2018-01-04 09:33:00

Նախագահ Սահակեանի ամանորեան ուղերձը. «Նոր ձեռքբերումներու եւ յաղթանակներու մաղթանքով»


Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Ամանորի շնորհաւորական ուղերձ յղած է: Ստորեւ ուղերձը` ամբողջութեամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թուականին եւ դիմաւորելու նոր` 2018 թուականը:

Անցնող տարին եղել է բաւականին յագեցած, հարուստ տարբեր իրադարձութիւններով ու ձեռքբերումներով:

2017 թուականին համաժողովրդական հանրաքուէի միջոցով ընդունուեց Արցախի Հանրապետութեան նոր Սահմանադրութիւնը: Բարեփոխումներ իրականացուեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է աւելի արդիւնաւէտ դարձնել կառավարման ոլորտը, ամրապնդել ժողովրդավարական հաստատութիւնները, ընդլայնել մարդու եւ քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները:

Մեր երկրում կառուցուեցին նոր կրթօճախներ, առողջապահական հաստատութիւններ, բնակելի շէնքեր, տարբեր ենթակառուցուածքներ: Հանդիսաւոր պայմաններում շահագործման յանձնուեց ռազմավարական կարեւորագոյն նշանակութիւն ունեցող Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, որը դարձել է Արցախը Մայր Հայաստանին եւ աշխարհին կապող հիմնական շնչերակներից մէկը:

Ունեցանք ձեռքբերումներ բազմաթիւ այլ ոլորտներում, սակայն շատ են նաեւ անելիքները:

Գալիք տարում նախատեսում ենք իրականացնել տարաբնոյթ ծրագրեր տնտեսութեան գրեթէ բոլոր ճիւղերում` ուղղուած մեր բնակչութեան բարեկեցութեան մակարդակի շարունակական բարձրացմանը, ընկերային պայմանների հետեւողական բարելաւմանը:

Ի հարկէ, շարունակելու ենք առանձնակի ուշադրութիւն դարձնել պաշտպանութեան եւ բանակաշինութեան ոլորտներին: Հզօր եւ մարտունակ բանակը մեր հանրապետութեան ու ժողովրդի անվտանգութեան եւ բնականոն զարգացման ամենակարեւոր գրաւականն է, եւ այսուհետ էլ արուելու է հնարաւորը մեր զինուած ուժերի մարտունակութեան աստիճանը բարձր պահելու, բանակը ժամանակակից զինուորական սարքաւորումներով յագեցնելու ուղղութեամբ:

2018 թուականին տօնելու ենք արցախեան շարժման 30-րդ տարեդարձը, Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակման եւ 1918 թուականի մայիսեան հերոսամարտերի 100-ամեակները: Մենք ո՛չ միայն պարտաւոր ենք նշել այդ տօները եւ յիշել հերոսներին, այլ նաեւ հետեւել մեր նուիրեալների պատգամներին, զօրացնել ու զարգացնել մեր անկախ եւ ազատ երկիրը, յանուն որի իրենց կեանքն են զոհաբերել հայ ժողովրդի լաւագոյն զաւակները:

Յաւե՜րժ փառք ու պատիւ բոլոր մարտիրոսներին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս պահին բոլորս ունենք ջերմ ու նուիրական ցանկութիւններ: Բնական է, որ առաջին հերթին ուզում ենք, որ նոր տարում լինի խաղաղութիւն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձաւորները լինեն առողջ ու երջանիկ, տարեցները` ապահով ու անհոգ:

Ուզում եմ շնորհաւորել մեր երկրի սահմանները անսասան պահող բոլոր քաջորդիներին` զօրավարից մինչեւ շարքային: Թող նրանք պատուով եւ անփորձանք կատարեն հայրենիքի պաշտպանի իրենց պարտականութիւնները:

Շնորհաւորում եմ ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին Արցախում, Մայր Հայաստանում եւ սփիւռքում: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջութիւն, յաջողութիւններ ու ամենայն բարիք:

Թող գալիք` 2018 թուականը լինի նոր ձեռքբերումների ու յաղթանակների տարի մեր երկրի, ժողովրդի եւ իւրաքանչիւր ընտանիքի ու քաղաքացու համար:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:








All the contents on this site are copyrighted ©.