2017-06-05 12:14:00

Վատիկանը հայ հասարակութեանն ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ փաստաթղթերի 7 հատոր։


Հռոմի Սրբազան Քահանայապետը միակն էր, որ գործուն քայլերով բողոքեց հայերի զանգուածային բնաջնջման դէմ

Ինչպէս տեղեկացնում է tert.am լրատուական կայքը, 2017թ. մայիսի 31-ին Պապական արևելագիտութեան ինստիտուտի եկեղեցական կանոնագիտութեան ամբիոնի դեկան` Հայր Ժորժ Անրի Ռոյսենը և Մխիթարեան Միաբան Գերհ. Հ. Վահան ծ.վրդ. Օհանեանը, Երևանի Մատենադարանում  հայ ուսումնասիրողներին և լայն հանրութեանն են ներկայացրել Հայոց ցեղասպանութեանը վերաբերող վատիկանեան փաստաթղթերի եօթ հատորեակը: Շնորհանդէսին իր մասնակցութիւնը բերեց նաև Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը՝ ուղեկցութեամբ Տ. Մաշտոց քհն. Ղազարեանի, ով թարգմանում էր Հ. Ռոյսենի խօսքը:

Հաստափոր 7 հատորներում հաւաքուած են Վատիկանի ու Սրբազան Քահանայապետի դիւանագիտական ջանքերի բոլոր ապացոյցները: Անգլերէն, իտալերէն ու նաև հայերէն փաստաթղթերը 1915 թուականի դէպքերի պաշտօնական վկայութիւններն են:

Հ. Ժորժ Անրի Ռոյսենի հեղինակած եօթ հատորյակի վատիկանյան շնորհանդէսը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ 2015 թ., Վատիկանում: Երկու հատորում հաւաքուած են 1894-96 թուականների դէպքերի վկայութիւնները, միւս հինգ հատորները 1908-30-ական թուականների փաստաթղթերն են և յատկապէս` 1915-18 թուականների: Այդ տարիներին Բենեդիկտոս 15-րդ Պապն ակտիվ նամակագրութեան մէջ էր բոլոր կողմերի հետ:

«Այս փաստաթղթերը շատ կարևոր են յատկապէս այն պատճառով, որ Ցեղասպանութեան ժամանակ Պապը միակն էր, որ հակազդեց, միջամտեց: Ներգրաւուած տէրութիւնները, անշուշտ, բոլորն էլ տեղեակ էին` Գերմանիայի, Հունգարիայի կայսրերը, Ֆրանսիայի, Միացեալ Նահանգների նախագահները, բայց ոչ ոք չհակադարձեց», – ասել է Հ. Ժորժ Անրի Ռոյսենը:

Նա ընդգծել է՝ այս հատորները ցույց են տալիս մի ամբողջ ժողովրդի մտադրուած լիակատար բնաջնջումը, որն անում էին թուրքերը։ Հատորները վկայում են, որ առնուազն մէկ պետութիւն` Սուրբ Աթոռը, իր ձայնն է բարձրացրել համատարած «սառցե անտարբերութեան» մէջ ու փորձել օգնել:

Հեղինակն իր աշխատութիւնն անվանում է մեծ «փազլի» ևս մէկ կտոր. ներառուած են ամբողջական հատուածներ այն նամակներից, որոնք գրում ու ստանում էր Բենեդիկտոս 15-րդ Պապը:

Նա մէջբերել է հատուած մոնսինյոր Դոլչեի՝ Պապին ուղղուած նամակից, որում նա մանրամասն նկարագրում է 1915 թուականի իրադարձութիւնները. «Բնաջնջում է, որոշները կոտորուել են, որոշները մահացել են սովից, ճանապարհին։

Շատ հայ մայրեր վաճառել են իրենց երեխաներին` նրանց մահից փրկելու համար»։

«Սրանք փաստաթղթեր են, որոնք պետք է գործածել հենց բնագրով` հաւաստիութիւնը պահելու համար:  Կարելի է թարգմանել որոշ կտորներ, բայց ամբողջական թարգմանութիւնը իմաստ չունի, քանի որ կարող են ասել` այս նամակը սխալ էք թարգմանել», – ասել է աշխատութեան հեղինակը, որ նամակ առ նամակ է յիշում է՝ ով, ում գրեց, ինչպէս արտայայտեց 1915 թուականի դէպքերի մասին: Նա, սակայն, բացառիկ ու հոյժ կարևոր համարում է յատկապէս Պապի երկու նամակները Սուլթանին:

«Հայոց ցեղասպանութեան դէմ բողոքը, մարդասիրական օգնութիւնը, ջանքերը ապարդիւն են, ամբողջովին անօգուտ, եթէ միջազգային հանրութիւնը չճանաչի Հայաստանի անկախութիւնը», – Բենեդիկտոս 15-րդ Պապի խօսքերն է մէջբերել Հ. Ժորժ Անրի Ռոյսենը:

Պապական արևելագիտութեան ինստիտուտի դեկանը շեշտել է՝ այս եօթ հատորներով չեն սպառւում վկայութիւններն ու կարևոր փաստաթղթերը և  յորդորել է հայ պատմաբաններին ու ցեղասպանագէտերին գնալ և ուսումնասիրել Վատիկանի արխիւները, որոնք բաց են հայ գիտնականների համար, յատկապէս, որ քիչ չեն նաև հայերէն արխիւային վկայութիւնները:

Քաղուած` armenianchurchco.com կայքէջէն








All the contents on this site are copyrighted ©.