2017-06-26 10:49:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել ուխտաւորների հետ


Յունիսի 25-ին, Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» Մատենադարանում հանդիպում ունեցաւ ԱՄՆ Հայոց Արևմտեան և Արևելեան թեմի ուխտաւորների հետ` ուղեկցութեամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիւ Տ. Տաթև աւագ քահանայ Յարութիւնեանի և Տ. Յակոբ քահանայ Գևորգյանի ։

Հանդիպմանը ներկայ էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Երևանի Ամարային մասնագիտական փորձառութեան ծրագրի մասնակից 29 երիտասարդներ:

Հանդիպման սկզբում Տաթև և Յակոբ քահանաները Վեհափառ Հայրապետին փոխանցեցին ուխտաւոր հայորդիների Հայաստան կատարած ուխտագնացութեան վառ տպաւորութիւնները: ՀԲԸՄ երիտասարդների պատասխանատուն իր հերթին Նորին Սրբութեանը ներկայացրեց իրականացուող ամարային ծրագրի մասնակիցներին և ծրագրի առանձնայատկութիւնները:

Այնուհետև ներկաներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբութիւնը բարձր գնահատեց հոգևոր հովիւների ծառայութիւնը և հայորդիներին Հայրենիք ուխտագնացութեան առաջնորդելու յանձնառութիւնը: Վեհափառ Հայրապետը կարևոր և էական նկատեց այսպիսի այցելութիւնների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք հնարաւորութիւնն են ընձեռում աշխարհի տարբեր երկրներում հաստատուած հայորդիներին անձնապէս ճանաչելու Հայրենիքը, ինչպէս նաև խանդավառում ու ոգեշնչում են հայրենաբնակ ժողովրդին:

Ողջունելով նաև ՀԲԸՄ Ամարային մասնագիտական փորձառութեան ծրագրի մասնակիցների այցը համայն հայութեան հոգևոր կենտրոն` Հայոց Հովուապետը անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու առաքելութեանը ազգային կեանքում, կարևորեց երիտասարդութեան ամուր կապը Եկեղեցու հետ և, մասնաւորապէս, ներգրաւուածութիւնը եկեղեցական բազմատեսակ ծրագրերում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին տեղեկացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից կրթական, սոցիալական և տարբեր այլ ոլորտներում իրականացուող ծառայութիւնների վերաբերեալ և հրաւիրեց մասնագիտական փորձառութեան ծրագրի համար յաջորդի նկատի ունենալ նաև եկեղեցական համապատասխան կառոյցները:

Վերջում Վեհափառ Հայրապետն ամէնքին մաղթեց հաճելի օրեր անցկացնել Հայրենիքում և զօրացած իրենց ինքնութեան և հայրենասիրութեան ու ազգասիրութեան ջերմ զգացումներով վերադառնալ իրենց բնակավայրերը:

Հանդիպումից յետոյ ուխտաւորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

 








All the contents on this site are copyrighted ©.