2017-05-31 11:49:00

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի հովուական այցը Լեհաստան


Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը 2017թ. մայիսի 25-ին Ուկրանիայից մեկնել է Լեհաստան և Վարշավայում մատուցել Սուրբ Պատարագ՝ նուիրուած Համբարձման տօնին՝ Սրբուհի Վառվառայի եկեղեցու ժողովրդապետի հրաւէրով և համապատարագութեամբ առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանի, Լեհաստանի հայ համայնքի կենտրոնական ժողովրդապետութեան ժողովրդապետ Հ. Ժոզեֆ Նաումովիչի, Հ. Հենրիկ ծ.վրդ. Բլաշչիկի, սարկաւագութեամբ Հ. Նարեկ վրդ. Մնոյանի և սպասաւորութեամբ հայ և լեհ նորընծաների:

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը Համբարձման տօնի խորհրդի մասին քարոզել է ֆրանսերէնով, իսկ պրոֆ. Հ. Նաումովիչը թարգմանել է լեհերէն: Սրբազան Հայրը նաև խօսել է խաղաղութեան համար աղօթքի անհրաժեշտութեան մասին, ապա շնորհակալութիւն յայտնել Սուրբ Վառվառայի ժողովրդապետին՝ Հ. Մաչեյ Շիմանսկիին՝ Սուրբ Վառվառայի եկեղեցում պատարագելու հնարաւորութիւնն ընձեռելու համար:

Հ. Նաումովիչը Սուրբ Պատարագի աւարտից յետոյ խօսել է Գդանսկի Ստանիսլավովի Սուրբ Աստուածամօր հրաշագործ պատկերի թագադրման 80-ամյակի գալիք տօնակատարութեան մասին, որին աւելի ուշ՝ մայիսի 28-ին իր մասնակցութիւնը բերեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը:

Մայիսի 28-ին Գդանսկի Սուրբ Պետրոս և Պօղոս եկեղեցում տեղի ունեցաւ տօնական Սուրբ Պատարագ: Սուրբ Աստուածամօր հրաշագործ պատկերը բերուել է Ստանիսլավովի հայկական եկեղեցուց՝ Հ. Կաժիմիեժ Ֆիլիպիակի ձեռքով, 1959թ., ով համայնավարների կողմից բազում հալածանքներ կրելով և կեանքը վտանգելով՝ փրկել է Աստուածամօր պատկերը: Հրաշագործ պատկերի թագադրումը կամ թագով զարդարումը տեղի է ունեցել 1937թ.՝ Լվովի վերջին հայ արքեպիսկոպոս Արհ. Տ. Հովսեփ արքեպս. Թեոդորովիչի ձեռքով: Սուրբ Պատարագը Գդանսկում մատուցուեց ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի և համապատարագութեամբ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահեանի, Հ. Յոզեֆ Նաումովիչի և Հ. Նարեկ վրդ. Մնոյանի: Ներկա են եղել Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը և հայ հաւատացյալների բազմութիւն: Ռաֆայել Սրբազանը Հ. Նաումովիչին շնորհեց «ծայրագոյն վարդապետի» աստիճան և մատանի, նաև խոստացաւ կատարել վարդապետական գաւազանի տուչութիւն՝ 2017-ի օգոստոսի 13-ին:

Սրբազան Հայրն իր քարոզում հրաւիրեց հայցել Գդանսկի Աստվածամոր Պատկերի բարեխօսութիւնը՝ Տեր Յիսուս Քրիստոսի Գահի առջև: Խօսել է նաև Հ. Կաժիմիեժ Ֆիլիպիակի սխրանքի մասին, ում շնորհիւ այսօր Գդանսկը հնարաւորութիւն ունի վայելել հրաշագործ պատկերի ուժն ու բարեխօսութիւնը: Սրբազանը շնորհակալութիւն է յայտնել Գդանսկի ժողովրդապետ Հ. Ցեզար Աննուսևիչին՝ մեծ աշխատանքի համար, որ կատարել է Գդանսկի նախկինում կիսաւեր եկեղեցին վերականգնելու համար: Դա եղել է Հ. Կաժիմիժեժ Ֆիլիպիակի երազանքը:

Սուրբ Պատարագից յետոյ հաւատացեալների բազմութիւնը հաւաքուել է եկեղեցուն կից գտնուող Խաչքարի մօտ, որտեղ Գդանսկի համայնքի ներկայացուցիչ Գագիկ Պարսամյանը շնորհակալութիւն է յայտնել Ռաֆայել Սրբազանին և միւս հոգևորականներին՝ տօնական Սուրբ Պատարագի համար, ապա տեղի է ունեցել հիւրասիրութիւն: Հայ նորընծաները և տեղի հայ երիտասարդները համերգային գեղեցիկ նուէր էին պատրաստել հիւրերին:








All the contents on this site are copyrighted ©.