2016-10-31 09:50:00

Հարցազրոյց՝ Հ. Մովսէս վրդ. Տօնանեանի հետ։


2016թ.հոկտեմբերի 17-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանում տեղի է ունեցել  «Անցեալի պահպանութիւն` յանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի հանդիսավոր բացումը: Այս տարուայ գիտաժողովը նուիրուած էր  հայերէն առաջին Աստուածաշնչի տպագրութեան 350-ամեակին: Համաժողովի կազմակերպիչներն են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը և Հայաստանի Ազգային գրադարանը:

ՀՀ Մշակոյթի նախարարութեան հրաւէրով, համաժողովին մասնակցել է Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան Զմմառի վանքի գրադարանապետ, թանգարանապետ և ընդհանուր քարտուղար Հոգեշնորհ Հ. Մովսէս վրդ. Տօնանեանը, ով սիրով համաձայնեց մեզ հետ  կիսել համաժողովից ստացած իր տպաւորութիւններով:

-Հայր Մովսէս, արդեն տեղեկացանք, որ Հայաստանում էք  հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Առաջին անգա՞մ էք մասնակցում այս համաժողովին:

-Էջմիածնի և ազգային գրադարանի կողմից  ստացել եմ հրաւէր՝ մասնակցելու 2012 թուականից անցկացուող  գրադարանների միջազգային չորրորդ  համաժողովին, ասեմ, որ սա իմ  երրորդ մասնակցութիւնն  էր: Այս համաժողովին ակտիվ ներգրաուած են սփւռքի մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ: Բացի Երևանից ու մարզերից, համաժողովի մշտական մասնակիցներն են Լիբանանի, Պոլիսի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, ԱՄՆի  և ևրոպական շատ այլ երկրների  հայկական գաղութների ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում իւրաքանչյուրս զեկոյց ենք ներկայացնում մեր կենտրոնի գրադարանի մասին,ներկայացնում ենք առանձնայատկութիւններն ու խնդիրները:

-Խնդրում ենք անդրադառնալ  Զմմառի պատմամշակութային լրջագոյն ժառանգութեանը և  համաժողովին ներկայացրած Ձեր զեկոյցի թեմային:

-Գիտէք, որ Զմմառի վանքը բաւականին հին կառոյց է՝1840թ., ունի ծրագրերի հաւաքածու ինչպէս վաղ, այնպէս էլ նոր շրջանի գրքերով համալրուած: Գրականութիւնը հիմնականում հայերէն լեզուով է, սակայն կան նաև օտարալեզու գրքեր: Այստեղ կան շուրջ 2000 ձեռագրեր, որոնցից 200 օտար լեզուներով՝ արաբերէն, ասորերէն, պարսկերէն և այլն։ Միջին Արևելքի հայկական մեծագոյն գրադարաններից մեկն է, ունի շուրջ 30000 հատոր գիրք, որոնցից մեծ մասը հայերէն գրքեր են՝ հայկական առաջին տպագիր օրինակներից մինչև Հայաստանի նորագոյն հրատարակութիւնները։ Հայալեզու գրքերից բացի այստեղ կան բազմաթիւ  օտար լեզուներով շատ հին և արժէքաւոր հրատարակութիւններ, որոնցից մի քանիսը հազուագիւտ են։ Մատենադարանն ամեն տարի համալրւում է նորանոր հրատարակութիւններով։ Ձեռագիր ու տպագիր գրքերից բացի Զմմառի վանքն ունի նաև զոյգ դիւաններ։ Մայրավանքի դիւանատան պարունակեալ շուրջ 600 տուփերում պահպանւում են գրեթէ երկուսուկես դար միջինարևելյան պատմութեանը վերաբերող փաստաթղթեր, ազգային-եկեղեցական պատմութեանն առնչուող վաւերաթղթեր, օրագրութիւններ, միաբանների կենսագրութիւններ, կալուածաթղթեր, կոնդակներ, պետական պաշտօնագրեր, նամակներ և բազմաթիւ այլ մեծարժէք թղթածրարներ։

