի հողից ու ջրից, հայրենի տարերքից ստացող եւ նրանից առաջացող Սանասար եւ Պաղտասարին, որոնք փաստօրէն ծնւում են ոչ թէ մի հասարակ մօրից, այլ Մայր Հայրենիքից եւ այստեղ առասպելի տրամաբանութիւնը Ծովինարին դարձնում է մի Մայր Հայաստան, որը ծնում է իր ազգային տարերքից ոչ թէ միայն միս ու մարմին ունեցող զաւակներ, այլ՝` գաղափարաբանութիւն։ Միեւնոյն տեսակէտին հանդիպում ենք Մանուկ Աբեղեանի վերլուծականում։

Որպէս սկիզբ, թերեւս ժողովուրդը Ծովինար իշխանուհու էութեան մէջ բիւրեղացրել է հեթանոսական շրջանի Անահիտ աստուածուհուն եւ պատահական չէ, որ Մայր Ամենայն Գթութեանց, Ոսկեմայր եւ Մեծ Տիկին որակումների ործնական տարբերակները գտնում ենք ժողովրդի կողմից Ծովինար իշխանուհուն վերագրուած ածականներում, ի հարկէ այս վերարումը բառացի չի կատարուել։

Հայ ժողովուրդը Ծովինարի տիպարի ստեղծումով բիւրեղացնում է Մայր Հայրենիքի եւ նրան որպէս խորհրդանիշ ծառայող հայ կնոջ բեղմնաւորման եւ սերնդների ստեղծման ու, ինչպէս հետագայում դիւցազնավէպի մէջ է նշւում, նրա դաստիարակչական էութիւնը։

Միջանկեալ կարժէ աւելացնել, որ պատմութեան փոթորկալից շրջանների ընթացքին կնոջ եւ սիրոյ մասին ունեցած պատկերացումը թէեւ օտարամուտ քաղաքակրթութիւնների ներգործման ենթարկուելով՝ որոշ փոփոխութիւններ է կրել, սակայն հայ զանգուածների մէջ աւանդականը իր կառուցուածքային հարազատութեամբ նուիրագործուել է որպէս առանցքային հիմնական գաղափար, այսօր եւս մենք շատ տարրեր ունենք կնոջ մասին մեր ունեցած պատկերացումների մէջ, որոնք գալիս են անյիշելի ժամանակներից որպէս արձագանգներ, որոնք կրում են ենթագիտակցային ընկալման բնոյթ։








All the contents on this site are copyrighted ©.