2016-11-11 09:15:00

Իրաքի ազատագրուած Կարակոշ քաղաքի կիսաւեր տաճարում մատուցուեց առաջին Սբ. Պատարագը


Իրաքի Կարակոշ քաղաքը ինքնահռչակ «Իսլամական պետութեան» գրոհայիններից ազատագրելուց յետոյ քաղաքի մայր տաճարում՝ 2 տարի գրաւումէն յետոյ` 2016թ.հոկտեմբերի 30-ին, մատուցուեց առաջին Սբ. Պատարագը: Կարակոշը Մոսուլ քաղաքից գտնւում է 20կմ հարաւ-արևելք և երկրի կարևոր քրիստոնէական կենտրոններից է:

Կիսաքանդ և ժիհադիստների կողմից պղծուած տաճարում նորից հնչեցին օրհներգեր արամէերէն լեզուով: Սուրբ Պատարագը՝ չորս քահանաների համապատարագութեամբ, գլխաւորեց Մոսուլի, Քիրքուքի և Քուրդիստանի կաթողիկէների արքեպիսկոպոս Բուտրոս Մուշեն:

Գերապայծառ Մուշեն կաթողիկէ լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցի ժամանակ նշեց. «Այս տաճարը խորհրդանիշ է մեզ համար»: Տեղի քահանայ Մաջիդ Խազեմը վստահ է, որ ազատագրումից յետոյ առաջին Սբ. Պատարագը նշանակում է «նոր սկիզբ և վկայում է քրիստոնեաների պայքարի մասին, ովքեր անարդարութեան զոհ դարձան»:

Սուրբ Մարիամ Աստուածածնի Անարատ Յղութեան մայր տաճարի գաւիթը գրոհայիններն օգտագործել են որպէս հրաձգարան: Տեղի բնակիչ, ոստիկան Իմադ Միշելը նշեց, որ ժիհադիստները ոչինչ չեն յարգում, ըստ էութեան նրանք մահմեդականներ չեն, այլ՝ անհաւատներ: Միշելն ասաց. «Մեզ մօտ եկել են բազմաթիւ հումանիտար կազմակերպութիւններ, որոնք առաջարկել են տեղափոխուել և ապրել Լիբանանում, Աւստրալիայում կամ էլ Կանադայում, սակայն ես հրաժարուել եմ: Մենք ուզում ենք, որ մեր ընտանիքները վերադառնան, և նաև վերադառնան նրանք, ովքեր արտասահման են գնացել»:

Խօսելով հայրենադարձութեան մասին` արքեպիսկոպոս Փուտրոս Մուշեն նշեց, որ մարդիկ շատ են ուզում հայրենիք վերադառնալ, սակայն առաջին հերթին նրանք ցանկանում են վերականգնել տեղական ենթակառոյցները: «Դրա համար ամբողջ տարածաշրջանը պէտք լինի անվտանգ և ապահով: Յայտնի է, որ քաղաքի տարածքը ականապատուած է»,- ընդգծեց Իրաքի արքեպիսկոպոսը:








All the contents on this site are copyrighted ©.