2010-08-10 12:40:04

Հայազգի Նշանաւոր Դէմքեր

Միջնադարեան Շրջանի Հայ Բժիշկներ՝ Մխիթար Հերացի։


Մխիթար Հերացի - Միջնադարեան բժշկութեան ակնառու դէմքերից մէկն է Մխիթար Հերացին: Նրա գիրքը կոչւում է՝ ՜՜Ջերմանց մխիթարութիւն՝՝ եւ գրուել է 1184 թուականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկութեամբ: Անուանեցաք ՜՜Ջերմաց մխիթարութիւն՝՝, զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիւանդն՝ առողջութեամբ (Հանր.):

Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել: Նա գրել է ակնաբուժական գիրք, որտեղ նկարագրել է աչքի հիւանդութիւններրի տեսակները եւ դրանց բուժման դեղերը: Ներսէս Շնորհալի կաթողիկոսը (1098-1173 թ.) նրան անուանել է բժշկապետ եւ աստղագէտ:

Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունենք: Այդ տեղեկութիւնների սկզբնաղբիւրն է համարւում իր գրքի ներածականի բովանդակութիւնը, որից պարզւում է, որ նա ծնուել է 12րդ դարի առաջին կէսի ժամանակահատուածում (շուրջ 1120թ.), Պարսկաստանի Խոյ քաղաքում. պատմական Հայաստանի Խոռխոռունեաց իշխանների պատկանող շրջան, որը Զարեւանդ գաւառի հարեւանութեամբ կազմել է մէկ միասնական վարչական միաւոր՝ Ուրմիա լճի հիւսիսարեւմտեան կողմում: Փոքր հասակից սիրել է բժշկութիւնն ու իմաստութեան արուեստը:

Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մէկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատուածներ, որոնք պահւում են Մատենադարանում: Հերացու գրքերից մէկի բովանդակութիւնն, ինչպէս ինքն է մատնանշում, պարփակւում է միայն ջերման երեք տեսակների ախտաճանաչման եւ բուժման մէջ, եւ այն չէր ծաւալուել ամբողջ բժշկական գիտութիւնների բնագաւառում: Նա լաւապէս տիրապետել է արաբերէնին, պարսկերէնին եւ յունարէնին: Այս լեզուները սովորելը եւ տիրապետելը պատահական հիմք չէ ունեցել, քանի որ այն օրերի աշխարհում նշուած լեզուներով բժշկագիտական հարուստ գրականութիւն կար, եւ տուեալ ազգերի մէջ բաւականին զարգացած եւ առաջացած էր բժշկութիւնը:

Հերացին իր գրքի ներածականում յիշատակել է, որ իր գիրքը գրելիս օգտուել է նշեալ աղբիւրներից թարգմանաբար, սակայն բանասէրները այն կարծիքին են, որ գիրքը լոկ թարգմանութիւն չէ եւ հայ բժշկապետը ունի իր սեփական ներդրումները եւս այդ գրքում: Իր իսկ ասութեամբ, նա գիրքը գրել եւ թարգմանել է: Նա բացի վերը նշուած գրքից, գրել է նաեւ այլ բժշկական գրքեր եւս, որոնք ամբողջական կերպով մեզ չեն հասել: Դրանցից որպէս պատառիկներ մնացել է բժշկական այլ գրքոյկներում: Այս բոլորով հանդերձ, անվարան կարելի է եզրակացնել, որ Մխիթար Հերացին եղել է մեր բժշկական գրականութեան հիմնադիրը, որից յետոյ իրենց բաժինն են ներդրել յաջորդ ժամանակների հայ բժիշկները:








All the contents on this site are copyrighted ©.