2018-04-10 09:47:00

Աղաճանեան կենտրոնում տեղի ունեցաւ 2018-ի առաջին երիտասարդական մեծաթիւ հանդիպումը


2018-ի երիտասարդական միջոցառումների բացումը տեղի ունեցաւ ապրիլի 7-ին՝ Աղաճանյան հայ կաթողիկէ կենտրոնում՝ մօտ 163 երիտասարդների մասնակցութեամբ, ովքեր եկել էին Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից:

Առաւօտեան երիտասարդներին իր ողջոյնի խօսքն ուղղեց կենտրոնի տնօրէն Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը՝ ուշադրութիւն հրաւիրելով երիտասարդական հանդիպումների բնոյթի, կազմակերպչական և կարգապահական հարցերի վրայ՝ խնդրելով ճշտապահ լինել և յարգել օրակարգը, հանդիպումների նպատակն ու առանձնայատկութիւնները:

Սուրբ Պատարագը մատուցեց Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը:

Երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը երիտասարդներին ներկայացրեց Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը՝ 33-րդ համաշխարհային երիտասարդական օրուայ առթիւ՝ ներշնչուած Ղուկաս աւետարանիչի «Մի՛ վախեցիր, Մարիամ, Աստծուց դու շնորհ գտար» (Ղկ. 1,30) համարից: Սրբազան Քահանայապետը վերլուծում է այս համարի իւրաքանչիւր բառի իմաստը՝ յատկապէս շեշտադրելով «մի՛ վախեցիր» արտայայտութեան կարևորութիւնը ներկայ ժամանակներում ապրող երիտասարդի համար: Ինչպէս Մարիամի պարագայում, մեր այսօրեայ երիտասարդի համար էլ քաջութեան հիմքն այն վստահութիւնն է, թէ Աստծոյ շնորհը մեզ՝ իւրաքանչիւրիս հետ է, ով աղօթական երկխօսութիւն ունի Աստծոյ հետ: Հայր Գառնիկը անդրադարձ կատարեց աղօթքի էութեան վրայ՝ շեշտելով աղօթքի հոյժ կարևորութիւնը երիտասարդ տարիներին վճռորոշ որոշումներ կայացնելու ընթացքում: Աղօթքը օգնում է լինել անվախ և անհնարինը դարձնում հնարաւոր. «Երբ մենք բացւում ենք Աստծոյ շնորհի առջև, անհնարինը դառնում է իրականութիւն», գրում է Սրբազան Քահանայապետը:

Նորին Սրբութիւն Սրբազան Քահանայապետը յատուկ շեշտում է, որ ինքը վստահում է երիտասարդներին և հաւատում նրանց ուժերին, Եկեղեցի՛ն հաւատում է իր երիտասարդների ուժերին, հետևաբար, հարկ է, որ երիտասարդն էլ վստահի Եկեղեցուն:

Հանդիպման երկրորդ հատուածում Հայր Գառնիկը ներկայացրեց հոկտեմբերին Հռոմում կայանալիք երիտասարդութեան թեմայով եպիսկոպոսական սինոդի նախապատրաստական փաստաթուղթը՝ «Երիտասարդներ, հաւատք և կոչման ընկալում» վերտառութեամբ: Սեփական կոչումը, ներկան և ապագան ծրագրելը հարկաւոր է անել Աստծոյ օգնութեամբ, աղօթքով՝ ջանալով զատորոշել, թէ որն է Աստծոյ կամքը սեփական կեանքիդ համար:

Այս փաստաթղթերի ներկայացումից հետ երիտասարդները լրացրեց ին կազմակերպչական խմբի կողմից պատրաստուած հարցարանը, որը բաղկացած էր հետևեալ մասերից.

Ա) Երիտասարդների մարտահրաւէրներն ու հնարաւորութիւններն արդի աշխարհում,

Բ) Հաւատք և կոչում, ընկալում և ուղղորդում,

Գ) Եկեղեցու լուսաւորչական և հովուական գործունութիւնը:

Միօրեայ այս հանդիպումը նախապատրաստութիւնն է այս տարուայ յուլիսի վերջին Աղաճանեան կենտրոնում կայանալիք երկրորդ «Ազգային երիտասարդական օրեր» միջոցառման, որին կմասնակցեն երիտասարդներ ոչ միայն Հայաստանից ու Վրաստանից, այլեւ՝ Ռուսաստանից, Յունաստանից և Շուեդիայից: Յիշեցնենք, 2017-ին տեղի ունեցաւ առաջին «Ազգային երիտասարդական օրեր»ը:

 








All the contents on this site are copyrighted ©.