2017-05-30 09:00:00

Լվովում գտնուող հայ կաթողիկէ Սուրբ Կազիմիրի վանքը կը վերադարձուի Հայ Կաթողիկէ Եկեղեցուն


Ինչպէս յայտնում է Ուկրանիայի Ներքին գործերի նախարարութեան մամլոյ ծառայութիւնը, Լվովում գտնուող հայ կաթողիկէ Սուրբ Կազիմիրի վանքը կը վերադարձուի Հայ Կաթողիկէ Եկեղեցուն, մասնաւորապէս՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի առաջնորդութեանը: Այս մասին 2017թ. մայիսի 23-ին յայտարարեց Ուկրանիայի ներքին գործերի նախարար Արսէն Ավակովը՝ հայ կաթողիկէ առաջնորդութեան պատուիրակութեան հետ հանդիպման ժամանակ: Պատուիրակութեան կազմում էին առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահեանը և Հոգշն. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը, Հ. Հենրիկ վրդ. Բլաշչիկը: Նախարարի խօսքերով, Ուկրանիայում գոյութիւն ունի մօտ 80 վանք, եկեղեցի կամ հոգևոր կառոյց, որոնք պատմականօրէն պատկանել են Ուկրանիայում հաստատուած հայերին: Առայժմ, դրանցից միայն 5-ն են հայերին վերադարձուել:

«Մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնում Եկեղեցու նկատմամբ պատմական արդարութեան վերականգնմանը: Խօսքս Լվովի պատմական ժառանգութեան մասին է: Այնպէս է պատահել, որ Ներքին գործերի նախարարութեան սեփականութիւնն է դարձել Սուրբ Կազիմիրի վանքը, որը պատկանել է Հայ Կաթողիկէ Եկեղեցուն: Այդ վանքը գտնւում է Ներքին գործերի նախարարութեան Լվովի պետական համալսարանի տարածքում: Մենք ուսումնասիրեցինք բոլոր հնարաւորութիւնները և որոշում կայացրեցինք Սուրբ Կազիմիրի եկեղեցին վերադարձնել Հայ Կաթողիկէ Եկեղեցու տրամադրութեան տակ: Սրա համար հարկ է, որ մենք եկեղեցին փոխանցենք Լվովի համայնքային իշխանութեանը»,-ասել է Արսեն Ավակովը:

Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել Ներքին գործոց նախարարին՝ պատմական արդարութեան վերականգնմանն աջակցելու համար: «Այն, ինչ դուք անում էք, անգին է: Ձեր քայլը անհնար է գնահատել: Մեծագոյն գնահատանքը, որ ես կարող եմ բերել իմ կողմից, օրհնութիւնն է, աղօթքը՝ ձեզ համար, ձեր պետութեան համար, որպէսզի հաստատուի խաղաղութիւն»:

Հանդիպմանը ներկայ Ուկրանիայի Գերագոյն ռադայի Մշակոյթի, հոգևոր հարցերի յանձնաժողովի նախագահ, ազգային պատգամաւոր Նիկոլայ Կնյաժիցկին ասաց.

«Մենք ամեն կերպ ողջունում ենք պարոն նախարարի և Լվովի քաղաքային իշխանութեան որոշումը՝ պատմական վանքը հայ կաթողիկէ համայնքին փոխանցելու մասին: Մենք պատրաստ ենք հետագայում էլ անել ամեն ինչ, որպէսզի ուկրաինացի և հայ ժողովուրդն ապրեն ազատութեան մէջ»:

1945թ. Արևմտեան Ուկրանիայում սկսուեց արևելեան կաթողիկէ եկեղեցիների զանգուածային ոչնչացումը: Հայ կաթողիկէ եկեղեցիները առաջիններից մէկը կրեցին այդ հարուածները: Ըստ պատմաբանների, Ուկրանիայում կամ Լվովի արքեպիսկոպոսութեան մէջ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոչնչացման վերջնական տարեթիւն է 1946թ. հոկտեմբերի 25-ը:

2016-ի երկրորդ կէսին Ուկրանիայի Գերագոյն Ռադան ընդունեց մի պատմական որոշում «Արևմտեան Ուկրանիայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոչնչացման 70-րդ տարին յիշելու մասին»:

Պէտք է ասել, որ սա ոչ միայն Ուկրանիայի նոր կառավարութեան լայնախոհ մտածողութեան արգասիքներից է, որը ցոյց է տալիս, որ Ուկրանիան շարժւում է դպի ազատ, մարդու իրաւունքների պաշտպանութեան և մարդասիրութեան ճանապարհով, այլ նաև արգասիքն է մեր հայ կաթողիկէ հոգևորականութեան և Լեհաստանում հայ կաթողիկէ համայնքներում աշխատող հոգևորականների համատեղ ջանքերի՝ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի առաջնորդութեամբ: Սա մի կարևոր քայլ է Ուկրանիայի հայ կաթողիկէ համայնքի վերածնման և վերակազմակերպման ուղղութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.