2017-06-05 10:05:00

Գերապայծառ Ժան-Լուի Բրյուգես էջմիածնի մէջ. ''Վատիկանի արխիւները բաց են բոլորի առաջ''


2017թ. մայիսի 31-ին Էջմիածնում, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախօսների և ուսանողութեան հետ է հանդիպել Սուրբ Աթոռի գլխաւոր արխիւի և գրադարանի տնօրէնը՝ Արհ. Եպս. Ժան-Լուի Բրյուգես: Նա բացառիկ դասախօսութիւն է կարդացել յիշողութեան ու գրքերի մասին։ Վատիկանի գլխաւոր գրադարանավարն ու արխիվավարը յայտարարել է՝ Վատիկանի հայկական արխիւները բաց են հայ գիտնականների համար:

Հարցին, թէ քանի գիրք ու փաստաթուղթ է տնօրինում, Արհ. Եպս. Ժան-Լուի Բրյուգես դժուարացել է պատասխանել՝ ասելով, որ աւելի հեշտ է հաշուել, թէ քանի կիլոմետր են ձգւում դրանցով լի գրադարակները։ Ճիշտ 87 կմ, որի միայն մի հատուածն է ուսումնասիրուած ու դասակարգուած:

«Մի մեծ պալատ գրքեր ու փաստաթղթեր են: Վերջին հարկում մեծ սրահներ ունենք, որտեղ սեղանների վրա դրված են դեռևս 18-րդ դարում մեր գրադարանին նուիրաբերուած գրքերը: Դրանք դեռ ոչ ոք չի բացել, առաւել ևս՝ դասակարգել»,-ասել է Բրյուգես:

Ամեն տարի 15 հազար գիտնական է այցելում Հռոմի Սուրբ Աթոռի գրադարան ու արխիւների՝ վայր, որտեղ պահպանւում է աշխարհի ամենահին ձեռագիր աւետարանը՝ գրուած պապիրուսի վրայ, վայր, որտեղ պահպանւում է մարդկութեան յիշողութիւնը:

 «Մարդկութեանը ոչնչացնելու համար նրա մարմինն են սպանում: Բայց երբ ուզում են ոչնչացնել նրա հոգին, արխիվներն ու գրադարաններն են վառում: Իմ եզրակացությունը հետևյալն է՝ այն անձը, որ կորցրել է իր հիշողությունը, չի կարող նույնականացնել իրեն և քայլել դեպի ապագա: Դա ճիշտ է նաև ժողովուրդների համար, դա ճիշտ է նաև պետությունների համար: Ով մոռանում է անցյալը, դատապարտված է այնկրկնելուն», -ճեմարանականներին ասել է Արհ. Եպս. Ժան-Լուի Բրյուգես:

Հայաստան գալուց առաջ Սուրբ Աթոռի արխիվավարը խնդրել էր առանձնացնել հայերին վերաբերող փաստաթղթերը: Նա չափազանց կարևորներից առանձնացնում է 15-ը. ամենահին փաստաթուղթը թուագրւում է 11-րդ դարով՝ 1080 թուականով: Այդ փաստաթղթերի մէջ են նաև Ցեղասպանութեան ժամանակ Հռոմի Պապի նամակները` ուղղուած Թուրքիայի իշխանութեանն ու հայերին: Արխիվի հայկական հատուածը քիչ է ուսումնասիրուած:

«Ես նաև այստեղ եմ, որպէսզի բոլորի համար բացայայտեմ, որ Վատիկանի գրադարանն ու արխիւները, որ այդքան հարուստ են նիւթերով, բաց են բոլորի առաջ: Եթէ կան երիտասարդ գիտնականներ, որոնք կցանկանային աշխատել մեզ մօտ, ես նրանց գրկաբաց կընդունեմ: Եւ եթէ գտնուի այդ խիզախը, որը կգայ ու կաշխատի մեզ մօտ, ես նրան ցոյց կտամ յատկապէս ձեռագրերի ֆոնդում առանձնացուած երկու բաժինները՝ Բորջիանի Արմենի և Վատիկանի Արմենի: Այնտեղ դեռ ամեն ինչ չէ, որ դասակարգուած է և ուսումնասիրուած», – նշել է Արհ. եպիսկոպոս Ժան-Լուի Բրյուգես:

Քաղուած` armenianchurchco.com կայքէջէն








All the contents on this site are copyrighted ©.