2017-09-26 09:58:00

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հովուական այց կատարեց Ազատան համայնք


2017թ.սեպտեմբերի 24-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հովուական այցելութիւն կատարեց Ազատան համայնք՝ հրաւէրով գիւղի ժողովրդապետ Տ. Նարեկ Քհնյ. Թադեւոսեանի: Առաջնորդ Հօրը Սբ. Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցու բակում դիմաւորեց պատանիների խումբը՝ աղուհացով: Սրբազան Հօր ձեռամբ մատուցուած Սուրբ Պատարագին ներկայ էին Ազատանի գիւղապետ Վարդան Իկիլիկեանը, դպրոցի տնօրէն Համլետ Ոսկանեանը, ուսուցիչներ, Քոյր Նոել Լոքաթելլին՝ Աշոքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցից, Անարատ Յղութեան քոյրերը եւ Տիրամայր Հայաստանի կենտրոնի սաները, Արեւիկի Երիտասարդաց միութեան երիտասարդները, Ազատանի հաւատացեալները: Սրբազան Հօր այցելութեան հիմնական նպատակը հաւատացեալների հետ հանդիպումն էր եւ շնորհակալութիւն յայտնելը գիւղի այն բոլոր հաւատացեալներին, ում նուիրատուութիւններով կատարուել են դռների ու պատուհանների փոխման, պատուհանագոգերի տեղադրման, հիմքերի ջրամեկուսացման եւ բակի բարեկարգման աշխատանքներ՝ 7.945.800 դրամ արժողութեամբ: Նրանց անունները արդէն հրապարակել ենք:

Սրբազանն իր խորին երախտագիտութիւնը յայտնեց նուիրատուներին՝ նշելով, որ շատ օրինակելի է հաւատացեալների միասնական նուիրատուութիւնների պատրաստակամութիւնը,  եւ ասաց, որ ինքը կարող է այդ ամէնի դիմաց վարձահատոյց լինել միայն աղօթքով: Տէր Նարեկը Թադեւոսեանն իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Սրբազանին, որ կարողացաւ գալ եւ կիսել համայնքի ուրախութիւնը: Ընթացքում բոլոր ներկաներին բաժանուեցին թերթօններ, որտեղ մանրամասն գրուած էր, թէ ով եւ ինչքան նուիրատուութիւն է կատարել եկեղեցուն եւ ինչ նպատակով են այդ գումարներն օգտագործուել:

Պատարագից յետոյ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն օծեց եկեղեցու բակում տեղադրուած մի Խաչքար, որը նուիրել են Արմէն եւ Աւետիկ Մկրտչեանները: Օծման արարողութիւնից յետոյ Սրբազան Հօրը ողջոյնի խօսք ուղղեցին Ազատանի երիտասարդները: Ելոյթ ունեցաւ Ազատանի Տիգրան Մեծ պարային համոյթը: Ապա երիտասարդները Սրբազան Հօրն ու հիւրերին հրաւիրեցին եկեղեցուն կից երիտասարդական կենտրոն՝ հիւրասիրութեան սեղանի շուրջ զրուցելու:








All the contents on this site are copyrighted ©.