2017-02-02 11:14:00

Սփիւռքի նախարարի տեղակալը այցելեց Երևանի Հայ կաթողիկէ եկեղեցու հիւրատանը ապրող սիրիահայերին


Փետրուարի 1-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան` հայրենադարձութեանը նուիրուած շաբաթուայ  միջոցառումների շրջանակներում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը, Մերձաւոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչութեան պետ Լևոն Անտոնեանը և նախարարութեան մի քանի աշխատակիցներ այցելեցին Երևանի Հայ կաթողիկէ եկեղեցի, որտեղ Սիրիայի ճգնաժամից մինչ օրս ապաստան է գտել շուրջ 600 սիրիահայ: Այս պահին եկեղեցու հիւրատանը ապրում է 47 սիրիահայ:

Փոխանցելով ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի ողջոյնի խօսքը՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը կարևորեց Հայ կաթողիկէ եկեղեցու դերակատարութիւնը հայկական մշակութի պահպանման և տարածման գործում, ինչպէս նաև՝ սիրիահայութեան խնդիրների լուծմանն ուղղուած ջանքերը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ կաթողիկէ եկեղեցու թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասեանի նախաձեռնութեամբ Եկեղեցին համագործակցել է «Հայկական Կարիդաս» բարեսիրական հասարակական կազմակերպութեան հետ և հոգում է սիրիահայերի ժամանակաւոր կացութեան հարցը, լուծում է նրանց սոցիալական բազմաթիւ  խնդիրները:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ կաթողիկէ եկեղեցու թեմի ընդհանուր տեղապահ Հայր Մեսրոպ վարդապետ Սուլահեանը իր գոհունակութիւնը յայտնեց անձամբ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին` ամենօրեայ  հոգածութեան և ուշադրութեան, ինչպէս նաև՝ սիրիահայութփան խնդիրների լուծմանն ուղղուած աշխատանքների համար:

Նա ընդգծեց, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութեան մէջ առանձնակի սէր և հոգի կայ հայութեան այն բեկորների հանդէպ, որոնք սփռուած են աշխարհով մէկ:

Հայր Սուրբը մասնաւորապէս ընդգծեց, որ եղել է աշխարհի տարբեր մայրցամաքներում և գրեթէ բոլոր համայնքներում մեծագոյն սիրով և հաւատով են խօսում սփիւռքի նախարարութեան և անձամբ նախարար Հրանուշ Յակոբեանի մասին և վստահութիւն  յայտնեցին, որ ապագայում առաւել կը սերտանայ  և կ՝ընդլայնուի  ՀՀ սփւռքի նախարարութեան և Հայ կաթողիկէ  եկեղեցու համագործակցութիւնը:

Այնուհետև Սփիւռքի նախարարութեան աշխատակիցները ծանօթացան եկեղեցու հիւրատանը ապաստանած սիրիահայերի խնդիրներին, լսեցին նրանց առաջարկութիւնները և հաւաստիացրին, որ կը փորձեն լուծումներ գտնել նրանց յուզող հարցերին:

 








All the contents on this site are copyrighted ©.