2016-11-08 09:34:00

Շուէտի հայ կաթողիկէ համայնքի մասին համառօտ տեղեկութիւններ։


Համառօտ տեղեկութիւններ՝ համայնքի կազմակերպման և ներկայ վիճակի մասին:

Հայ Կաթողիկէ Եկեղեցին Շվեդիայում պաշտօնապէս հաստատուել է 1998թ.-ից սկսած, երբ նշանակուեց համայնքի առաջին հովիւը և հիմնադիրը՝ Հ. Գրիգոր վրդ. Շահինյանը: Նրա անխոնջ  ջանքերով հիմնուեց հայ կաթողիկէ համայնքի խորհուրդը եւ սկսուեց հովուական առաքելութիւնը՝ Սթոքհոլմում, Սոտէրդէլյէում եւ Թրոլհէդդանում: Համայնքի խորհուրդը՝ հովիւի առաջնորդութեամբ գործեց գաղութին ի նպաստ՝ առաջ տանելով քրիստոնէական հովուական առաքելութիւնը։

Երկար տարիների ծառայութիւնից յետոյ՝ 2011թ. Հ. Գրիգոր վրդ. Շահինյանը նշանակուեց ժողովրդապետ Ամերիկայի Հայ Կաթողիկէ թեմում: 2011թ. Հ. Գրիգոր վրդ. Շահինյանի փոխարէն նշանակուեց նոր հովիւ՝ Հ. Յովսէփ վրդ. Պահեն, ով ստանձնեց  Շվեդիայի հայ կաթողիկէ գաղութի առաքելութիւնը եւ հովութիւնը:

Հայ կաթողիկէ հաւատացեալների գաղթը դէպի Շվեդիա սկսուեց մասնաւորապէս Լիբանանեան քաղաքացիական պատերազմի, Իրաքեան եւ Պարսկական պատերազմի տարիներին,  ինչպէս նաեւ Իրաքեան վերջին պատերազմի ընթացքում և վերջերս Սիրիական պատերազմի տարիներին:

Ներկայումս հայ կաթողիկէ գաղութը Շվեդիայում ունի մօտաւորապէս 350 ընտանիք, որոնք բնակւում են երկրի զանազան շրջաններում, բայց մեծամասնութիւնն ապրում է Սթոքհոլմում:

Հայապահպանութեան եւ հայկական մշակոյթին ի նպաստ, հայ կաթողիկէ առաքելութիւնը առաջին օրուանից նուիրուեց զարգացնելու հայակերտումը՝ կազմակերպելով հայեցի դաստիարակութիւն բոլորի համար՝ և մեծահասակների և, յատկապէս, մանուկների: Կազմակերպւում են նաև տարեկան զանազան մշակութային ձեռնարկներ:

2016թ.նոյեմբերի 1-ին Շվեդիայի հայ համայնքից մօտ յիսուն հաւատացեալներ մասնակցեցին Մալմո քաղաքում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուած Սբ. Պատարագին: Քահանայապետը ցանկութիւն յայտնեց հանդիպելու հայ կաթողիկէ հաւաատացեալների հետ: Հանդիպման ժամանակ հայ հաւատացեալների խումբը Սրբազան Քահանայապետին է նուիրել Սիրիայի դրօշը՝ խնդրելով աղօթել Սիրիայում խաղաղութեան հաստատման համար:

------------------------------------------------------------------

Հ. Յովսէփ վրդ. Պահեի կենսագրականը

Հ. Յովսէփ վրդ. Պահեն ծնուել է Սիրիայի Գամիշլի քաղաքում, 1981թ.յունուարի 5-ին:

1991թ. տասը տարեկանում սկսեց իր առաջին փորձառութիւնը՝ հետևելու Տէր Յիսուս Քրիստոսին.ընդունուեց Վիեննայի Մխիթարեան վարժարան:

1993թ. տեղափոխուել է Լիբանան՝ շարունակելու ուսումը Զմմառի ընծայարանում:

1996թ. աւարտելով իր ուսումը ընծայարանում՝շարունակել է հոգևոր կրթութիւնը Զմմառի վանքում:

2003թ. ուղարկուել է Հռոմի Լևոնեան հայկական վարժարան՝ ստանալու փիլիսոփայական և աստուածաբանական բարձրագոյն կրթութիւն:

2003-2005թթ.փիլիսոփայական կրթութիւնը ստացել է դոմինիկյանների Անջելիկում համալսարանում:

2005-2006թթ.սովորել է Քահանայապետական արևելեան ինստիտուտում:

2006-2009թթ.աստուածաբանական կրթութիւնը ստացել է Հռոմի Գրիգորեան համալսարանում:

2009թ. տեղափոխուել է Շվեդիա՝ սովորելու շվեդերեն՝ Ուփսալայի ճեմարանում:

2010թ. սեպտեմբերի 25-ին ձեռնադրուել է կուսակրօն քահանայ՝ Գամիշլիի Սբ. Յովսէփ աթոռանիստ եկեղեցում՝ ձեռամբ Բերիոյ թեմի առաջնորդ Արհ. Տ. Պետրոս արքեպս. Միրիաթեանի և նշանակուել Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքի հոգևոր հովիւ և այդ պաշտօնում ծառայում է մինչ օրս:

Պատրաստեցին՝ Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեան - Տ. Յովսէփ քհն. Գալստեան

 








All the contents on this site are copyrighted ©.