2009-10-11 09:11:39

Հոկտեմբեր ամիսը հայ մշակոյթի ամիս Շնորհաւոր Թարգմանչաց տօնը...


Հոկտեմբեր ամիսը հայ մշակոյթի ամիս Շնորհաւոր Թարգմանչաց տօնը...

Ազգերի կամ ժողովուրդների կեանքում կան դէպքեր ու իրադարձութիւններ, որոնք առանց այլեւայլի՝ առանձնակի դեր են ունենում կամ խթան հանդիսանում, որպէսզի այդ ազգը կամ ժողովուրդը էապէս կազմաւորւի, հզօրանայ եւ արմատներ ձգի իր սեփական հողի վրայ:
5-րդ դարը կամ մեր անւանումով՝ Ոսկեդարը իր մէջ է ներառում բազմաթիւ փայլուն ու սխրանք ներկայացնող էջեր: Հայ ժողովուրդը դարեր շարունակ հալածանքի ենթարկւելով հարեւան ու օտար պետութիւնների կողմից՝ արդէն իսկ ուժասպառ էր դարձել ու երկիրը երկու մասի բաժանւել եւ դա պատճառ էր դարձել, որ մշակութապէս կործանման եզրին կանգնի: Բայց, չէ՞ որ իւրաքանչիւր ժողովրդի գոյատեւման երաշխիքն է համարւում իր սեփական լեզուն ու մշակոյթը, իսկ հայ դպրոցներում տիրական էին՝ պարսկերէն, ասորերէն եւ յունարէն լեզուները:
Հայոց մեծ հանճար եւ մեծ հայրենասէր Մեսրոպ Մաշտոցի, ժամանակի կաթողիկոս Սահակ Պարթեւի ու Վռամշապուհ թագաւորի թափած ջանքերի արդիւնքը հանդիսացաւ, որ, ի վերջոյ, յօրինւեն հայոց գրերը եւ վերջնականապէս կորստից փրկւի հայ մշակոյթը եւ որի ձեւաւորման տակ հետագայում հայ մարդը փարւած պիտի մնար իր սեփական գիր ու գրականութեանը, իր սեփական մշակոյթին: Տեղին է յիշատակել, որ Հացեկացի այդ հրաշք մարդը՝ Մեսրոպ Մաշտոցը, որ պալատական պաշտօնեայ էր, ազգի շահը գերադասեց այն բոլոր հարստութիւններից, որ կարող էր ձեռք բերել շնորհիւ իր պաշտօնի:
Ինչեւէ, Մեսրոպ Մաշտոցը գրերի գիւտից յետոյ իր շուրջը հաւաքւած հմուտ ու գիտուն աշակերտների միջոցով հիմքը դրեց հայոց դպրոցների, որտեղ պիտի դասաւանդւէին հայերէն գրերով դասագրքերը: Հետագայում թարգմանւեց նաեւ (յունարէնից) Աստւածաշունչը, որը յայտնի դարձաւ թագուհի թարգմանութեանց անունով:
Եւ այդ ժամանակաշրջանից մեր ժողովուրդը գօտեպընդւած Մեսրոպեան գաղափարախօսութեամբ ու տոգորւած ազգային ոգով՝ ազգովի աւելի ու աւելի ամրապընդւեց եւ կարողացաւ իր դարաւոր թշնամիների եւ ազգակուլ համաշխարհայնացումից ձերբազատւել ու հասնել այսօրւայ փառապանծ օրերին, որը չնայած ոչ-ամբողջական, բայց ապրում է իր պատմական հայրենիքի մի փոքր տարածքի վրայ՝ որպէս ազատ եւ անկախ հանրապետութիւն:
Բնական է, միակամ ու մշակոյթ ունեցող ժողովուրդները չեն մեռնում: Եւ որպէսզի միշտ մնանք զօրեղ ու յառաջադէմ՝ այս օրերում կարեւոր ենք համարում.
ա) Անաղարտ պահել մեր լեզուն ու մշակոյթը:
բ) Սփիւռքում պահապանը լինենք մեր մշակութային եւ ուսումնական կենտրոնների:
գ) Իսկ ամենավտանգաւորն ու սարսափելին՝ դէմ գնալ արտագաղթին, որը մասամբ կատարւում է «Հայազ» կոչեցեալի միջոցով:
Փառք՝ մեր ժողովրդին, հազար փառք՝ Ս. Թարգմանչաց տօնին:







All the contents on this site are copyrighted ©.