Չորրորդ համագումարի ընթացքում ներկայացրեցի  մեր Վանքում  2015–2016 թուականների ծաւալած աշխատանքների մանրամասնութիւնները՝կապուած գրադարանի թուայնացման աշխատանքների հետ:

Զեկոյցս մասնաւորապէս  Զմմառի հնատիպ գրքերի ցուցակագրման ուղղութեամբ տարուող աշխատանքների մասին էր,որի մասին խօսել էի նաև նախորդ տարիներին: Գրքերի և մատեանների ցուցակագրումը կարևոր նախապատրաստական քայլ է միջգրադարանային համագործակցութեան համար, որը փորձում ենք  արդիւնաւէտ դարձնել մի հետաքրքիր գաղափարով՝ ստեղծել համահայկական էլեկտրոնային գրականութեան  շտեմարան,  որի մէջ կը տեղադրուեն աշխարհի տարբեր անկիւններում գտնուող հայկական հնատիպ արժէքաւոր գրքերի թուայնացուած տարբերակները թէ՛ գրադարաններից, թէ՛ անհատ մարդկանց հաւաքածուներից: Սա կլինի ոչ միայն անփոխարինելի համացանցային մատենադարան, հոգևոր և աշխարհական գրականութեան գանձարան, այլեւ՝ համագործակցութեան հիանալի մի դաշտ, որտեղ գրադարանները իրենց ռեսուրսներով կօգնեն միմեանց, կիմանան, թէ որն է արդեն թուայնացուած, կրկնակի աշխատանք չեն կատարի և կը փոխանակուեն գրականութեամբ՝ համալրելով իրենց գրական հարստութիւնը:

Այս պահին Զմմառում կան երեսունից աւելի հնատիպ գրքեր, որոնք բացի մեզ մօտ լինելուց, ոչ մի տեղ չկան: Ազգային գրադարանից փափագ յայտնեցին, որ այդ հնատիպները արագ թուայնացնենք, որ իրենք ևս կարողանան օգտուել այդ եզակի նմուշներից:

Մեծի Տանն Կիլիկիոյ գրադարանում այս տարի թուայնացրեցինք  երկու կտոր գիրք, ցաւօք մենք չունենք թուայնացնող  սարքը: Մեր աշխատանքներն ուշանում են միջոցների և մասնագէտների սղութեան պատճառով:

Կարող ենք փաստել, որ համաժողովը ծառայեց իր նպատակին՝ ստեղծելով  տարբեր գրադարանների փոխ համագործակցութեան նոր  եզրեր, համաժողովը   խթանեց նաև ապագայում  նոր ծրագրերի պայմանաւորուածութիւններ ձեռք բերելուն:

-Հայր  Մովսէս, համաժողովը առիթ դարձաւ, որ դուք ևս մէկ անգամ այցելէք Հայաստան: Ինչպիսի՞  փոփոխութիւն եք տեսնում Հայ Կաթողիկէ թեմում: Արդեօ՞ք ակներև են թեմում տարուած աշխատանքները:

-Այո, համաժողովն էր  առիթը  Հայաստան այցելելուս, որտեղ առաքելութեամբ երկար ժամանակ եմ գտնուել, եղել եմ Գյումրու և շրջակայ գիւղերի, նաև Տաշիրի և շրջակայ գիւղերի հայ կաթողիկէների ժողովրդապետ, մեծ ուրախութեամբ եմ ամեն անգամ վերադառնում այստեղ:

1998 թուականին երբ եկայ այստեղ, հոգևորականների խիստ սակաւութիւնն կար, անչափ ուրախալի է, որ թեմն այսօր համալրուած է երիտասարդ հոգևորականներով, նաև եկեղեցաշինութիւնն է լայն թափով առաջ գնացել: Տարիներ ի վեր Գյումրին չունէր առաջնորդանիստ եկեղեցի  և այժմ տեսնելով Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ հոգու ցնծութիւն եմ ապրում: Սա նշանակում է, որ  Հայ Կաթողիկէ  Եկեղեցին  զօրանում է, աճում է…սա այլևս փաստ է, որը շարունակական է լինելու:

Հարցազրոյցը վարեց Աննման Մինասեանը

 








All the contents on this site are copyrighted ©.