2017-03-29 09:25:00

Աշխատաժողովներ Հայկական Կարիտասում. հոգևոր-սոցիալական ինքնութեան ամբողջական զարգացում։


«Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպութեան ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի օրհնութեամբ «Հայկական Կարիտասում»  ինտենսիվ աշխատանք է տարւում կազմակերպութեան անձնակազմի աւելի ամբողջական՝ մասնագիտական և հոգևոր նկարագրի ներդաշնակ զարգացման ուղղութեամբ: Ի նկատի առնելով այն փաստը, որ «Հայկական Կարիտասն», ըստ էութեան, Կաթողիկէ Եկեղեցու բարեգործական առաքելութիւնն իրականացնող, հոգևոր անքակտելի նկարագիր ունեցող իւրայատուկ մի կառոյց է, հոգևորականները և տնօրինութիւնը շատ կարևոր են համարում կազմակերպութեան աշխատանքում կայուն և հաստատուն տեղ յատկացնել հոգևոր խորհրդածութեան, աղօթական կեանքի ու կրօնական ապրումի համար, ինչն, անշուշտ, անհրաժեշտ է Կարիտասի առաքելութիւնը լաւագոյնս իրականացնելու և Եկեղեցու առաքելութեան մէջ իր ճիշտ գործառոյթը կատարելու համար:

«Հայկական Կարիտասը», ինչպէս յայտնի է, հիմնուած լինելով Հայ Կաթողիկէ Եկեղեցու կողմից և առաջնորդուելով Հայաստանի կաթողիկէների առաջնորդ արքեպիսկոպոսի կողմից, իր ծրագրերն իրականացնում է աշխարհական փորձառու և որակեալ մասնագէտների միջոցով՝ թէ կաթողիկէ և թէ առաքելական:

«Հայկական Կարիտասն» այսօր Հայաստանում սոցիալական աշխատանքի ոլորտում առաջատար կազմակերպութիւններից մեկն է և իր աշխատանքային մեթոդներով՝ օրինակելի, նոյնիսկ՝ պետական կառոյցների համար, ակտիվորեն համագործակցում է ոլորտում գործող շատ կազմակերպութիւնների և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթութեան և գիտութեան նախարարութեան, հանրակրթական դպրոցների, մանկապարտէզների, համայնքապետարանների և այլ կառոյցների հետ, նաև՝ ՀՀ պետական սոցիալական ռազմավարութեան մշակման ուղղութեամբ: 

Հայկական Կարիտասը Աստծոյ սիրոյ արտայայտութիւնն է օգնութեան կարիք ունեցող մարդկանց հանդէպ, «Աստծոյ ներկայութեան նշանը՝ մարդկանց մէջ», ինչպէս ասում էր Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Պապը: Այս ճշմարտութիւնը մեծագոյն մի պատասխանատուութիւն է դնում մեր ուսերին, որը ստիպում է մեզ քննել, թէ արդեօ՞ք մեր աշխատանքը, մեր ծրագրերը ամուր հիմնուած են Տիրոջ Աւետարանի սկզբունքների վրայ, Նրա Սուրբ Եկեղեցու ուսմունքի վրայ, թէ աւելի մարդածին  են, աւելի կառչած մեր սեփական ընկալումների, անհատական կամ հաւաքական այլ ակնկալիքների վրայ, որոնք այս աշխարհինն են, բայց ոչ երբեք՝ Քրիստոսինը. «ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է», Մտթ., 12, 30:

Մենք ծառայում և տքնում ենք Անձի համար, արդեն իսկ ներկայ Իրականութեան՝ Աստծոյ, Սիրոյ թագաւորութեան համար, այլ ոչ թէ՝ ինչ որ վերացական, մարդածին կամ ժամանակաւոր գաղափարախօսութեամբ: Քրիստոնէութիւնը գաղափարախօսութիւն չէ, այլ՝ հանդիպում Տիրոջ Անձի հետ:

Այս նկատառումներից ելնելով Հայկական Կարիտասի անձնակազմի համար ներկայում կազմակերպւում են աշխատաժողովներ կամ հոգևոր խորհրդածութեան հանդիպումներ՝ կազմակերպութեան ինքնութեան, արժեգների, աշխատանքի վերաիմաստաւորման, Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնական սկզբունքների և առանձին թեմաների շուրջ, որոնք, ինչպէս ընդունուած է Կարիտասում ընդհանրապէս, պէտք է լինեն կաթողիկէ բարեգործութեան կամ սոցիալական աշխատանքի գաղափարական հենքը, աշխարհի հետ յարաբերուելու, երկխօսելու հիմնական լեզուն:  Այս աշխատանքը Հայկական Կարիտասի անձնակազմի հետ հայ կաթողիկէ հոգևորականները տարել են մշտապէս՝ տարբեր ձևաչափերով և ինտենսիվությամբ:

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հետ խորհրդակցելով և նրա յանձնարարականով, 2017թ.մարտի 24-ին Հայկական Կարիտասի Էմիլի Արեգակ ցերեկային խնամքի նորակառոյց կենտրոնի ընդարձակ սրահում կազմակերպեցինք հանդիպում կազմակերպութեան ամբողջ անձնակազմի հետ, ովքեր աշխատում են Հայաստանի տարբեր համայնքներում իրականացուող ծրագրերում.135 աշխատակից ներկայ գտնուեց 7 ժամ տևողութեամբ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում ներկայացուեցին տարբեր թեմաներ, եղան ակտիւ քննարկումներ, հարցեր, որոնք շատ կարևոր ցուցիչ են՝ պատկերացում կազմելու համար, թէ ինչի վրայ հարկ է առաւել ուշադրութիւն դարձնել:








All the contents on this site are copyrighted ©.