2018-04-23 10:35:00

Հայկական ծէսով Սուրբ Պատարագ է մատուցուել Սանկտ Պետերբուրգի հայ կաթողիկէ համայնքի համար:


Ինչպէս յայտնում է ռուսական Gaudete.ru  լրատուամիջոցը, 2018թ. ապրիլի 21-ին Սանկտ Պետերբուրգի Եկատերինա Ալեքսանդրիյսկայա  կաթողիկէ եկեղեցում տեղի հայ կաթողիկէ համայնքի համար առաջին անգամ մատուցուեց Սուրբ Պատարագ՝ հայկական ծէսով՝ ձեռամբ Ռուսաստանի հայ կաթողիկէների առաջնորդական փոխանորդ, Մոսկուայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի:

Հայերը Սանկտ Պետերբուրգում սկսել են բնակութիւն հաստատել քաղաքի հիմնադրման գրեթէ առաջին օրերից: Առաջին յիշատակութիւնը այդ մասին թուագրում է 1708թ.: Պաշտօնական տուեալներով, Պետերբուրգում այժմ ապրում է մօտ 20.000 հայ, իսկ թէ ինչքան է հայ կաթողիկէների թիւը, առայժմ հաշուարկների և վերլուծութիւնների կարիք ունի, ասել է Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը, ով այժմ աշխատում է հայ կաթողիկէ համայնքը վերակազմակերպելու ուղղութեամբ: «Այս առաջին Սուրբ Պատարագն է, որ մատուցուեց Պետերբուրգում, և ես յուսով եմ, որ սա կլինի սկիզբը՝ հայ կաթողիկէ ընտանիքների նկատմամբ եկեղեցական մշտական հոգևոր խնամքի»ասել է Հայր Սուրբը:

Ապրիլի 21-ի առաջին Սուրբ Պատարագին ներկայ են եղել շուրջ երկու տասնեակ հայ կաթողիկէներ, բայց թէ՛ հաւատացեալները և թէ՛ առաջնորդական փոխանորդը վստահ են, որ այդ թիւը յաջորդ խորհրդակատարութիւնների ժամանակ աճելու է:

Այժմ Ռուսաստանում ապրում են մօտ 100.000 հայ կաթողիկէներ, հիմնականում Ռուսաստանի հարաւային շրջաններում և Մոսկուայում: Ամբողջ Ռուսաստանում այժմ սպասաւորում է 3 հայ կաթողիկէ հոգևորական՝ ովքեր հաստատուած են Մոսկուայում, Վենյովում և Կրասնոդարում:








All the contents on this site are copyrighted ©.