2009-11-02 12:59:36

Սողոմոնի Իմաստութեան Գիրքէն։


RealAudioMP3 Սողոմոնի Իմաստութեան Գիրքէն։

4 Լաւ է անզաւակ լինել, բայց առաքինի, որովհետեւ առաքինի մարդու յիշատակն անմահութիւն է, որ ճանաչւում է թէ՛ Աստծու կողմից եւ թէ՛ մարդկանց։ 2Առաքինութեանը հպուելիս՝ մարդիկ նմանւում են նրան, հեռանալուց յետոյ՝ անձկագին փափագում։ Յաւիտենութեան մէջ նրանք, պսակաւորուած, պիտի ճեմեն եւ տօնեն իրենց յաղթանակը՝ անթառամ նահատակութեան պատերազմում յաղթած լինելու համար։ 3Ամբարիշտների բազմածին զաւակները պիտանի չեն լինի, փտած շիւերը խոր արմատներ չեն տայ, եւ հաստատուն չի լինի խախուտ հիմքը։ 4Ու թէեւ միառժամանակ ճիւղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատուած՝ պիտի տարուբերուեն հողմից եւ հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։ 5Արմատի շուրջն աճած թոյլ շիւերը պիտի կոտրատուեն, ժամանակին չի հասունանալու նրանց պտուղը՝ ուտելու համար եւ ոչ մի բանի պիտանի չի լինելու։ 6Ապօրինի անկողնուց ծնուած որդիները դատաքննութեան ժամանակ իրենց ծնողների անբարոյականութեան վկաներն են լինելու, 7իսկ արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կը գտնի։ 8Պատուաբեր ծերութիւնը ո՛չ երկարակեցութեամբ է չափւում եւ ո՛չ էլ ապրած տարիների թուով, 9այլ մարդու համար իմաստութի՛ւնն է նրա ալեհերութիւնը, եւ անարատ կեա՛նքն է նրա ծերութեան հասակը։ 10Կար մի արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն, Աստուած սիրեց նրան, եւ նրան՝ իր կենդանութեան ժամանակ՝ մեղաւորների միջից փոխադրեց երկինք։ 11Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը, կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին։ 12Անզգամութեան չար նախանձը շեղում է բարուց, եւ ցանկասիրութեան կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։ 13Այդ արդարը կատարելութեան հասաւ կարճ ժամանակում, եւ որովհետեւ նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մէջ։ 14Իսկ մարդիկ տեսան դա եւ չհասկացան,ոչ էլ նոյնիսկ մտածեցին, 15թէ Աստծու արդարութիւնը իր սրբերի վրայ է, եւ նրա ձեռքն անպակաս է իր ընտրեալների վրայից։ 16Հանգուցեալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, եւ վաղ հասունութեան հասած երիտասարդութիւնը դատապարտում է բազմամեայ անիրաւ ծերութիւնը։ 17Իմաստունի վախճանը տեսնում եւ չեն հասկանում, թէ ինչ է խորհել Տէրը նրա մասին եւ ինչից է զգուշացրել նրան։ 18Մարդիկ կը տեսնեն եւ կ՚արհամարեն նրան, մինչդեռ Տէրը պիտի ծիծաղի նրանց վրայ։ 19Եւ դրանից յետոյ նրանք պիտի լինեն անարգ կործանման եւ ամօթանքի մէջ՝ յաւիտենական մեռելների հետ, որովհետեւ Տէրը պիտի պայթեցնի նրանց ուռած անշշունջ մարմինները, հիմքերից պիտի շարժի նրանց, մինչեւ որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջուեն ցաւերի մէջ. եւ պիտի կորչի նրանց յիշատակը։ 20Իրենց կուտակած մեղքերից տագնապած՝ նրանք պիտի հասնեն դատաստանի օրուան, եւ նրանց գործած անիրաւութիւնները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ։








All the contents on this site are copyrighted ©.